Լույսը կգա Քրիստոսի հետ

ignatmamyanԵթե մինչ այդ սերը չկործանվի

«Առավոտի» հարցերը բանաստեղծ

Իգնատ Մամյանին

— «Ես թղթի վրա ժայռ նկարեցի, ու ժայռից բխած ծիրանի մի ծառ»: Քսան տարի առաջ գրած մի բանաստեղծության մեջ դու այսպես ես ներկայացրել Հայաստանի հակիրճ պատկերը: Իսկ այսօր…

-Դա Հայաստան բառանվան խորհուրդն է, որն ինձ համար երբեք չի փոխվելու: Իսկ Հայաստանի այսօրվա պատկերը բոլորիս համար, բոլորիս աչքի առջև նույնն է. մի վիթխարի տոնավաճառ, ուր խառնուխռիվ հորձանքով վաճառվում են երշիկ, ցավ, լուսամփոփ, կոշիկ, հիշատակ,վերարկու սեր, խիղճ, հաց, պատիվ և այլն: Տոնավաճառ, ըստ ամենայնի՝ իր լարախաղացներով, ձեռնածուներով, փերեզակներով, այլադավան ու այլաբարբառ դերվիշներով, միջնորդներով ու գողերով և, իհարկե, այդ բոլորի ոտքերի տակ տրորվող թշվառ մուրացկաններով:

-Շատ մռայլ չե՞ս ներկայացնում գույները:
-Ո՛չ, բնավ: Եվ այդ աղմկոտ խառնամբոխից որևէ գողի, ձեռնածուի կամ փերեզակի թաղմանը տասնապատիկ շատ հուղարկավորներ են լինում, քան կային սիրելի Մհեր Մկրտչյանի կամ բնության մեծ երգիչ Համո Սահյանի թաղման ժամանակ:

-Ի՞նչ արած, երևի ժամանա՞կն է թելադրում ամեն ինչ:
-Համաձայն չեմ: Ժամանակը կարող է գիտնականին ու երաժշտին ստիպել, որ նրանք, իրենց վեհ գործը թողած, զբաղվեն շուկայական առևտրով: Սակայն նույն այդ մարդկանց չի կարող պարտադրել, որ նրանք փոխեն իրենց հայացքները չարի ու բարու, ստի ու ճշմարտության նկատմամբ: Պարզապես այդ ժամանակը հրաշալի պայմաններ ստեղծեց, որպեսզի չկայացած բոլոր հանցագործները կայանան:

-Եթե փորձես այդ ամենին նայել քաղաքականության աչքերով, երևի ամեն ինչ այլ կերպ երևա:
-Ես ամեն ինչին նայում եմ իմ սեփական աչքերով, իսկ քաղաքականությունը, որը վերոհիշյալ ամեն ինչի մեղավորն է, հիմնականում ոչ այլ ինչ է, քան պատեհապաշտների ժամանակավոր կացարան՝ ընդհանուր կոմունալ հարմարություններով, ուր սանհանգույցը անընդհատ խցանվում է: Ես ատում եմ քաղաքականությունը, հատկապես՝ տնտեսական կոչվող քաղաքականությունը, որն աչքներիս առաջ ավերում է երկիրը: Իմ գործն այն քննարկելը չէ, իմ գործը գրականությունն է:

-Այսինքն, ամեն մարդ պիտի ի՞ր գործով զբաղվի:
-Իհարկե:

Բայց դու նաև միլպետ ես աշխատել:
-Ճիշտ է: Մեկ տարի: Եվ ոչ թե որևէ տեղ, այլ հրաշալի ավանդույթներ ունեցող արվեստների քաղաք Դիլիջանում: Ինձ ուղարկողը գիտեր, որ ինձնից միլպետ դուրս չի գա, ես գնում էի դժվար ժամանակում իմ ուժերի չափով այդ ավանդույթները պահպանելու:

— Եվ ի՞նչ տվեց այդ մեկ տարին:
-Ինձ՝ մարդկային փոխհարաբերություններն այլ հարթության վրա տեսնելու փորձ և իմացություն: Խորապես զղջացի, որ մինչ այդ ամբողջ կյանքում ատել ու հայհոյել եմ ոստիկանությանը: Այդ բնագավառում ես ճանաչեցի ուժեղ և սկզբունքային մարդկանց, ովքեր ուրիշի կյանքի համար անվարան նայում են մահվան աչքերին և առաջին դատապարտողներից են ամեն տեսակ անբարո երևույթների՝ թե՛ իրենց, թե՛ այլ բնագավառներում: Իսկ թե ինչ տվեց Դիլիջանին իմ միլպետությունը, կարող եք հարցնել այդ քաղաքի բնակիչներին, հատկապես՝ գրողներին ու արվեստագետներին:

-Մեր կյանքի դժվար օրերը շարունակվում են, և թունելի վերջում դեռ լույս չի երևում: Քո կարծիքով, ի՞նչն է մեզ պահելու մինչև լույսի ժամանումը:
-Լույսը կգա Քրիստոսի հետ: Իսկ մինչ այդ, մեզ պահողը սերն է լինելու: Մեծ, հզոր սիրով ողողված հոգիները պարտություն չեն ճանաչում: Ես իմ մեջ այդպիսի սեր ունեմ:

-Իսկ ովքեր այլևս չե՞ն սիրում:
-Ուրեմն այլևս չեն ապրում, կորցնելու բան չունեն:

