ԵԿԵԼ -ԱՆՑՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՎ…

Bumerang-Հարյուր տարի հետո, երբ մենք բոլորս հանձնված կլինենք հողին ու քամուն, տեսնես ովքե՞ր կհիշվեն այս ժամանակում ապրողներից:

-Քչերը: Շա՜տ քչերը: Գրականությունից՝ մի Հրանտ Մաթևոսյան, երաժշտությունից՝ մի Տիգրան Մանսուրյան, երևի մի քանիսն էլ՝ Սարյանի և Վահրամ Փափազյանի հետնորդներից: Բոլորը միասին ազատ կտեղավորվեն երկնային հյուրանոցի միջին մեծության մի սենյակում:

-Իսկ քաղաքական ոլորտի՞ց:

-Այնտեղ հիշողության ընտրյալներ չեմ տեսնում: Հայտնի մուլտֆիլմի թութակի պես շատերը կճանկռտեն պատուհանները, բայց ոչ ոք ներս չի թափանցի: Որովհետև անմահության տունը հանրակացարան չէ:

-Դու երբեք չես խառնվել քաղաքականությանը: Հասկացանք: Բայց ժամանակը խիստ քաղաքականացված է, իսկ դու բանաստեղծ ես, հրապարակախոս, պիտի որ չկարողանաս, իրավունք չունենաս անընդհատ խուսափելու անխուսափելի իրականությունից:

-Քո ասած հրապարակախոսը «Ավանգարդի» ու «Գրական թերթի» հետ գնաց, բանաստեղծն է շատից-քչից մնացել: Ասենք թե ուզում եմ խառնվել, խոսք ասել, բայց ու՞մ ասեմ, ի՞նչ ասեմ: Հայհոյել, թույն շաղ տալ չեմ սիրում՝ դա տղամարդու իմ բնույթը չէ: Խառն ու ծանր ժամանակներ են, նոր-նոր ձևավորվող երկիր է, հազիվ նշմարելի կետ- կղզի ենք՝ աղետներով շառաչող հսկայական աշխարհի լաբիրինթոսում, դժվար է, շատ դժվար անսխալ նավարկելը, այսինքն՝ չհոշոտենք, չծվատենք իրար, ճակատ-ճակատի չլինենք, ուս-ուսի լինենք՝ տեսնենք՝ ուր ենք տանում այս անկախությունը կամ ուր է տանում այս անկախությունը մեզ: Կարկուտն ու հեղեղը ավիրեցին մեր գրեթե ամբողջ հողատարածքները, դառնաքրտինք գյուղացին շվար կանգնել է իր դատարկ դաշտի եզրին ու, ասենք, իմ հուսադրող խոսքն է ուզում: Բայց ի՞նչ ասեմ, երբ հաստատ գիտեմ՝ երկիրը հնար չունի նրան օգնելու: Հրապարակախոսի իմ ներկա լռությունը ավիրված դաշտի ու նրա հուսահատ տիրոջ արանքում տվայտող անորոշի մեջ է:

— Ինչո՞վ է շնչում այսօր գրականությունը, ստեղծվու՞մ են հիմնավոր արժեքներ, ու՞մ ես հավատում քո սերնդի բանաստեղծներից:

-Գրականությունը, ստեղծագործական մյուս ոլորտների նման, շնչահեղձ է լինում ժամանակի ծանր ու դաժան խթանների տակ: Օրական տասնյակ գրքեր են լույս աշխարհ գալիս, բայց դրանք բոլորը զիբիլ են, վառելու- թափելու բան: Իսկական արժեքները, եթե նույնիսկ կան, հեղինակի կենցաղային թշվառության պատճառով մնում են չտպագրված: Ասպարեզը գրական համբակներինն է, նրանցը, ովքեր տարիներ շարունակ դեղնած թղթապանակներով քարշ էին գալիս խմբագրությունների միջանցքներում և իրավացիորեն չէին արժանանում իրենց դժգույն տողերը տպագրված տեսնելու բախտին: Նրանք փող ունեն ու ահա այսօր վրեժխնդիր են լինում՝ շքեղ գրքերով հրատարակելով իրենց ողբալի կարոտասքերն ու փիլիսոփայական մտագարությունները: Քրջոտ մեռելներ՝ ոսկե դագաղների մեջ… Հրատարակելը դեռ ոչինչ, քանզի իսկական ընթերցողը, ի վերջո, տարբերում է որոմը հասկից, ցավը չափանիշների վայրագ ոչնչացումն է, որը, դժբախտաբար, կա: Ինչպե՞ս կգնահատես, օրինակ, այն փաստը, որ ճանաչված գրականագետն ու գրական բազմաթիվ մրցանակներ ստացած բանաստեղծը հեռուստաէկրանից փորձում է հարյուր հազարավոր մարդկանց համոզել, թե հանձին հիսնամյա մի խանութպանուհու, առաջին ինքնահրատ գրքույկով գրական ասպարեզ է իջել անվիճելի – անքննելի մի տաղանդ: Խնդրեմ, շիլան պատրաստ է, ոգու սով ունեցողը թող մոտենա…

