ՀԱՅԸ

Տերը թռչունին ստեղծեց երկու սքանչելի նպատակով. երկնքի ամայությունը մխիթարելու և նրա ամպ ու անձրևի տակ տառապող մարդու մեջ երազանքը պահպանելու համար: Նայի՛ր թռչունին, տե՛ս նրա ճախրը ազատության ոլորտներում, և տանջանքին վերանալով գնա: Դեպի խորհրդավորը, հրաշալին, անվախճանը: Հասնելը կարևոր չէ, հասնելու տենչով ապրելն է կարևորը:
Այս իմացությունը մեր մեջ թափանցում է երևի թե առաջին սիրո հետ, և վաղ պատանության այն օրերին, երբ ես ճանաչեցի Գևորգ Գրիգորյանին, մենք արդեն վայելում էինք չբացատրված այդ հոգեկան առնչությունը: Չգիտեմ ով, չգիտեմ ինչու կամեցավ, որ հինգ տարով ես հեռանայի սերերի ու տագնապների իմ էություն-աշխարհից և աննպատակ գոյություն քարշ տայի առողջարանային մի փոքրիկ քաղաքում: 15 տարեկան պատանի, ամբողջ ներսս հեռավոր լեռներից եկող զանգի ղողանջ (որը հետո պիտի կոչվեր բանաստեղծություն), և իմ ապրումների հետ որևէ կապ չունեցող զբաղմունք` ոչխարաբուծության ու կաթի տեխնոլոգիայի ուսանում:

Փողոցային կռիվներով, թեթև — անցողիկ սերերով, նորընծա օղու և կիսաքաղցի գիշերներով ուղեկցվող հինգ տարվա այդ կյանքը ինձ ոչինչ չէր տալու, բացի մի քանի լավ ընկերներից, որոնք դառնալու էին ճարտարապետ, իրավաբան, բժիշկ և հետագայում ինձ հետ տխրությամբ հիշեին իմ ապրած աննպատակ տարիները: Գորշ ու հուսահատ իմ միջավայրում այդ տղաներն ինձ ներշնչում էին բանաստեղծության հավատ, սիրո հաղթանակ:

Մեր կուրսեցի Ջանիկ Դավթյանը ինձ ծանոթացրեց Գևորգ անունով մի երևանցի պատանու հետ, որը ժամանակավորապես ապրում էր Ստեփանավանում, մորական պապի տանը: Ջանիկը նրան ասել էր, որ ես նամակներ եմ ստանում Հովհաննես Շիրազից և մեր հետագա ամբողջ մտերմությունն ընթացավ այսպես ասած՝ «գրականության թեմայով»: Ավարտեցի (բարով-խերով չավարտեի…) տեխնիկումը և կրտսեր զոոտեխնիկ գնացի… բանվորություն անելու պահածոների գործարանում: Եվ չիմացա, թե ո ՞ւր գնաց, ի՞նչ արեց Գևորգ Գրիգորյան անունով իմ ընկերը, որն ուզում էր բժիշկ դառնալ:

20 տարի անց լուր ստացա, որ Կրասնոյարսկի երկրամասում իմ հայրենակիցներից մեկին դանակահարել են և նրա կյանքը հրաշքով փրկել է Գևորգ անունով մի հայ բժիշկ: Իմացա, անցավ-գնաց: Քի՞չ դանակահարվածների կյանք են փրկում, և քի՞չ կան Գևորգ անունով բժիշկներ:

… Ապրած անցյալը երբեմն մեզ թվում է չափազանց հեռու, չափազանց կորուսյալ, և գալիս է պահ, որ այդ հեռացած աշխարհից այլևս չենք սպասում մեզ հիշող, մեզ կանչող որևէ ձայնի: Դա մոռացություն է, անխուսափելի հրաժեշտը, որը կայանում է մեզնից անկախ, առանց մեր գիտության:

Ստեփանավանի իմ կյանքը ես արդեն մոռացել էի և, խոստովանում եմ, առանց լուրջ ափսոսանքի: Որովհետև այնտեղ ես միայն ԿՈՐՑՐԵԼ ԷԻ, այնտեղ ես ոչինչ չէի ԳՏԵԼ: Անցել էր 25 տարի, աշխատում էի «Գրական թերթում», և եղավ մի հեռախոսազանգ:

-Դու հիշո՞ւմ ես Ստեփանավանը, 60-ական թվերը, Շիրազի նամակները քեզ հետ կարդացող ընկերներիդ:
-Երկուսուկես տասնամյակ անց հնարավոր չէ ամեն ինչ մանրամասն հիշել, բայց ընկերներիս չեմ մոռացել:
-Ես Գևորգն եմ, Գևորգ Գրիգորյանը: Ռուսաստանից նոր եմ վերադարձել, կուզենայի որ հանդիպենք:

