ՏԵ՛Ր ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԻՆ

ignathmayakimamyan

Հարցազրույց բանաստեղծ, հրապարակախոս, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻ հետ
«Ժուռնալիստ» 09/1988

-Եթե  գաղտնիք չէ, Ձեր մեջ արդյո՞ք հաշտ ու խաղաղ են ապրում բանաստեղծն ու ժուռնալիստ- հրապարակախոսը:

-Ո՛չ: Երբեմն ամիսներով ոչ մի տող բանաստեղծություն չեմ գրում: Չի գրվում: Հրապարակախոսը ճնշում է բանաստեղծին իր հրատապ պահանջներով, ցավոտ հարցադրումներով: Այդ ինքնազրույցը հաճախ չափազանց սուր բնույթ է կրում: Օրինակ, հրապարակախոսն ասում է. «Դու կրքոտ բանաստեղծություն ես գրում ավերվող անտառի մասին, բայց, խոսքդ որքան էլ ճշմարիտ լինի ու անկեղծ, ասված է բանաստեղծությամբ: Ոչ մի պետական հիմնարկ չի նստում բանաստեղծություն քննարկելու, մանավանդ՝ նրա պատմած ցավի մեջ իրեն մեղավոր ճանաչելու: Չե՞ս կարծում, որ նման ասելիքներդ հրապարակախոսությա՛մբ պետք է ներկայացնես…»: Բանաստեղծն ընդվզում է՝ ես ուզում եմ գրել ոչ թե օրվա, այլ ժամանակի համար: Բայց հրապարակախոսը, որն այստեղ ճշմարիտն է, վեճն ավարտում է հաղթական եզրահանգումով. «Ժամանակը գոյանում է օրերի միացությունից»: Եվ ամիսներով բանաստեղծություն չի գրվում: Չեմ գրում: Գտնում եմ, որ մոր մասին ձոն գրելուց առաջ պետք է հոդված գրել ծերանոցներում թախծող որբ մայրերի և նրանց անարժան զավակների մասին: Ծաղիկների հմայքը երգելուց առաջ պետք է խորհել, թե վերջին կես դարում վայրի ծաղիկների քանի՞ տեսակ է անհետացել բնությունից: Նույնիսկ սիրո մասին գրելուց առաջ պետք է մտածել՝ մեր ժամանակի մարդկանց հարաբերությունների մեջ այդ բիբլիական զգացմունքը արդյոք նույն վեհն ու մաքու՞րն է մնացել…

Բանաստեղծն ու հրապարակախոսն իմ ներսում հավերժական կռվի մեջ են: Պարտավոր եմ խոստովանել. այդ կռիվն ինձ օգնում է կարողացածիս չափ բարձր պահելու բանաստեղծի կոչումը, չտրվելու  սեթևեթանքների, մանրաթեմայնության, պաշտելու բանաստեղծության այն ճշմարիտ տեսակը, որը գոյանում է առնականի և քնքշության համաձուլվածքից: Ո՛չ, իմ մեջ հրապարակախոսը չի գերադասված բանաստեղծին: Ըդհակառակը, բանաստեղծն է ինձ մղում հրապարակախոսության, նա իմ կոչումն է և մնացած ամեն ինչն անում եմ նրա թելադրանքով, նրա կամքով:

— Դուք կողմնակի՞ց եք գեղարվեստականի ու գիտականի համաձուլվածք հրապարակախոսության, որը ոչ միայն տեսնում է պրոբլեմը, այլև՝ առաջադրում նրա լուծումը:

Կան պրոբլեմներ, որոնք տեսնելն ու ներկայացնելն ինքնին կարևոր գործ է: Դրանք հիմնականում ընդհանուր — ցավոտ հոգսեր են, դրանց լուծումը պահանջում է համաժողովրդական վերաբերմունք: Օրինակ՝  «հին, բարի» ավանդույթների կործանումը, մրցարշավային… գերեզմանաշինությունը, բնության հանդեպ անտարբերությունը և այլն: Սրանցում հրապարակախոսը կարող է ներկայացնել իր պահանջը, բայց ոչ բարոյական օրենսգրի խորհրդավոր լրջությամբ, այդ լրջությունը նրան ծիծաղելի վիճակի  մեջ կդնի: Մյուս խնդիրներում նա պարտավոր է խոսքն ավարտել վերջնական եզրահանգմամբ: Եթե գրում է Դեբեդի աղտոտվածության մասին, պետք է   պատճառներն ու հետևանքները խիստ իմացությամբ ներկայացնելուց հետո առաջադրի լուծումը: Դա հրապարակախոսին կհաջողվի անել համառ, տքնաջան ուսումնասիրությունից հետո, երբ զգա, որ ինքն այդ պրոբլեմը հասկանում է ամենաքիչը Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի գլխավոր ինժեների չափ: Դժվար է , բայց այդպես է: Թե չէ մարդիկ հոգնել են համընդհանուր ճշմարտությունների լացակումած վերարտադրումներից:

Հրապարակախոսը պարտավոր է ոչ միայն լուծում առաջադրել, այլև  հետևել ու անձնապես մասնակցել պրոբլեմի լուծմանը: Ինչպես անում են Զորի Բալայանն ու Կարեն Սիմոնյանը, Սերո Խանզադյանն ու Մարգո Ղուկասյանը: Լավ կլիներ՝ այս հարցն ունենար շարունակություն: «…Եվ ի՞նչ է անում հրապարակախոսը, երբ խնդրի լուծումը, որքան էլ հրատապ, արհամարհվում — թաքցվում է հանցավոր լռության մեջ»: — Անզորությունից պատեպատ է խփվում, միառժամանակ նետում գրիչը, բողոքում, կռվում, և … եղածի հետ չհաշտվելով՝ անցնում հաջորդ հարցին: Բայց այդպես չպետք է լինի: Հրապարակախոսը մեղավոր չէ, որ այդպես է լինում: Ի՞նչ անենք, որ այդպես չլինի. չգիտեմ: Հինգ տարի է, ինչ կռվում եմ Բարձրաշեն գյուղը քանդողների դեմ և արդյունքի չեմ հասնում: Նրանք շրջկոմի քարտուղար են, մեծ հիմնարկի ղեկավար են, կուսակցության ու կառավարության ներկայացուցիչ են, ես՝ մենակ իմ գրչով: Ասածս էլ հայհոյանք չէ, զրպարտություն չէ, ընդամենը՝ մարդ ենք, եկեք տեր լինենք մեր ցավին…

-Վերջերս դուք եղաք Արցախում, այդ ուխտագնացությունը մի օր կդառնա՞ բանաստեղծությունների շարք կամ ակնարկաշար, որպես՝ արդեն «Գրական թերթում» տպագրվածի արժանի շարունակություն: Եվ, եթե կարելի է, երկու խոսքով Ձեր կարծիքը մամուլի դերի մասին՝ Արցախյան պրոբլեմի լուծման ճանապարհին:

-Լավ ասացիք՝ ուխտագնացություն: Բայց ափսոս, իմ ուխտագնացությունը  մինչև վերջ չկայացավ: Ճամփակեսին անսպասելի հիվանդությունն ինձ շարքից հանեց ու չտեսա Ամարասը, չտեսա առնական Արցախի մի շարք պատկերներ: Բայց նորից եմ գնալու, մտադիր եմ ակնարկների ծավալուն շարք գրել մեր հայրենիքի  այդ հատվածի ուժեղ մարդկանց մասին: Արցախն ինձ համար (և ոչ միայն ինձ համար) վաղուց դադարել  է սոսկ աշխարհագրական տեղանուն լինելուց: Ասում եմ Արցախ, և հայացքիս դեմ շառաչում է ծովի պես ինքնամաքրվող մեր ժողովուրդը: Ասում եմ Արցախ և հիշում համալսարանցի ուսանողներիդ հրաշալի անձնուրացությունը: Մի քանի բանաստեղծություններ եմ գրել այդ օրերին: Մեկը՝ գրված որպես  պատասխան Բ. Վահաբզադեի կեղտոտ հոխորտանքի, տպագրվել է արտասահմանյան հայ մամուլում:  «Թատերական հրապարակում» բանաստեղծությունն ինձ ավելի է դուր գալիս.

