Ա Ն Ա Ռ Ա Կ Ը

8432701639Հայացքս շաղված, մարմինս հիվանդ
Եվ աչքերիս տակ — կապտավուն բծեր,
Աղոտ մի հույսով, թե վերջին պահին
Ճակատագիրն ինձ տեր լինի գուցե,

Ես փախչում էի մութ փողոցներով՝
Մահվան ոռնացող սարսափն իմ հոգում,
Ու իմ ետևից վառվող ջահերով
Հորձանք էր տալիս ամբոխն ահարկու։

— Լի՛րբ,- մռնչում էր ու նետում քարեր,-
Մեղանչած մարմին, մեղքերի խորան,
Քո պատճառով են երաշտ ու մորեխ
Չոքել մեր ծաղկած դաշտերի վրա…

Թաքնվում էի մի պահ նրանից՝
Ձուլված պատերի ստվերոտ կողին,
Թոքախտավորի իմ հազը սակայն
Մատնում էր դարձյալ իմ տեղն ամբոխին։

Եվ գալիս էին — ահեղ, մահացու,
Միջնորդ, ուղտապան, ծառա, զինագործ,
Սպասավորը սուրբ եկեղեցու
Բռնել էր ձեռքին կենդանի մի օձ։

Նա, որ զայրույթից ալեկոծվելով
Պահանջում էր ինձ կենդանի վառել,
Դեռ անցած գիշեր մեղմ շշնջալով՝
Սեր էր խոստանում և անգին քարեր։

Իսկ այն մեկը, որ արյունը հոգում
Խորհուրդ էր տալիս նետել քարափից,
Դանակ էր հանել մի օր պանդոկում,
Որ ինձ ետ խլի հարուստ արաբից։

Եվ էլի դեմքեր՝ դաժա՛ն, զայրալի՛ց,
Ծանոթ-անծանոթ, մոտիկ ու հեռու,
Որ թեժ հայացքով տենչում էին ինձ
Գինետների ծխոտ խավարում…

Ու քարկոծվելով՝ գնում էի ես,
Ու ետ նայելով՝ շրշում կիսամեռ.
-Այդ ի՞նչ հրաշքով դուք դարձաք այսպես
Առաքինության կատաղի քրմեր…

Ոռնում էր ամբոխն ու նետում քարեր,
Գալիս էր վայրի, կրքով մոլեգին՝
Առաքինության պատը մարմարե
Փրկելու իմ սև արտացոլանքից։

— Ոչի՜նչ,- ինքս ինձ ասում էի ես,
Երբ մի նոր քար էր մեջքիս հարվածում,-
Ամբոխը թեև սպանում է քեզ,
Բայց ինքն իրե՜ն է այսպես քարկոծում։

-Լի՛րբ,- քարերն էին իջնում շառաչով,
Անառակ ոգի, մեղքերի խորան…
Հետո ձայներն ու ցավերը տանջող
Խլացան դանդաղ, հեռացա՜ն, կորա՜ն…

Իսկ ամբոխի մեջ — դեռ կիրք ու ցասում,
Ջարդում էր անվերջ, խփում մոլեգնած,
Մինչև հանելով թունավոր լեզուն՝
Ժամհարի ձեռքից օձը շշնջաց.

— Էլ անիմաստ է մոլուցքդ վայրի,
Նա վաղո՛ւց դարձել փոքրիկ աղջնակ,
Թիթեռների հետ և մեղուների
Խաղում է ծաղկած խնձորենու տակ…

… Հետո ցուրտ մշուշ պատեց քաղաքին,
Անձրևներ իջան սառն ու կերկերուն,
Մարդիկ լաց եղան տանջալի մեղքից
Եվ կարոտեցին ինձ պանդոկներում։

Ամեն ինչ վաղո՛ւց մշուշ է ու հող,
Եվ հնչում է դեռ իմ հարցը տրտում.
-Ես կործանվեցի, բայց դու իմ մահով
Փրկվեցի՞ր, արդյոք, Առաքինություն…

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Վայրի մեղր»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.