ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ. «…ԵՐԲ ՆՅՈՒԹԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈԳՈՒՆ»

22082014Մեր թղթակցի հարցազրույցը բանաստեղծ Իգնատ Մամյանի հետ

«Հայաստան», 29/02/2000թ.

— Հայտնագործություն չենք անելու, եթե կարևորենք գրականության դերը սերունդներ դաստիարակելու, կրթելու գործում: Բայց այսօր իրողությունն այլ է՝ հիասթափեցնող. անգամ բուհերում ուսանող մեր երիտասարդության զգալի մասը, հավատացեք, չի ճանաչում Խորենացուն, ծանոթ չէ Նարեկացու անվանը, էլ չասենք՝ նրա հանճարեղ «Մատյան»-ին: Սոսկալի է, չէ՞…

-Սոսկալի ու կեղեքիչ ցավ է, բայց իմ ու քո կեղեքվելով ոչինչ չի փոխվի: Դա պիտի կեղեքի նրանց, ովքեր ժողովրդի ճակատագիրն են տնօրինում: Իսկ բուն իրեն՝ այս սերնդին մեղադրե՞լ, թե՞ չմեղադրել: Մեղադրելու հանգամանքը մի քիչ ավելի թույլ է, քան չմեղադրելու: Ինչու՞: Որովհետև ասող չկա, թե ինչը ինչպես անեն: Նրանք միայն մի բան են լսում իրենց տանը՝ օրվա հացի միջոցները վաստակիր… Վաստակիր ինչպես ուզում ես, ինչ կերպ ուզում ես: Չնայած այն ընտանիքներում, որտեղ հարգի են եղել Նարեկացու «Մատյանը», Խորենացու «Պատմությունը» կամ Չարենցի գրքերը, նման խորհուրդներ չեն տա: Այսինքն՝ ամեն ինչ գալիս է նախ և առաջ ընտանիքի՝ այսպես ասած՝ որակից…

Հին հիշողություն է, բայց պիտի ասեմ. 1994 թվի մարտի 2-ն էր: Գիշերը գալիս էի Ֆիզուլի-Հորադիզ ճակատից, որտեղ իմ տղայի հետ էի: Եկա, իջա «Գարեգին Նժդեհի» հրապարակում, մետրոյով հասա «Բարեկամություն» կայարան: Հիշիր, ռազմաճակատից էի գալիս, որտեղ 18-20 տարեկանների սխրա՞նքն ասեմ, արյունն ասեմ, հայացքիս դեմ էր եղել, և այդ ջահել արծիվների՝ վիրավոր թե առողջ պատկերները չէին լքում ինձ: Եվ ահա նշյալ կայարանում նույն տարիքի տղաների «դոլար առնեմ, ռուսական առնեմ»-ն էր ունկ խլացնում: Մտածեցի՝ սրանք ինչու՞ այնտեղ՝ իրենց հասակակիցների կողքին չեն, կռվի դաշտում չեն, ուր հերոսական մարտեր են տալիս, սխրանքներ գործում գուցեև իրենց դասարանցիները: Եվ սարսափով զգացի ու տեսա՝ ազգի չէ, ժողովրդի չէ, այլ սերնդի երկփեղկվածությունն է: Եվ ես դառնացած հեռացա: Բայց նրանք էլ մեղավոր չէին, այլ մեղավոր էին նրանք, ովքեր ասել էին՝ դու գնա դոլար վաճառի, իսկ դու ռազմաճակատում արյուն թափիր… Այս պատնեշը հիմա էլ կա, իսկ սերունդը զուրկ չէ նաև տաղանդավոր երիտասարդներից…

-Համամիտ եմ, այո՛, բայց ուրախանալու քիչ բան կա՝ հայ մարդը չի կարդացել «Անուշ»: Ուստի փորձենք քիչ ավելի հեռվից գալ՝ դպրոցից: Մի՞թե անգամ ուսուցիչը, դպրոցը չեն տալիս ոչինչ, թեև ինքս խոնարհվում եմ ուսուցչի առաջ…

