Ես կգրեմ այդ բանաստեղծությունը…

aravot-Գուցե սկսենք այն պահից, երբ առաջին անգամ զգացիր կորստի ցավը:

— Դա իմ ամենահին, ամենատխուր ու ամենապայծառ հիշողության մեջ է: Սարերում սքանչելի մայրամուտ էր, և մայրամուտի միջով մեր աստղաճակատ ալվան եզը տանում էին մսամթերման: Սարերն ինձ համար դատարկվեցին, առաջին անգամ զգացի, որ ԲԱՆ ԵՄ ԿՈՐՑՆՈՒՄ, ամբողջ գիշեր լաց էի լինում լեռնաձորի թանձր մոռուտում, աշխարհից թաքնված: Իսկ մոռուտում գազանի վտանգը շատ էր իրական, ու այդ գիշեր նաև հասկացա, որ ցավը հաղթում է վախին:

-50 տարին շա՞տ է, թե քիչ, քո կարծիքով դեռ քանի՞ կայարան ունես անցնելու..

-Տարիքի շատն ու քիչը Աստված է որոշում: Նա է որոշում նաև, թե կյանքի որ հատվածում է կայանալու քո աստեղային ժամանակը (եթե իհարկե քեզ համար նախատեսել է նման բան): Իմ բարեկամներից մեկը 50 տարեկանում մեռնում էր և չէր ուզում աշխարհից պարտված հեռանալ: Ասում էր՝ ի՞նչ է եղել որ. կան մարդկային ցեղեր, որոնց կյանքի միջին տևողությունը՝ 27 է, 35 է, 40 է… Ես այդպես չեմ մտածում: Իմ ապրած ժամանակի մեջ առաջին կեսը վայրիվերո է անցել, անխորհուրդ ու անծրագիր: Խաչուղիների իմաստուն ծերունին ինձ շատ ուշացումով հանդիպեց, երբ ինքս գտել էի իմ ճանապարհը: Չգիտեմ քանի՞ կայարան ունեմ անցնելու, բայց գիտեմ, որ իմ գլխավոր անելիքը այսուհետև պիտի անեմ: Ես նոր-նոր պիտի կարողանամ ամբողջապես զբաղվել իմ կյանքի գործով՝ բանաստեղծությամբ: Իմ լավագույն ստեղծագործությունները նոր պիտի ծնվեն:

-Ընկերներդ ու մտերիմներդ քեզ ներկայացնում են որպես մեծ հումորով առլեցուն, ուրախ մարդ: Դա իրո՞ք այդպես է:

-Հումորից զուրկ մարդն անապատի չոր փշաթուփ է: Հումորը կյանքի աղն է. ես այն ժառանգել եմ հորիցս: Ասել, թե ես շատ ուրախ մարդ եմ, այնքան էլ ճիշտ չի լինի: Ահավոր են այն պահերը, երբ ինձ պատում է Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ՝ համաշխարհային թախիծը: Առանձնության մեջ ես միշտ տխուր եմ՝ շաղախված հին ու նոր կորուստներիս հիշողությամբ: Ես աշնան վառվռուն տերևներով ծածկված ջրափոս եմ, դուրսս ծիծաղ է, ձեռք տվեցիր՝ մատներդ կթաթախվեն թախծության ջրի մեջ…

— Ասացիր՝ խաչուղիների իմաստուն ծերունին ինձ շատ ուշացումով հանդիպեց: Այսինքն՝ հովանավորներ, բարի առաջնորդներ չե՞ս ունեցել. ազա՞տ ես հոգու պարտքերից…

-Հիշում եմ միայն Վահագն Դավթյանի բարյացակամ վերաբերմունքն իմ բանաստեղծության նկատմամբ, և՝ ուրիշ ոչինչ:

-Եթե որևէ բանի հասել եմ, ապա միայն ինքս ինձնով, իմ ուժով ու համառությամբ: Եվ ինձ հրաշալի եմ զգում, որ հոգու պարտքեր չունեմ, ոչ ոք չի կարող կանգնել դեմս և երեսիս շրխկացնել, թե քեզ համար այսինչ ճակատագրական բանն արեցի: Մարդկայնորեն պարտական եմ միայն կնոջս, որն իմ տպագրած առաջին բանաստեղծությունից մինչև այժմ նվիրվածորեն կիսում է կյանքային ու ստեղծագործական բոլոր տառապանքներս:

-Մրցանակներ, կոչումներ, արտասահմանյան ուղևորություններ…

— Այդպիսի բաները գրական առաջնորդների սիրելիների համար են նախատեսված: Այդ զանգուլակների փոխարեն իմ կյանքը զարդարված է եղել հրաշալի սերերով, որոնք ինձ ներշնչել են մաքուր բանաստեղծության կախարդանքը:

-Ո՞րն է գրական գործընթացում ամենածիծաղելի երևույթը և որը՝ ամենատխուրը:

-Ամենածիծաղելին՝ երբ ավանակի վարգին համահունչ ներշնչանք ունեցողը փորձում է փառաբանել ազատ ձիու հրաշալի սլացքը: Ամենավատը ՝ երբ այդ ողորմելի փորձը համարվում է ստեղծագործական նվաճում:

— Ի՞նչ կասես շքեղորեն տպագրվող այն գրքերի մասին, որոնց հեղինակները… անհայտ անուններ են:

-Թշվառ մեռելներ՝ ոսկե դագաղների մեջ. մեծագույն ամոթանք:

-Հայաստանի գրողների միությունը շուրջ 500 անդամ ունի: Մեծ թիվ չէ՞ այս փոքր հանրապետության համար:

-Եթե տասը անգամ կրճատենք, կստանանք իսկական գրողների մոտավոր թիվը: Մեր «Գրական տեղեկատուն» ինձ հիշեցնում է ինքնաշեն, ծուռումուռ պատշգամբներով հանրակացարան, ու նեղլիկ սենյակներում ամփոփված կարգին գրողների հարևանությամբ հանգրվանել են հենց այդ գրողների դեմ մարտնչած նախկին կենտկոմականներ, 30-ական թվերին ձախողված ինքնուսներ, և այլն: Հարկավոր է ստեղծել ուժեղ, սկզբունքային մի հանձնախումբ և հիմնավորապես վերանայել տեղեկատուն:

— Քո ապրած 50 տարիներից կարո՞ղ ես առանձնացնել ամենասարսափելի օրը:

-1991 թվի մայիսի 7-ը, երբ տանկերով շրջափակված Ոսկեպարի անտառից Նոյեմբերյանի հիվանդանոց բերվեցին գիշերը գազանաբար սպանված մեր 14 տղաների դիակները: Որոշ մարդկանց խղճի վրա նրանց արյան ցայտերը կան, և այդ մարդիկ մի օր պատասխան պիտի տան…

— Քո ստեղծագործություններում, հատկապես «Հիշողության կղզիներ» գրքում, վիթխարի սեր կա առ ծննդավայրդ, այդ լեռնաշխարհի մարդիկ: Հնարավոր չէ՞ր ամբողջ կյանքը մնալ նրանց հետ, քո պաշտած կաղնիների խշշոցի տակ: Ինչու՞ եկար մայրաքաղաք:

— Հնարավոր էր, բայց կաղնու տակ ասված խոսքը կաղնու տակ էլ մնում է: Եկա, որպեսզի պատմեմ նրանց մասին, և բոլորը լսեն: Հետո ծերացած արծվի օրենքով վերադառնալու եմ իմ լեռնաշխարհը, և ճշգրիտ գիտեմ այն տեղը, որտեղ թաղվելու եմ:

— Կյանքում ի՞նչն ես ամենից բարձր գնահատւմ:

— Իմ կյանքում ինձ համար՝ տղամարդկային արժանապատվությունը: Եթե այն ոտնահարվի, ես ինձ մեռած կզգամ: Բայց ոչ ոքի թույլ չեմ տա ոտնահարել:

— Ո՞վ է քո ճանաչած ամենամեծ նվիրյալը:

— Վիրաբույժ Արցախ Բունիաթյանը: Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից ռազմաճակատում էր, հարյուրավոր ազատամարտիկների կյանք է փրկել: Այժմ էլ գլխավորում է Լաչինի իր ստեղծած հիվանդանոցը: Նա մեծ հայ է:

— Քո կարծիքով, մեր այս ժամանակում առավելապես ինչի՞ համար պիտի ցավենք ու ափսոսանք:

— Խղճի պակասի: Երկրում տիրող գաղափարական հուժկու բախումների, հոգիների անարյուն, բայց հույժ ցավոտ պատերազմի թոհուբոհում մարդկային այդ հզոր զգացմունքը լիցքաթափված ու ավելորդված մղվել է կյանքի փակուղիները:

Դաժանությունը կարծես թե նվաճում է երկիրը, իսկ դա ողբերգական է, դա բարոյական մոտալուտ կործանման վկայություն է: Դրա առաջը պետք է առնել, եթե ուզում ենք մարդ մնալ, ազգ մնալ, ժողովուրդ ու երկիր մնալ: Նոյեմբերյանցի Հրանտ Գաբրիելյանի բազմանդամ ընտանիքը կես տարուց ավելի է՝ ապրում է խավարի մեջ, փող չունի լույսի համար վճարելու: Փորձիր նրա երեխային ներշնչել մեր լուսապայծառ ապագայի հավատը: Զուր չարչարանք կլինի: Իսկ եթե խիղճն իր տեղում մնար, տարածքի մեծահարուստներից որևէ մեկը կստանձներ իր համար չնչին այդ նյութական զոհաբերությունը: Կոնկրետ մուրացկանությունը ինձ չի վախեցնում: Նախ՝ որ այս երևույթի մեջ առկա է խիղճը խաբելու գետնաքարշ միտումը, հետո՝ աշխարհի բոլոր եկեղեցիների բակերը «զարդարված են» մուրացկաններով. ի՞նչ կա որ: Ես ի սրտե ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր իրոք մուրացկանի վիճակում են, բայց ատամները սեղմելով կարողանում են պահպանել իրենց օջախի, թեկուզև ավելորդ դարձած մասնագիտության, երբեմնի բարձր ու շքեղ նպատակների պատիվը: Բայց մինչև ե՞րբ. այս հարցին պարտավոր են պատասխանել երկրի տերերը: Նաև խղճի պակասից չէ՞, որ մենք, բաժան-բաժան եղած քաղաքական խմբավորումներս, կարողանում ենք իրար նայել ոխերիմ թշնամու հայացքով…

— Վերադառնանք ստեղծագործական աշխարհ: Քեզ համար ովքե՞ր են այսօրվա գրական մեծությունները:

— Կա միայն մեկ գրական մեծություն՝ Հրանտ Մաթևոսյանը, որի ժամանակակիցն ու գործընկերը լինելու բախտն ունեմ:

— Միայն մե՞կ, իսկ մյուսնե՞րը…

— Համո Սահյանը կասեր՝ նրանք գրում են, դուք էլ կարդում եք…

— Եվ մի վերջին հարց. ի՞նչ կուզենայիր աշխարհից:

-Մի լավ ձի լիներ, արևային ցոլքերով ծփացող հարազատ տափաստան: Ձիու գլուխը բաց թողնեի ու բաշը քամուն տված գնա՜ր, գնա՜ր, այնքան գնար, մինչև ես վերջանայի: Ինքն ու տափաստանը մնային. ու դարձյալ շարունակեր իր սքանչելի սլացքը դեպի մաքրամաքուր հորիզոնները…

— Դա այն բանաստեղծությու՞նն է, որ դու երազում ես գրել:

— Այո՛: Ես անպայման կգրեմ այդ բանաստեղծությունը…

«Հայաստանի Հանրապետություն», 13/09 1997թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.