…Կայծակնահար հույսի վերքը շփելով
Ալեկոծված սպասում ենք տակավին,
Փչի՛ր, փողահա՛ր, թող տառապենք երգելով,
Մեր լեռներում մրրկահո՜ղմ է ցավի…

Արցախյան իրադարձությունների ամբողջ ընթացքում միութենական մամուլը փայլում էր անիրազեկ տգիտությամբ, մեր ժողովրդին վիրավորելու փութկոտ ջանասիրությամբ: Կենտրոնական հեռուստատեսության թղթակիցները մրցում էին, թե ո՞վ մեզ պախարակող առավել  թունոտ արտահայտություններ կօգտագործի: Ինչ մնում է հանրապետական մամուլին, ապա նրա ձեռքերը կապված էին. աննախադեպ ուշադրությամբ ու  եռանդով թերթերը «մաքրվում էին» «վտանգավոր» ելույթներից: Այդպես «մաքրվեցին» Հովհ. Ղուկասյանի, Զ. Խալափյանի, իմ, ուրիշ գրողների ելույթներ: Ինչպես համաժողովրդական ամեն հարցում, այնպես էլ Արցախի խնդրում մամուլը մեծ դեր ունի:

-Մեր օրերում, երբ պսակազերծվում են շատ կուռքեր և վերագնահատվում անվերապահ թվացող արժեքներ, դժվար է առանց սխալվելուց երկյուղելու իդեալ փնտրելը: Այնուամենայնիվ, եթե գաղտնիք չէ, ուզում եմ տալ մեր ավանդական հարցը. ո՞րն է ժուռնալիստի Ձեր իդեալը:

-Հինգ տարի առաջ կռունկների երամը մեր ստեղծած  ինչ-որ խաբկանքի ենթարկվելով՝ իջավ ու ավերվեց: Կռունկներից մեկին ես տեսա Դիլիջանի պետարգելոցի կենդանաբանական անկյունում: Նրա կարմիր, նռնահատ աչքերում ապաստանել էր երբևէ ինձ հանդիպած ամենազարհուրելի թախիծը: Դա երամը կորցրածի տխրություն չէր, կործանված երամի ողբերգություն էր: Նա այլևս ի վիճակի չէ թռչելու: Որովհետև թռիչքը կայանում է ոչ միայն թևերի թափահարումով, այլև նպատակի իմացությամբ, որոշակի տեղ հասնելու հաստատուն վճռով: Օդում պարզապես թափահարվելը թռիչք չէ, ինչպես մարդու համար ապրել չէ պարզապես գոյատևելը: Մարդու, բանաստեղծի, լրագրողի իմ իդեալն այն է, որ մեր մեջ չլինեն երամը կորցրած կռունկներ: Անապատում ծարավից մեռնողի և օվկիանոսում ջրահեղձ լինողի օրինակները համադրելով չենք կարող ներդաշնակություն ստանալ: Իմ իդեալը ներդաշնակությունն է և զգացմունքի ամբողջականությունը, չապրենք կիսատ- պռատ թրթիռներով, մարդու մեջ սերը սեր  պետք է լինի, ատելությունը՝ ատելություն:

Հարցազրույցը վարեց
ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
«Ժուռնալիստ»/09/1988
Advertisements

One thought on “ՏԵ՛Ր ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԻՆ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s