-Ես գիտեմ մի կնոջ, որի երկու որդիները զոհվեցին Ղարաբաղում: Քո կարծիքով, նա հիմա ապրու՞մ է, թե՞ չի ապրում:
— Իհարկե ապրում է, միայն կենսակերպն է ուրիշ:
Ապրում է հիշատակներով, իսկ հիշատակը սիրո ու լույսի գերազնիվ միաձույլն է:

-Դու տեսել ես պատերազմը. Ի՞նչն է նրանում ամենասարսափելին:
-Պատերազմում ամեն ինչն է սարսափելի: Ես այն տեսել եմ կարճ ժամանակ (խոսքը բուն մասնակցության մասին է) և ինձ հանդիպած ամենաահավորը գիշերը զարկված և առավոտյան հայտնաբերված պատանի զինվորների բաց, պաղ աչքերն էին՝ հառած 1994 թվականի փետրվարի 17-ի գորշ լուսաբացին:

-Ի՞նչ է բանաստեղծությունը:
-Սեր և տառապանք:

-Դու հավատու՞մ ես քո բանաստեղծությանը:
-Իհարկե; ՉԷ՞ որ իմ բանաստեղծությունը հենց ես եմ, ինքս ինձ ինչպե՞ս չհավատամ:

-Ներշնչանքը չի՞ խեղդվում առօրյա հոգսերի մեջ:
-Ո՛չ, ներշնչանքը շատ է բարձր, հոգս ու կարիքի մագիլները չեն հասնում նրան:

-Ո՞վ է քո ճանաչած ամենաուժեղ հայը:
-Կամիշլիի ավետարանական եկեղեցու առաջնորդ, ծայրագույն վարդապետ Անդրանիկ Այվազյանը: Նրան ճանաչում է նաև ձեր թերթի աշխատակից, բանաստեղծ Արմեն Շեկոյանը: Մեկ տարի առաջ, մի ամբողջ օր Տեր-Զոր անապատի մահաշունչ ավազներում թափառելուց հետո, մենք միասին հանդիպեցինք այդ հրաշք մարդուն: Ազգի համար ապրելու և գործելու իր ձևով այդ մարդն ինձ վերջնականապես համոզեց, մորմոքովով ու աղոթքով հավատ չի կայանա, որ հավատն ուժով է կայանում:

-Ամիսներ առաջ դու հրաժարվեցիր Գրողների միության գրական Ֆոնդի տնօրենի քո պաշտոնից: Ինչու՞: Ղեկավարության հետ փոխհարաբերությու՞նն այն չէր:
— Հրանտ Մաթևոսյանն ինձ համար միշտ եղել է հարգելի մարդ և մեծ գրող: Ֆելիքս Մելոյանի հետ տասը տարվա ընկերներ ենք: Ամեն ինչ բխեց ընդհանուր վիճակից՝ գրական Ֆոնդը դատարկ էր, ես՝ ամայության արքա: Չէի կարողանում նայել կարիքի մեջ խեղդվող մեր գրողների աչքերին, ուստի բարոյական ամեն ոք նույնը կաներ:

-Հետո աշխատանքի անցար «Հայանտառ» ՊՁ-ոմ: Ի՞նչ օրենքներ, ի՞նչ բարքեր էին տիրում այնտեղ:
-Այդ օրենքների ու բարքերի մասին ես մտադիր էի խոսել բացեիբաց, առանձին հոդվածով, բայց վերջերս բնապահպանության նախարարը փոխվել է, գուցե նաև վիճա՞կը փոխվի:

-Բանաստեղծությունների քո վերջին ՝ «Ոգեկանչ» գիրքը ծայրեծայր ոգու հավերժության մասին է: Ի՞նչ ես ուզում ասել:
-Ուզում եմ ասել, որ անիմաստ է ոգու ժամանակավոր կացարան մեր այս պատյան- մարմինների համար այսչափ երկնչելն ու դողալը: Գնա Եռաբլուր, նայիր մեծն Անմահության աչքերին, ու տես ինչքա՜ն հեշտ կլինի երկրի համար, սիրած կնոջ համար, որդու համար, հորնումոր հիշատակի համար այն ջարդել – զոհաբերելը: Մանավանդ, եթե ինձ նման հավատում ես բնության մեջ հավերժորեն կրկնվելու ճշմարտությանը:

-Առաջին իսկ հարմար առիթով ինքնասպանության կո՞չ…
-Բնավ: Ես բոլորովին այլ բան եմ ասում: Իսկ ինքնասպանությունը սարսափելի բան է:Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում 685 մարդ ինքնասպան է եղել: Ահավոր փաստ է, քո ասած քաղաքականությունը պիտի այս փաստի առաջ քրտնի ամոթից:

-Ի՞նչ կուզենայիր:
-Որ Հայաստանից բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Ամեն մարդ զբաղվի այն գործով, ինչի համար ծնվել է: Ասպարեզը դատարկվի քաղաքական բախտախնդիրներից, ովքեր երկրի բախտն են շահարկում… Ես այս ամենի իրականացմանը հավատում եմ: Ես գիտեմ՝ կյանքը կյանք է դառնալու: Միայն թե մինչ այդ սերը չկործանվի:

Հարցազրույցը վարեց
Վ. Պետրոսյանը
«Առավոտ», 04/12/1998

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s