-Ասացիր՝ դպրոցը: Իմ կարծիքով՝ այս ժամանակների ամենահերոսական մարդիկ նորից ուսուցիչներն են, իսկական ուսուցիչները: Պատկերացրու, թե այս ժամանակներում նա որքան ճիգ ու ջանք պիտի գործադրի, որպեսզի 9-10-րդ դասարանցուն ապացուցի, որ Թումանյանի «Անուշը» հոգևոր վիթխարի արժեք է: Դու լավ պատկերացրու ուսուցչի տառապանքը և դրա դիմաց նրա աշխատավարձը: Այսօրվա բարձրագույն աշխատավարձը նախարարը, պատգամավորը պիտի չստանան, պիտի ստանա ուսուցիչը:

-Բայց որքա՞ն պիտի դիմանա ուսուցիչը:

-Ապրես, ինչքա՞ն պիտի դիմանա: Մենք հարյուրավոր հրաշալի մանկավարժներ գիտենք, ովքեր լքել են դպրոցը… Իսկ սերունդը արդեն մոռացել է ազգային արժեքները և ապրում է՝ աչքը արտասահմանի ճանապարհին՝ ինչպե՞ս ընկնի այնտեղ, ինչպե՞ս հեռանա հայրենիքից: Զորի Բալայանը տագնապի նամակով հանդես եկավ, բայց բավականին ուշացումով: Սակայն մի՞թե մենք մեր իշխանություններին անպայման նամակներ պիտի գրենք, որպեսզի նրանք իմանան իրողությունը, չէ՞ որ իրենցից շատերն են շատերին օգնում,որպեսզի հեշտությամբ գնան, հեշտությամբ տեղավորվեն ու մնան այնտեղ:

-Ինչ ասացիք՝ ցավոտ ստացվեց, որովհետև այդպիսին է իրողությունը: Ցավերի ցավ է օր օրի ահագնացող արտագաղթը…

-Իմ հաշվարկներով, օրական Հայաստանից հեռանում է մոտ 200 մարդ: Քանի՞ օր է պետք, որ երկիրը դատարկվի: Սա աղետ է: Ժամանակին, երբ գնում էին հատուկենտ մարդիկ, թերթերը լցվում էին մեղադրանքներով: Այսօր, երբեմն ընդունվում է շատ բնական, և նման համարումն է աղետավոր: Նույնիսկ մարդկանց՝ ոչ շատ կարևոր դեմքերի, որ ժամանակին մեկնել են արտերկիր և այսօր վերադարձել են, տանում են ստուդիա և նրանց ներկայացնում որպես ազգային բարերարներ, ազգային գործիչներ, թեև մենք գիտենք՝ այնտեղ ոչ մի բանով էլ չեն զբաղվել… Ապերախտությունը ահավոր բան է, չէ՞: Ապերախտությունը բարեկամի հանդեպ, հարազատի ու ընկերոջ հանդեպ, նույնիսկ հեռավորի հանդեպ: Բայց առավել սարսափելի է ապերախտությունը հայրենիքի և ժողովրդի հանդեպ… Հեռացել-գնացել ես՝ բարով գնաս, էլ ինչու՞ ես ուզում հերոսության պսակով զարդարել քո հեռացումը, ազգալքությունը: Ես սա չեմ հասկանում:

-Թեման կարծես մոտեցավ գրողին, գրականությանը: Խոսենք մտավորականի, իր գրչին հավատարիմ մնացած գրողի մասին:

-Պարգևատրումների մասին ձեր թերթում ես արդեն ասել եմ և հիմա կրկնեմ՝ դա մրցանակաբաշխություն չէր, որով նախագահն ասես ուզում էր ասել, որ ինքն անտարբեր չէ գրականության, գրական աշխարհի հոգսերի նկատմամբ: Դա թռուցիկ մի բան էր, որ արվեց ու անցավ: Եվ քանի որ հենց ինքը՝ ՀՀ նախագահը ոչ մեկ անգամ է խոստովանել, որ ինքը տեղյակ չէ ժամանակակից հայ գրականությանը, չափանիշներին: Այն հանձնախումբը, որ նա ստեղծել էր, իմ խորին համոզմամբ, շահարկեց նրա խոստովանյալ չիմացությունը, և եղան այնպիսի մրցանակաբաշխումներ, որոնցից կարելի է միայն փշաքաղվել:

-Հույս ունենա՞նք, որ գալու է գրականությունը իրատեսորեն արժևորելու ժամանակը;

