«Հեռավոր զանգերի կանչը»

heravorzangerikanchyԶանգերը ժամանակների հեռվից ընթերցողին են հասցնում «Այրում» կայարանում անցյալ դարի 50-60-ականներին ապրած մի սերնդի ճակատագրի ղողանջները: Թվում է` հետպատերազմական զրկանքներով, ստալինյան բռնությունների իրողությամբ մթագնած ու անորոշ հույսերի այդ ժամանակաշրջանը այսօրվա ընթերցողին պետք է որ չհետաքրքրի. այժմ ապրում ենք բոլորովին այլ մի իրականության մեջ, երբ ապրողներին հուզողը մոտիկ անցյալի ու հոգսաշատ ներկայի թելադրած և հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներն են: Սակայն…

Սակայն եթե  «Հեռավոր զանգերի կանչը» գիրքը ձեռքն առնողը այսպիսի խոհերով այն ցած դնի` առանց ընթերցելու ամբողջական գեղարվեստական պատումի մեջ ամփոփված առանձին պատմվածքները, անշուշտ, կկորցնի իսկական գեղարվեստին առնչվելու, գրքից գեղագիտական հաճույք ստանալու մի լավ հնարավորություն:

Գրքի հեղինակ Իգնատ Մամյանը հայ գրականության մեջ իր տեղը հաստատեց որպես բանաստեղծ, սակայն իր մեջ կուտակված հսկայածավալ ասելիքը արտահայտելու համար չափածո խոսքը նեղ հնարավորություններ էր տալիս, ու անցումը արձակին եղավ ինքնաբուխ: Խոսելով Ավետիք Իսահակյանի արձակի մասին` գրականագետ Հրանտ Թամրազյանը շեշտում էր` սա արձակն է մեծ բանաստեղծի, և անգամ «Ուստա Կարոն» անավարտ վեպը ավելի շուտ արձակ բանաստեղծություն է: Բանաստեղծ Իգնատ Մամյանին ճանաչող ընթերցողը նրա արձակից այսպիսի սպասելիքներ ունենալով է բացում գրքերը: Սակայն համոզվում է` հայկական արձակը այստեղ իր լավագույն դրսևորումն է գտել:

Ու կարևոր չէ, թե ինչ ժամանակների դեպքեր են նկարագրվում, ինչ արժեքներով դաստիարակված կերպարներ են գծվում: Կարևորը գեղարվեստական այն ուժն է, որով այդ կերպարները տպավորվում են ընթերցողի հիշողության մեջ, այն անկաշկանդ հայերենը, որով դրանք մատուցվում են ու շարադրանքի` բնաշխարհին հարազատ համուհոտը: Իսկ ողբերգականի ու զավեշտականի համադրությունը, որոնք պատմվածքների մեծ մասի հենքն են, ընթերցողին ստիպում են անզուսպ ծիծաղի պահին տարվել աշխարհի չարի ու բարու, մարդու էության ու հայի տեսակի մասին մտքերով:

Իսկ բանաստեղծն այս գրքում արտահայտվում է, օրինակ, «Լեյլի ձիու տխուր ու սքանչելի պատմությունը» հուզիչ պատմվածքում: Բակունցի «Սպիտակ ձիու» հետ համեմատությունը հետո է ծնվում, որովհետև սա ոչ թե մեծ գրողից կրած պարզ ազդեցություն է, այլ համահունչ թեմայի վարպետ արծարծում:

Պատմվածքների հերոսները կայարանն ու նրա շուրջը տարածվող բնակավայրը կառուցողներն են` ճակատագրի բերումով այստեղ հայտնված մարդիկ:  Մտածողության, անհատականության ու ապրած կյանքի տարբերությունները այս կայարանի նույն միջավայրում ապրող մարդկանց հաստատել են այնպիսի մթնոլորտում, ուր նրանցից յուրաքանչյուրը կյանքն ապրում է իրեն տրված հնարավորությունների ու անհատական ներուժի սահմաններում` թղթի հաստությամբ միջնապատ ու ընդհանուր բակ, ընդհանուր բնակավայր ունենալու պարտադրանքով հաղորդակցվելով իրար հետ: «Բիջոն ծովափ է գնում» պատմվածքում պատմվածաշարի, կարելի է ասել, կենտրոնական հերոսներն են` բժիշկը, Գրիգորը, Բիջոն: Բարաքաշարը ամուր հիմքերով ու հաստատուն պատերով շենք չէ, ու նրա սահմաններում գյուրզա օձի հայտնվելը բնավ էլ պատահական չէ` «դատապարտված ենք օձի սարսափին»: Այդ սարսափը այս պատմվածքում նշված հերոսների կողքով է անցնում` նկարագրված իրադրությանը հատուկ դիպուկ պատկերներով ու հերոսների պահվածքի տիպական դրսևորումներով: Իսկ պարգևատրությունը լինում է Գրիգորի ու Բիջոյի ուղևորությունը ծովափ: Հաշմանդամ բժիշկը, որ աստծուց մոռացված այդ բարաքներում է հայտնվել Ֆրանսիայում գեներալ Դը Գոլի անձնական բժիշկը լինելուց հետո, «ծովի տղային»` Գրիգորին առաջարկում է մեկ անգամ ծովում լողանալու տանել նաև Բիջոյին: Սարկազմը, որ արտահայտվում է ծովափին մեծացած Գրիգորի խոսքերում, հնչում է իբրև իրավիճակի միամիտ արձագանք, սակայն խոսակցության շարունակությունը հավաստում է` հերոսը սրամիտ է ու խոսքի արժեքն իմացող: Բժիշկը դիմում է Գրիգորին. «Ես շինարարության պետին կասեմ` քեզ մեկ անգամվա աշխատավարձով պարգևատրի: Գնա և այս կյանքից դուրս մնացածին էլ հետդ տար, թող գոնե մեկ անգամ ծովում լողանա:

Բիջոն մի կերպ հասկացավ, որ խոսքն իր մասին է, և ներսում տաք ու անորոշ թրթիռ զգաց:

Էսպես ցեմենտի մեջ կորած` տանեմ մտցնեմ ծո՞վ, ես հո իմ երկրի թշնամին չեմ, բժիշկ, ընդդիմացավ Գրիգորը: Ծովում լողանալուց առաջ սա պիտի մի քանի ամիս սապնաջրի մեջ լողանա, թե չէ ծովը կպղտորվի…

 Քո ծովը հեչ էլ ինձ պետք չի, նեղացավ Բիջոն, չորս տարի առաջ Սևանա լճում լողացել եմ` հերիք է:

 Դրանից անմիջապես հետո էր, որ լճի կենդանական աշխարհն սկսեց ոչնչանալ անհայտ ու անորոշ մի հիվանդությունից, խայթեց Գրիգորը»

Օձի սարսափով սկսված պատմվածքը ավարտվում է երգիծանքի հերթական չափաբաժնով: Այն տաք ու անորոշ թրթիռը որ Բիջոյին պարգևում են բժշկի խոսքերը, ծովափին մեկ օրում վերածվում է ձանձրույթի, իսկ արձակուրդը վեր է ածվում բետոնապատման նույն ծանր աշխատանքին, որից հանգստանալու էր եկել ծովափ: Բիջոյի մյուս օգուտն էլ 1000 ռուբլի աշխատավարձը ու ստացած մնացած գումարին Աստղո կնոջ համար գնած նվերներն են լինում: «Այնուհետև մի քանի տարի Բիջոն ու Գրիգորը ծովափ էին գնում` թոթափվելու ամբողջ տարվա ծանր աշխատանքի հոգնածությունից:

-Ձեր գինը լավ գիտեք, նախանձով ասում էր արհտեղկոմի նախագահը` ստորագրելով նրանց նյութական օգնության դիմումները»:

Դետեկտիվ` խուզարկուական ժանրը այս գրքում արտահայտվել է «Սպանության վարկած» պատմվածքում: Ցեմենտի աշտարակի մոտ գտնված թուրքի դիակի հանգամանքները բացահայտելու գործով կայարան ժամանած քննիչ Աղոյանը, թվում է, պարզապես ապաշնորհ խուզարկու է ու ի վիճակի չէ նկատել ու վերլուծել կարևոր մանրամասները, որոնց գյուղի սովորական բնակիչներն անգամ հասու են: Իրավիճակը բացահայտվում է վերջին դրվագում, երբ ինքնակամ ցուցմունք տալու է ներկայանում քննիչի ցուցակի վերջինը նշված Բեգոյան Վահրամը: Ու Աղոյանի` կաշառակեր, կեղծ մեղադրանքներ սարքող, հեռանկարային երիտասարդների կյանքը խորտակող քննիչի կերպարը գծվում է նրանց երկխոսության պահին: Աղոյանի ջանքերի գնով բանտում հայտնված ու վերջերս միայն դուրս եկած Վահրամը գիտի` քննիչի նոր ջանքերը իրեն նորից կալանավայրում փակելուն ու դրանով իսկ իր բերանը փակելուն են ուղղված: Այրումաբնակ թրքուհի սիրուհուն այցելած ու այդ ժամանակ ինֆարկտից մահացած թուրքի գործի մասին պատմող այս պատմվածքի ավարտը նման է նովելի.

