ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Սիրելի՛ Իգնատ, թվում էր՝ անչափ հեշտ պիտի լինի քո մասին փոքրիկ մի խոսք գրելը. երկար տարիների մտերիմ ընկերոջ ու գրչեղբոր, խորունկ բանաստեղծի ու կրակոտ հրապարակախոսի մասին, ում հետ կապված հիշել- ասելու այնքա՜ն շատ բան կա: Բայց արի ու տես, որ հենց դա էլ ինձ խանգարում է կարծես, ո՞րն ասել ու ո՞րը թողնել, ինչի՞ց սկսել: Գուցե մեր առաջին իսկ «հանդիպումից» «Ավանգարդ» թերթի գրական էջում՝ «Երիտասարդ գրողների ծաղկաձորյան խորհրդակցությանն ընդառաջ» խորագրի ներքո: Բանաստեղծություններդ այնտեղ իսկույն գրավել էին ինձ քնարական շնչով ու անկեղծությամբ, իսկ կատարման վարպետությունը, զարմանալի սահուն, բարեհունչ հանգավորումը, ճիշտն ասած, նույնիսկ կասկած էին հարուցում. իրո՞ք երիտասարդ կամ սկսնակ բանաստեղծ է էջի իմ հարևանը…

Հենց ծաղկաձորյան այդ խորհրդակցության օրերին էլ իսկականի փոխվեց հեռակա մեր ծանոթությունը, ու… եթե հիմա քո ծննդյան 60-ամյակն է, ապա մեր ընկերության էլ 35-ամյակն է լրանում, որը ևս, իմ կարծիքով, անկարևոր տարեդարձ չէ: Ասել է թե, այսպես թե այնպես, ես անմիջական վկան ու մի քիչ էլ մասնակիցն եմ եղել լավ ու վատ քո շատ օրերի, գրական – ստեղծագործական ճանապարհի, որ գրքից գիրք, հրապարակումից հրապարակում գրողի վերընթաց մի ուղի է գծել քեզ համար:

Հիշու՞մ ես գրական-ոչ գրական մեր վեճ ու քննարկումները երևանյան սրճարաններում, մեր նոր բանաստեղծությունների «պրեմիերաները» գրեթե ամեն հանդիպման ժամանակ… Այնպես որ, երբ տպագրվեց «Հանդի հաց» քո առաջին ժողովածուն (հազվադեպ այն առաջին գրքերից, որ հեղինակի ընդգծված ոճ ու ձեռագրի, ուրույն ստեղծագործական նկարագրի վկայություն էր ), ես, կարելի է ասել, արդեն լավ ծանոթ էի ժողովածուի գրեթե բոլոր բանաստեղծություններին: Ու եթե շատերի համար անակնկալ, ապա ինձ համար գրեթե օրինաչափ էր, որ Գրողների միության համագումարում պոեզիայի մասին իր զեկուցման մեջ քո մուտքը գրականություն ուրախությամբ ողջունեց զուլալ ու հոգեհույզ պոեզիայի ջատագով, միշտ խստապահանջ ու անաչառ Վահագն Դավթյանը…

Հիշու՞մ ես մեր խնջույքները գեղատեսիլ քո ծննդավայրի՝ Նոյեմբերյանի անտառների ամենագողտրիկ անկյուններում՝ երգ ու բանաստեղծությամբ, հումորով շաղախված (դե, դու առանց կատակների ու «բլեֆների» կյանք չունես ):

Ծննդավայրդ, նրա պարզ ու աշխատավոր մարդկանց հանդեպ քո այդ սերն ու նվիրումը հետո առավել խորությամբ, նոր ընդգրկումներով պիտի դրսևորվեին գեղարվեստական բազմաթիվ ակնարկներում, «Հիշողության կղզիներ» վավերագրական վիպակում, որ նախ տպագրվեցին մամուլում («Ավանգարդ», «Գարուն»), իսկ հետո ամբողջական մի գիրք դարձան համանուն խորագրով՝ սիրո, հավատարմության հուզիչ, անկեղծ խոստովանություն ու որդիական խոնարհում:

