Զորավարին

andranikozanianԶենքերի զնգոց, հոգնած ձիերի խրխինջ ու դոփյուն-
Ոգեղեն լույսը հրավառել է գիշերը խավար,
Ռազմադաշտերի փոշին ոտքերիդ դու գալիս ես տուն
Եվ փառքի շունչ է բարձունքներն ի վեր, հովիտներն ի վար:

Եվ Առաքելոց որբացած վանքի զանգն է ղողանջում,
Եվ արևային խշշոց են հագնում անտառները մերկ,
Եվ անդունդներից ահա ելնում են հուժկու շառաչով
Մեր հին լեռների, մեր հպարտության արծիվները շեկ:

…Եկար, Զորավար: Արդյոք ուշացա՞ծ, թե ժամանակին,
Երկիրը դարձյալ նավ է՝ ալեկոծ հողմերին տրված,
Տառապյալ ազգը ահա կծկվել ցավ ու զրկանքից
Ու գաղթական է դառնում վերստին քամուց հալածված:

Սև ագռավները մեր բախտի ոսկե սերմերը կերան,
(Մեր հոգիներում հավատի որքա՜ն շիրիմներ կան թանկ…),
Եվ ի՜նչ ոսկևոր, ի՜նչ սքանչելի թիթեռներ մեռան
Մեր սպասումի, մեր հույսի դողդոջ ճրագների տակ…

Գորշ հեռուներից դու եկար հոգնած, դու եկար խռով,
Եվ գլխիդ վրա ցոլում էր խաչը սուրբ Կարապետի,
Դու եկար, ու քեզ Եռաբլուրի թարմ ծաղիկներով
Դիմավորում է շիրիմը ջահել սպարապետի…

Դիմավորում է նահատակներով իր ըմբոստ ու խենթ,
Ովքեր հրեղեն քո սխրանքներն ու փառքը երգելով
Մղվեցին ի զեն՝ մութ ու բարբարոս մեր թշնամու դեմ
Ու վերադարձան անմահացումի ծաղկած վերքերով…

Նրանց ականջին պղնձե լեռան խորհուրդն էր քո հին,
Թե՝ զուր եք այլոց գթասրտության դռները բախում,
Թե՝ ցավը մերն է ու մե՛նք ենք տերը մեր դաժան ցավի,
Մե՛նք պիտի անենք մեր ամեն ինչը- կնունք, թե թաղում:

Թե՝ հազար օրհնանք մատյաններ ծաղկող մարգարեներին,
Հազար երանի, ով գովերգում է փառքը մեր Տիրոջ,
Սակայն մեր բախտի, մեր գոյության դեմ ոռնացող նեռին
Մենք չենք սպանի մատյաններով ու աղոթքով դողդոջ…

Գիտեմ, Զորավա՛ր, որ ճեղքված հոգուդ վերքն է դեռ մխում
Ու այսուհետև էլ ներում չկա՜ սև թշնամանքին,
Եվ մութ սարսափից, և ցավ ու դավից հոգնած այս հողում
Պիտի այսուհետ շքեղ հաշտության արմավը ծաղկի:

Ու կնահանջի մեղմ հոգիներից չարը ոխակալ
(Նրանք՝ քո հզոր ներկայությունից պիտի երկնչեն),
Եվ ողջ ու մեռյալ-մենք իրար սատար՝ կսպասենք այնքան,
Միչև որ Մասյաց պայծառ մշուշից փողերը հնչեն…

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն», 19/02/2000
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.