«…Տեղամասային տեսուչը վերադարձավ և ասաց, որ Սամիր Քամիրովան Այրումում չէ: Հարևաններին ասել է` հեռագիր է ստացել, որ մայրը ծանր հիվանդ է, և շտապ մեկնում է Սումգայիթ ու թե երբ կվերադառնա` կախված կլինի մոր վիճակից: Կայարանի փոստային բաժանմունքում ասացին, որ ոչ մի նման հեռագիր Այրումում չի ստացվել:

Քննիչը գնաց: Ասաց` գնում է վերադասին զեկուցելու գործի ընթացքի մասին: Գնաց ու այլևս չվերադարձավ»:

«Հոր թաղումը» պատմվածքում երգիծանքը, կարելի է ասել, հասնում է գագաթնակետին: Հարուստ ժառանգ դառնալու հույսերով հորը գտած ու իրենից ավելի աղքատ լինելու իրողությունից խորապես հիասթափված Բիջոյի «հայրապատումը» հիրավի արժանի ավարտ է ունենում: Հոր բնակավայր Փամբակից ստացված հեռագիրը հաղորդում է այն աներևակայելի սպասումների մասին, որ ունեն փամբակցիները հանգուցյալի որդուց. հոգալ շքեղ թաղման ծախսերը, վճարել թանկարժեք դագաղի համար, լեգենդ դառնալու արժանի հոգեհաց տալ, արվեստագետների մրցույթում հաղթած հուշարձան կանգնեցնել գերեզմանին, առատ ողորմություն բաժանել «տեղիս աղքատներին» և այլն, և այլն: Պատմվածքի պատանի հերոսը, որ գրագիտության շնորհիվ ինքն է հաղորդում հեռագրի բովանդակությունը, խեղճացած Բիջոյի համար պարզաբանում է այսօրինակ հեռագրի տրամաբանությունը. «Սա նշանակում է, որ հայրդ իր Փամբակում քեզ ներկայացրել է առնվազն միլիոնատեր ու բարեգործ, և Աստղոն գլուխդ ջարդելու է…»:

Բիջոյին ծանր վիճակից հանում է հնարամիտ բժիշկը` համահունչ բովանդակությամբ պատասխան հեռագիր ուղարկելով Փամբակ, որտեղ նշում է, թե Ժորա Վարոսյանը (Բիջոն) բարեգործական խնդիրներով երկու տարով բացակայելու է, ուստի հանգուցյալի կամքը բնավ չի արհամարհվի, որդու արժանապատվությունն էլ չի վիրավորվի, եթե հեռագրում նշված կետերը  փամբակցիներն իրենք իրագործեն: «Դե տար կայարան, թող հաղորդեն: Ասա` այնպես տվեք, որ փողը մուծի ստացողը: Ինչպես իրենցն էր»,  եզրափակվում է պատմվածքը:

Ալավերդու գարեջրատան առաջ համլետյան հանրահայտ երկընտրանքի «մտնե՞լ, թե՞ չմտնել» տարբերակում առաջինն ընտրելու իրողությունը «Պահանջմունք» պատմվածքում իսկական փորձանք է դառնում Բիջոյի գլխին: Ախր Ալավերդին Այրում չէ, ու երբ Աստղոյից թաքուն խմած գարեջուրը երիկամներում բնական վերափոխման է ենթարկվում, զուգարան գտնելը խաղ ու պար չէ: Թէ չէ մեկ էլ տեսար ալավերդցի լվացք անող կնոջ նման ասածդ սխալ կհասկանան, ու փորձանքը պատրաստ է, եթե, իհարկե, ոտքերդ դեռ չեն կորցրել արագ քայլելու ընդունակությունը: Իսկ Բիջոյի ոտքերում, պարզվում է, այնքան ուժ կա, որ մինչև քաղաքի ունիվերմագ կարող է քայլել: Այնտեղ էլ, ինքներդ եք հասկանում, ամեն տեսակի ապրանքների հետ վաճառքի են հանված նաև… զուգարանակոնքեր:

Երբ Ալավերդի կնոջ համար դեղատոմսով դեղ գնելու մեկնած Բիջոն 15 օր անց վերադառնում է Այրում` պատահական մի դեղ գրպանում,  «շռան» անունն իրենից շուտ տեղ էր հասել: Դե ինչ, եղածը եղած է, իսկ կյանքը շարունակվում է, որովհետև` «Հանգիստ, երանելի սուլոցով կայարանով անցնում էր»  գիշերվա վերջին գնացքը»: Սակայն մի  միտք, այնուամենայնիվ, հանգիստ չի տալիս ընթերցողին` բնության զավակ մարդը ինչպե՞ս է կարողանում հարմարվել բնությունից այդքան հեռացած քաղաքային կյանքին….