Իսկ հիշու՞մ ես մերձմոսկովյան Պերեդելկինոն, երբ Գրողների ստեղծագործական տան քո սենյակում փակված, գրեթե ամբողջ օրը չխչխկացնում էիր գրամեքենան ու ինձ ներս թողնում միայն երեկոյան՝ ոգևորված ու ինքնագոհ՝ վեպիդ հերթական նոր էջերն ինձ համար կարդալու: Հայդուկապետ Սևքարեցի Սաքոյին նվիրված գիրքն էր ծնվում այդ օրերին, իմ աչքի առաջ, ու ես պարզապես հիացած էի ստեղծագործական քո զարմանալի կարգապահությամբ ու աշխատունակությամբ:

Մի դեպք է տպավորվել իմ մեջ: Հիշու՞մ ես. երեք ընկերով (մեզ հետ էր և Դավիթ Գասպարյանը ) նկարիչների հանրահայտ սրճարան մտանք, տեղ զբաղեցրինք, սուրճ ու գարեջուր պատվիրեցինք: Թե ոնց եղավ, ես ու Դավիթը 1-2 րոպեով քեզ մենակ թողեցինք: Երբ վերադարձանք, դու թունդ վեճի մեջ էիր կողքի սեղանին նստած մի նկարչի հետ, որ ակնհայտորեն խմածության նշաններ էր ցույց տալիս: Կասկած չկար, որ հենց ինքն էլ սկսել էր վեճը, որը ուր որ էր՝ կռվի էր վերածվելու: Միջամտելու ավելի հարմար ձև չգտա, քան կես կատակ-կես լուրջ ինձ ծանոթ այդ նկարչին դիմելը.

-Չե՞ս տեսնում, ախր քո առաջ ինքը՝ բանաստեղծ, հրապարակախոս Իգնատ Մամյանն է. բա սազու՞մ է, որ տաղանդավոր նկարիչը վիրավորի տաղանդավոր բանաստեղծին…

Խոսքն անսպասելի ներգործություն ունեցավ.

-Ի՞նչ, ուրեմն ի՞նքն է Իգնատ Մամյանը,նկարը թերթում տեսել եմ,ինքն է,որ կա,-ասես մեկեն զգաստացավ կռվարար մեր հարևանը, ու ձայնը բոլորովին այլ՝ բարեկամական երանգ ստացավ,- հա էլի, բայց էսքան պուճու՞ր… Ախր իր հոդվածները կարդալիս (ճիշտն ասած, շատ հավանում եմ) ես դրանց հեղինակին միշտ մի աժդահա, Սասունցի Դավիթ եմ պատկերացրել…

Հեգնանքի նշյուլ չկար ձայնի մեջ, ճիշտ հակառակը, անմիջապես մատուցողուհուց մի շիշ օղի պահանջեց ու բաժակները լցնելով առաջարկեց սուր ու համարձակ քո գրչի և հաճելի ձեր ծանոթության կենացը խմել…

Հիշեցիր, չէ՞, Իգնա՛տ, այդ դեպքը: Է՜, ինչքա՜ն բան կա հիշելու… Ուզում եմ հաճելի, խոսուն այս հուշով էլ ավարտել՝ հավատով ու վստահությամբ, որ չափածո ու արձակ քո գրքերի (որոնց թիվն, անշուշտ, երկրորդ 60-ամյակի մեջ ավելանալու է), բազմաթիվ հոդվածների այսօրվա ընթերցողներին էլ դու պատկերանում ես հենց այդպես՝ ուժեղ, անկոտրում, հավատավոր մի մարդ՝ իր սկզբունքներին ու առաքելությանը հավատարիմ:

ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ
«Գրական թերթ», 02/11/2007

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s