Գրական մեր ավագ սերունդը շատ բախտավոր էր: Պատերազմի մասնակից կամ ժամանակակից լինելու փաստը շրխկացնելով՝ գրեց ու տպեց, գրեց ու տպեց: Տասը հազարով, քսան հազարով, հիսուն հազարով: Տասնամյակներ շարունակ հրատարակչական մամուլ- հոնորարի իննսուն տոկոսը նրանցն էր, մնացած տասը՝ ապրող ու մեռած մյուսներինը: Դրա շնորհիվ իմ սերնդի ստեղծագործական ճակատագիրը դառն ու դժվար եղավ (բացառությամբ մի խմբի, ովքեր 80-ական թվերի գրական առաջնորդի սիրելի տղաներն էին): Մենք էլ պատերազմ տեսանք, շատից – քչից մասնակցեցինք պատերազմին, բայց դա պետք չէր կապել ու չկապվեց մեր գրահրատարակչական խնդրին: Իմ սերնդի տղաներից ես հավատում եմ հրաշալի բանաստեղծ Հրաչյա Սարուխանին:

-Դու տնօրինում ես գրողների միության գրական ֆոնդը: Ի՞նչ ունի նա այսօր:

— Ընդամենը մի հին ու քայքայված «Սևան» ստեղծագործական տուն: Մեր՝ Հրանտ Մաթևոսյանի աշխատախմբի նախորդները գրական ֆոնդի մերը հիմնավորապես էնպես արեցին: Ցամաքաբերդի հրաշալի պանսիոնատը կերան, պոլիկլինիկան էլ կերան, «Նորք» գրատունը կերան: Մեր ամեն ինչը կերան: Ծաղկաձորի ստեղծագործական տունն էլ դարձավ առանձին դուստր ձեռնարկություն: Հիմա գրական ֆոնդը վերջին ջղաձգումներն է անում…

-Հետո դու՞ ինչով կզբաղվես:

-Օստապ Իբրահիմովիչի օրինակով՝ կերթամ կդառնամ տնային կառավարիչ:

vogekanch

-Հույս ունե՞ս, որ քաղաքապետը կընդառաջի: Բայց ցավից ենք խոսում, լուրջ մնանք: Իշխանության ու ընդդիմության արանքով, անորոշության այս մշուշների միջով ինչպիսի՞ն ես տեսնում Հայրենիքի ապագա պատկերը: Թե՞ այս թեմայով խոսելն այլևս զգայական ինքնախաբեություն է, ծիծաղելի սեթևեթանք՝ իբր Հայրենիքի ապագան պայծառորեն հստակ է, երջանիկ կյանքն՝ ահա-ահա կայացող իրողություն, և այլն…

-Ես հո Ազգային ժողովի պատգամավոր չե՞մ, որ Հայրենիքին նայեմ իշխանության ու ընդդիմության արանքով: Երկուսի հերն էլ անիծած: Հայրենիքին ես նայում եմ ժողովրդի հանապազօրյա տաոապանքի, Եռաբլրին սրբացած պատկերների միջով ու տեսնում եմ, որ տակավին անորոշ է նրա ապագան: Անկախության պարգևած հպարտությունը շատերի մեջ պարզապես հորթային հրճվանք է, որով տրտինգ են տալիս ժամանակիս տոնավաճառների խառնաշփոթում՝ ձեռքի հետ մի բան թռցնելով: Տնտեսագիտությունն իմ գործը չէ, երկրի կառավարումից գուցե թե բան չեմ հասկանում, բայց կարող եմ, չէ՞, հարցնել՝ մեր զավակներն ու թոռները ինչպե՞ս են մարելու մեր այսքան միջազգային պարտքերը: Կարող եմ, չէ՞, ծիծաղել՝ տեսնելով, թե մարզպետարանների ստեղծման առիթով Հայաստանի մի շարք կարիքախեղդ գյուղեր ու ավաններ մի գիշերվա մեջ ինչպես «քաղաք>> դարձան: Սա տրագիկոմեդիա է, դասական ինքնախաբեություն: Գյուղապետը երեկոյան քնեց ու առավոտյան արթնացավ քաղաքագլխի թիկնոցով՝ Սանչոյի գավառապետության քաղցր մշուշն աչքերում: Մարզպետարաններն ստեղծվեցին, և հիմա նախկին շրջկենտրոնների դատարկ հրապարակներում անտերության քամի է: Շատ ու շատ ծայրամասային բնակավայրեր վերջնականապես հանձնվեցին բախտի քմահաճույքին: Այս ինստիտուտը հաստատապես չի գործելու: Իսկ Հայրենիքի ապագան ես չեմ կարող գուշակել, այն իսկապե՛ս անորոշ է՝ մոլորված պատերազմի, թշվառության ու գայլային հղփացումների արանքում:

-Ո՞վ է, քո կարծիքով, իսկական հայը:

-Նա, ով իսկական հայ է նաև քո՛ կարծիքով: Ազգի տառապանքի մեջ ծառի պես տարուբերվողը: Նրան ես տեսել եմ Մհեր Մկրտչյանի դառնաշուք հուղարկավորության սակավամարդ թափորում, և նա Խորեն Աբրահամյանը չէր: Տեսել եմ ռազմաճակատի առաջին գծում զինվորների համար համերգ տվող երգիչների մեջ, և նա Էդվարդ Դարբինյանը չէր: Բոլոր նրանք (անվանի թե անանուն) ովքեր ճակատագրական ժամանակում երկիրը լքել են առանց ծայրահեղ հարկադրանքի, ողորմելի մորթապաշտներ են: Հոգու այլանդակությունը հասնում է նրան, որ այդ մակաբույծները հեռավոր երկրների իրենց տաք ու ապահով անկյուններից մեզ խորհուրդ են տալիս ինչպե՞ս սիրել հոգսերի մեջ տնքացող ազգին, ինչպե՞ս ապրել Հայրենիքում: Նրանք մեզ հետ, մեր կողքին չեն՝ ահա փաստը: Իսկ ով մեզ հետ չէ, մերը չէ: Եվ իզուր է, ասենք, Հայաստանի հեռուստատեսությունը առիթով-անառիթ փորձում Ամերիկա թռած իր նախկին աշխատակցին զարդարել ազգային գործչի զանգուլակներով:

-Ինչու՞ ես ամենքին ու ամեն ինչ ժխտում, մի՞թե մենք չունենք մի խելոք քաղաքական գործիչ, ազգին հույսի ու բարոյականության դասեր տվող նվիրյալներ: Վերջապես Ազգային ժողով ունենք, որի պատգամավորներին ինքը՝ մեծն ժողովուրդն է ընտրել…

-Քաղաքական բառից խորշում եմ, բայց գործիչներ ունենք: Վանո Սիրադեղյանը, որ ՆԳ համակարգում հանրապետությունը մաքրեց զինյալ բանդիտներից ու հիմա մայրաքաղաքն է մայրաքաղաք դարձնում, և Վազգեն Սարգսյանը, որ չեղած տեղից ազգային բանակ ստեղծեց: Բարոյականության ուսուցիչներին փնտրեք բուն ժողովրդի մեջ: Ինչ վերաբերվում է Ազգային ժողովին, ապա նրա գրեթե բոլոր պատգամավորներին ճանաչում եմ և ոչ մեկին չեմ հավատում: Նրանց մեջ ավելի շուտ Նեռ կհայտնաբերես, քան Հիսուս:

-Ընդամենը երկու անուն, մի՞թե էլ չկան:

-Խնդրում եմ պատուհանը ծածկես, միջանցիկ քամի է: Ի սկզբանե խնդրեցի, որ ինձ չփնտրես քաղաքականության մեջ, ես բանաստեղծ եմ, ինձ զգայական հարցեր տուր:

-Ե՞րբ է վերջանում մարդու կյանքը, երբ նա մահանու՞մ է:

-Ոչ, երբ դադարում է սիրել: Հոգին քարանձավ է դառնում, լցվում վայրի քամիների ոռնոցով:

-Ի՞նչն է, քո կարծիքով, ամենանողկալի բանը:

-Տղամարդու իգությունը, ձիու էշությունը, պոռնիկի բարոյաբանությունը:

-Այսքան խոսեցինք ու այդպես էլ չհարցրի՝ ի վերջո, ո՞վ ես դու:

-Մարդ եմ, եկել-անցնում եմ աշխարհով:

-Ինչի՞ համար ես ամենից շատ ափսոսում:

-Մինչև պատերազմը՝ կռունկների այն երամի, որ Ջողազի ջրամբարի մակերևույթը շփոթեց դաշտի հետ, իջավ ու կործանվեց: Հետո՝ այն սքանչելի պատանիների, ովքեր աչքերիս առաջ զոհվեցին պատերազմում: Նրանցից յուրաքանչյուրի աչքերի մեջ մի խեղդվող կռունկ էր թպրտում…

-Ի՞նչ է լինելու վաղը:

-Չգիտեմ: Եթե գուշակությանը հավատում ես, թերթիր Նոստրադամուսի գրառումները: Ես չեմ հավատում: Ես գնամ:

Հարցազրույցը՝ Հրաչուհի Փալանդուզյանի

©«Բումերանգ», 6-13 օգոստոսի, 1997

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s