-Դա չի լինի:

-Ինչու՞:

-Հրանտ Մաթևոսյանը մեր գրական առաջնորդն է և շատ լավ գիտե արժեքները: Բայց նա էլ հնարավորություն չունեցավ այդ մրցանակաբաշխության ընթացքում բացարձակ արդարություն ապահովել:

-Եվ նորից գրողների միության մասին: Համոզված եմ, որ եթե նայեք, թե ովքեր են համալրում միության շարքերը, պիտի զարմանա՝ անգամ շատերի անունը պիտի զարմանք հարուցի:

-Ոչ մի հանձնաժողովի՝ ոչ առաջ, ոչ էլ հիմա, չեմ վստահել: Թող սա չդիտվի Հրանտ Մաթևոսյանի անձի հանդեպ կույր նվիրվածություն, բայց նա ինքն էլ չի կարող դրանց առաջն առնել՝ գրում են, ջնջում են, բերում: Մի խոսքով՝ նողկալի է: Բայց այսօր ի՞նչն է նորմալ ընթացքի մեջ, որ դա լինի… Իմ մխիթարանքը, այնուամենայնիվ, գիտե՞ս որն է՝ որ շատ մոտ ապագայում պիտի լինի իսկական արժեքների գնահատում, նաև գրական աշխարհում տեսնելու ենք՝ ով ով է:

-Փորձե՞նք դուրս գալ գրական ու միության շրջանակներից…

-Իսկ ինչու ոչ: Խոսենք թեկուզ ազգային կոչված հեռուստատեսության մասին: Ինչ է՝ էժանագին շոուներ: Ովքե՞ր են վարում այդ շոուները. հիմնականում այն դերասանները, ովքեր շատ թույլ են եղել միշտ: Վլադիմիր Մսրյանը ինձ համար բարձր արվեստագետ է, և երբ ամեն անգամ հերթական շոուն է պտտվում էկրանին, ես սարսափով եմ նայում՝ հանկարծ նա կամ մյուս արժանավոր սիրելիներիցս որևէ մեկը հայտնված չլինի այդ շոուի գլխին: Թող, ներողություն, սովից մեռած լինի, բայց այդքան անարժանապատիվ չլինի: Գիտես, թող այնպես չթվա, թե իսկական արվեստագետները փողի կարիք չունեն: Գուցեև մեզանից ավելի են կարիքների մեջ, բայց նրանք իսկական, լուրջ արվեստագետներ են և իրենց լուրջ, մաքուր արվեստը չեն ծառայեցնի շոուներին:

…Կարեն Ջանիբեկյանն էլ, ասենք, կարող էր, չէ՞, գնալ, մեծ հաջողությամբ լվացքի մեքենաներ գովազդեր: Եվ շատ լավ կապրեր: Ինչու՞ չարեց: Որովհետև մեծ արվեստագետ է, որովհետև մյուս մեծերի նման սովից մեռնելը գերադասում է իր տաղանդը գետնին քարշ տալուց:

-Զրույցի ավարտին՝ գուցե անսպասելի մի հարց. օրերս բացվեց Վահան Տերյանի հուշարձանը, և դուք նույնպես այնտեղ էիք:

-Տերյանի արձանը թեթև ապտակված մի պատանյակ էր՝ վիզը ծռած, գեղեցիկ մի բան: Բայց դա Տերյանը չի, Տերյան չկար: Տերյանը ասում է՝ ինձ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին… Ես ա՛յս խրոխտ Տերյանն եմ ուզում: Տերյանը այդքան նվաղած չի եղել, այդքան թույլ չի եղել, այդքան վիզը ծուռ չի եղել: Նա եղել է խրոխտ պոետ և խրոխտ տղա, ամեն ինչը տեղը: Եկող սերունդը նաև արձանով պիտի ճանաչի Տերյանին: Եվ այսպե՞ս պիտի ճանաչի…

-Ավարտե՞նք:

-Ավարտենք՝ հույս ունենալով, որ սովից չենք մեռնի, որ գալու է ժամանակը, և հասնելու ենք այնտեղ, որտեղ բանաստեղծությունը հնչելու է իր ուժգնությամբ և գնահատվելու է իսկական չափանիշներով:

Զրույցը վարեց Հակոբ Սրապյանը

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.