Գրքի բարձրակետը, թերևս, ամենավերջին` «Երամի վերջին կռունկը» պատմվածքն է: «Իմ հորեղբայր Մանուկը վերջ, այլևս չկա դրախտային ձորով անցնողների երթում»: Ձորում, որ կյանք է առել այն երամի ձեռքերով, որոնցից վերջինը 75 տարեկանում հեռացել է կյանքից, միայնակ մնացած  կռունկի ճախրը ընդհատվել էր բնության օրենքով: Իսկ 90ամյա ծերունին 75ամյա հանգուցյալի մասին հարց է տալիս` այս ջահելն ինչի՞ց մեռավ: Ու մահը կաղնու պես շառաչով ընկած որմնադիր Մանուկի` Այրում քաղաքի արևային պատմությունն իր թևերին տանող ուժեղ ու պատվախնդիր երամի վերջին կռունկի, դեպքերն առաջին դեմքով պատմող հերոսի համար դառնում է անցավորների թանկ հիշատակին առնչվելու, կյանքի ու մահվան հավերժական առեղծվածն արծարծելու բանալի.

«Ապրողները թափորի մեջ են, մեռյալները` գերեզմանոցում: Թափորը գերեզմանոցում` ահա այն պահը, երբ կարող ես առնչվել հին ու սիրելի բոլորին: Ոմանց` թափորի մեջ, ոմանց` պաղ շիրմաքարերի վրա: Եվ ցավագին հարցումից հետո կարող ես որոշել քո ճշգրիտ տեղը բնության մեջ: Ես հոգնած, շատ հոգնած էի և ակամա թեքվում էի դեպի շիրմաքարերը: Գրեթե կենդանի զրույց ունեցա իմ ընկեր Ֆելիքսի հետ, հարցուփորձ արի տղերքից  և ի վերջո հասկացա, որ կորուստների ցավից տնքացող մարդկային գոյությունը ոչնչով գերադասելի չէ ԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ խաղաղ, անտերունչ իրողությունից, և ես ճիշտ չեմ ապրել իմ կյանքը` անվերջ դողալով կործանվելու սարսափից: Չեմ հասկացել պարզ ճշմարտությունը, որ կյանքը և մահը կեղծ կատեգորիաներ են. կա միայն ընթացքը մեծ ժամանակի միջնապատերի միջով, և պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա, և դու խառնվես Լույսին»…

Հորեղբոր թաղումից հետո հերոսը մնում է «ամայի գերեզմանոցում` միայնակ կանգնած սիրելի մեռյալների խուլ շշուկների մեջ, և ձորի թանձր մառախուղի միջից կենդանի ու իրական լսեցի խելագար գնչուի քրքիջը. ձորի բոլոր ժամանակներից նա ծիծաղում էր իմ ու աշխարհի վրա»:

Ընթերցողը այս գլխից հետո պիտի որ մելամաղձոտ տրամադրությամբ փակեր գիրքը, սակայն վերջին միտքը ցրում է անցավոր աշխարհում տիրող բարքերի ու ցավի, կորստի ու ունայնության տրամադրությունը:

«Ոսկան Երևանցի» տպագրատանը պետական պատվերով կյանք առած «Հեռավոր զանգերի կանչը» գիրքն արդեն ընթերցողի տրամադրության տակ է: Ու ընթերցողի մեջ մեր իրականությունում արժեքավոր նոր գիրք ունենալու ուրախությունը և դրանց հեղինակին դեպի հավերժություն ճանապարհած լինելու ցավն այնպես են համադրվում, ինչպես ծիծաղն ու թախիծը` այս գիրքն ընթերցելիս: Սակայն Լույսը, որ ապրողների աշխարհում մնացած այս գիրքն է  արձակում, անհամեմատ ծանրացնում է ծիծաղի նժարը, ինչպես որ վաղուց մեռած գնչուի իրական ձայնն է ծիծաղով լցնում ձորի ամայությունը…

Ա. Փալանդուզյան
«Երևան. 7 օր», 28/12 2008թ

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.