Սարաշխարհ (Տեսանյութ)

Դրախտների մի հավք է անցնում լեռնաշխարհի վրայով, կախարդական մի թռչուն՝ աչքերում նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքեր և փետուրների մեջ՝ Եդեմային հովիտների անաղարտ շունչը։ Նա երգում է ամպոտ բարձունքների վրա, և աստղերը՝ նրա երգով ներշնչված, մաքրվում են ձմռան թուխպ ու մշուշներից, հստակ ու երանելի շողում հավերժական լեռների Երկնքում։ Նրա թևաբախումից սարալանջերին արթնանում, շնչավորվում են խոտ և ծաղկունք՝ աշխարհը լցնելով անուշ բուրմունքներով։ Թևից զմրուխտե փետուր է ընկնում դատարկ, սարսռուն սարաշխարհին, և անտառները կանաչ սաղարթներ են հագնում, լցվում հեքիաթային խշշոցով։ Եվ աղբյուրներն են արթնանում քնած մանուկների պես, և մութ փչակներն ու ժայռախոռոչները լցվում են վայրի մեղուների տաք, բուրավետ ժխորով։ Անցնում է դրախտների թռչունը լեռնաշխարհի վրայով՝ սփռելով ներշնչանք, լույս ու շարժում։

Եվ սա գարնան առասպելն է, որ հազարավոր տարիներ կրկնվում է այս սարերում։

Արծիվները՝ բարձր ու մաքուր երկինքներում, մարդիկ՝ Երկրային իրենց չարչարյալ գոյության մեջ, սերնդեսերունդ պահպանում են նույնական ուժեղ և հրաշալի մի բնազդ՝ ծերանալիս մղվում են դեպի այն վայրերը, որտեղ հեռու մի օր ծնվել են և առաջին անգամ նայել աշխարհին։ Բոլորին չէ, որ բախտ է վիճակվում հասնել նախնական գոյության Երանելի եզերքները։ Ուժաթափ արծիվները հաճախ կործանվում են հողմերի շառաչներում, ծեր ու հոգնած մարդիկ կարոտի խուլ կանչերով շնչահեղձ փռվում են հեռավոր ճամփաների փոշիների մեջ, բայց հազարամյա բնազդը երկնքում և հողի վրա մնացյալ ապրողների ներսում մնում է ուժեղ ու կայուն։ Մենք՝ մանկության վայրերից բոլոր հեռացածներս, կարոտի որբեր ենք ուզենք, թե չուզենք, խոստովանենք, թե չխոստովանենք։

Մեզնից անգամ նրանք, ովքեր այլ վայրերում իրենց կյանքն ապրում են ճոխության ու շքեղության մեջ, վիթխարի առանձնատներում ու թանկարժեք ամառանոցներում, փրկված չեն մանկության ափերի հոգեմաշ կարոտից։ Եթե ոչ բարձրաձայն, ապա իրենց ներսում նրանք երանի են տալիս այն հեռավոր օրերին, երբ իրենց հոգին ազատ էր նյութական ու բարոյական ամեն տեսակ կաշկանդանքներից, լցված միայն սարերի քամու ազատ խշշոցով ու ծաղիկների բուրմունքով։

Կարոտը մարդու մեջ նույնն է, ինչ վայրի մեղրը ժայռի խոռոչում։ Հիշողության հնօրյա ծաղկունքիս նեկտարն ահա թանձր ու տաք բուրում է իմ մեջ, ու ես իմ հեռու վայրերում ամենքին ու ամեն ինչ թողած, գալիս եմ դեպի քեզ, սարաշխարհ, գալիս եմ զուլալ աղբյուրներիդ մեջ փնտրելու իմ մանկության գույնզգույն քարերը, գալիս եմ վերհիշելու, թե ինչպես էր ձորերից բարձրացող կաթնամշուշը սփռվում ծաղկոտ լանջերին և աստղերն ինչպես էին հանգչում մեռնող ծեր հովվաշների խոնավ աչքերի մեջ։ Գալիս եմ ու պիտի հասնեմ, քանի դեռ կարոտից շնչահեղձ չեմ տապալվել իմ հեռավոր ճամփաների փոշիների մեջ…

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Երկիր ծննդավայր»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.