Բ Ա Ռ Ը (Տեսանյութ)

eveningՆա ինձ երևաց կաղնու ստվերում՝
Անձրևի կապույտ շղարշը հագին,
Մի ձեռքով լույս էր խոտերին ցանում,
Մյուսով շոյում եղնիկի ձագին։

Մոտ արի, ասաց, մի վախեցիր, գառ,
Երբվանի՜ց այստեղ քեզ եմ սպասում…
Եվ արցունքներս սրբեց քնքշաբար,
Եվ տարածելով ձեռքը մշուշում՝
Ինձ տվեց մի բուռ կայծկլտուն ասուպ։

Մենք շրջում էինք մթնող անտառում
Եվ ասում էր նա աղբյուրի ձայնով.
Ես եմ ամոքում ու մխիթարում,
Սանձում վշտերի հողմը կործանող,
Հավերժությունը ես եմ զարդարում
Քամու նվագով ու ծիածանով։

Հիմա երկիրն եմ արարել, ասաց,
Երկրային կյանքը՝ ներդաշնակ ու հաշտ,
Հողն՝ արդարության լույսով շաղախված,
Արևը՝ շռայլ, մարդիկ՝ բարեպաշտ։

Սակայն ամեն ինչ կատարյա՞լ է, թե՞
Հարկ է լինելու ներշնչվել կրկին…
Անհրաժեշտ է, որ մեկը այնտեղ
Հետևի մարդու սեր ու տենչանքին,
Ու թե ցավերը հոգին տվայտեն,
Ինձ հասու անի նրա տանջանքին։
Եվ մշուշներից կանչել եմ ահա,
Որ քեզ ուղարկեմ երկրային կյանքի։

Հիշիր, շշնջաց մի բառ գաղտնացոլ,
Եվ ասաց, որ այդ բառը հնչելիս
Հողմը լռում է, ամպրոպը թախծում,
Ջրերն ակունքից հորձանք են տալիս,
Ու սաղարթները խշխշացնելով՝
Կաղնիներն իրենց բներն են բացում։

Թե չարության դեմ բարին նահանջի,
Թե լույսը տանջեն խավար ձեռքերով,
Եվ պատվեն դաշտերն ու ջրերը ջինջ
Անարդարության մռայլ ցրտերով,
Կգաս ու թխպոտ ծառերի միջից
Դուրս կկանչես ինձ մոգական բառով։

Ես կհայտնվեմ այս պահի նման,
Դու ինձ կպատմես աշխարհի հալից,
Ու ես՝ փոշմանա՜ծ,
Ու ես՝ մեղավո՜ր,
Տեսնեմ՝ սխալս ուղղելու համար
Խեղճ գլուխս ի՞նչ քարի եմ տալիս…

… Եկա։ Տեղ տվեց իր տանը բարին,
Չարը նենգորեն իմ դեմ ծառացավ,
Ու երբ, հասկացած խորհուրդն աշխարհի,
Հետ էի գնում՝ մեջս սեր ու ցավ,
Դավադիր հողմը ինձ խփեց ծառին,
Ու ես մոգական բառը մոռացա՜…

Ո՞ւր ես, հայր իմ, հա՜յր,— անվերջ կանչելով,
Ա՜խ, թավուտներն եմ սուզվում անձրևած,
Կաղնիների պաղ բներն եմ բախում…
Ձայնս հանգչում է մշուշներում թաց,
Եվ կաղնիները խուլ հառաչանքով
Ցուրտ կաթիլներ են ուսերիս մաղում։

Հարցում անելով քամուն, աստղերին,
Գալիս եմ աշխարհ, աշխարհից գնում,
Ու… չեմ հավատում ես գուշակներին,
Թե՝ Աստծո մատը խառն է այս բանում։

Բուքը ոռնում է աշխարհի վրա,
Անհայտ կորչում են նավերն օվկիանում…
Ձեռքս տանջանքով խփում ճակատիս,
Ուզում եմ հիշել անունը նրա
Ու սակայն հիշել չե՜մ կարողանում…
Այսպես խփելով ձեռքս ճակատիս՝
Գալիս եմ աշխարհ, գնում աշխարհից,
Դարերն անցնում են, ու ես չգիտեմ՝
Արդյոք կհիշե՞մ այդ բառը նորից…

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», 1991, «Նաիրի» հրատարակչություն

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.