Կես ժամ անց իմ առջև նստած էր թխադեմ, ուժեղ հայացքով մի երիտասարդ՝ վիրաբույժ Գևորգ Գրիգորյանը, որն ավելի քան տասը տարի Կրասնոյարսկի երկրամասում աշխատելուց հետո ավարտել էր Տոմսկի բժշկական ինստիտուտի օրդինատուրան, վերադարձել Երևան:

-Բժիշկ դառնալդ պատահաբա՞ր եղավ:
-Դու մոռացե՞լ ես, ժամանակին ես քեզ պատմել եմ ինձ վիրահատած բժիշկ Նիկոլայ Վանեցյանի մասին, որն ինձ ներշնչեց կյանքի այս ճանապարհն ընտրելու գաղափարը: Ես  երբեք չեմ մոռանալու նրա հայացքը: Նայել նրա աչքերին` նույնն էր, թե նայել կյանքի մեծ ճշմատության աչքերին: Դպրոցն ավարտելուց հետո դիմեցի բժշկական ինստիտուտ:  Չընդունվեցի: Նորից դիմեցի: Նորից չընդունվեցի: Գնացի բանակ, վերադարձա ու կրկին դիմեցի: Դարձյալ չընդունվեցի:

-Կտրո՞ւմ էին:
-Ոչ, ես էի կտրվում: Բայց, ի վերջո, 73-ին ընդունվեցի:

… Նպատակը վիրաբույժ դառնալն էր: Երրորդ կուրսում նամակներ գրեց Ռուսաստանի տարբեր քաղաքների բժշկական ինստիտուտներ, որոնք ունեին խոր մասնագիտացված վիրաբուժական ֆակուլտետներ` խնդրելով հնարավորություն տալ ուսումը շարունակելու այնտեղ: Տոմսկից պատասխան-հրավեր ստացավ: Եվ կնոջ հետ, որն  ուսանողուհի էր և պիտի դառնար մանկական բժիշկ, տեղափոխվեց Տոմսկ: Ինստիտուտն ավարտելու ժամանակ արդեն երեք երեխայի հայր էր: Աշխատանքի նշանակվեց Կրասնոյարսկի երկրամասի Զաօզերնի քաղաքի հիվանդանոցում:

-Այնտեղ ինձ տվեցին հարմարավետ բնակարան, ունեի կյանքի ու կենցաղի լավ պայմաններ, բայց չկար ամենակարևորը` պրակտիկ աշխատանքով մասնագիտության մեջ խորանալու հնարավորությունը…

Եվ, հրաժարվեով բնակարանից ու ամեն ինչից, ընտանիքով տեղափոխվեց մեծ ճանապարհներից հեռու մի գյուղ, կնոջ հետ աշխատանքի անցավ տխուր պայմաններով հիվանդանոցում: Տարիներ անցան, և ահա վերադարձել էր հայրենի քաղաք, աշխատանք էր փնտրում:

***

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի կյանքը կարելի է բաժանել երկու հատվածի` մինչև հայոց ժողովրդական մեծ շարժում և դրանից հետո: Ինչպես ամեն իսկական հայի կյանք:  Ռուսաստանից նրա հայրենիք տեղափոխվելն ասես եղավ նախախնամության կամքով` որպեսզի այստեղ լինի ևս մեկ ազգանվեր ուխտյալ: Հաջորդ անգամ ես նրան տեսա, երբ ծանր  վիրահատությունից հետո նոր-նոր գիտակցության էի գալիս: Նստել էր կողքիս ու եղբայրորեն ինձ էր նայում: Այնուհետև զանգահարեց 88-ի դեկտեմբերի մեկին և ասաց, որ բժիշկների մի խմբով թռչում են Կիրովաբադ` այնտեղ խոշտանգվող հայերին օգնության: Օրեր անց վերադարձավ: Դեկտեմբերի 7-ն էր: Խմբագրության իմ սենյակում նստած պատմում էր Ստեփան անունով մի հայի մասին, որը խիզախաբար մաքառել է թուրքերից ջարդվող մեր հայրենակիցներին փրկելու համար: Հանկարծ մեր աշխատակից Հասմիկ Բաբայանը շրխկոցով բացեց դուռը, գունաթափ, դողալով ասաց. «Միացրեք ռադիոն, ահավոր երկրաշարժ է եղել… »:  Ռադիոն բոլոր բժիշկներին խնդրում էր շտապ ներկայանալ իրենց աշխատավայրերը: Գևորգ Գրիգորյանը տագնապահար դուրս նետվեց: Մի քանի ժամ անց նա արդեն Մարալիկում էր: Ծանր, գրեթե շուրջօրյա, երկարատև աշխատանք: Հետո վերադարձավ Երևանի իր աշխատավայրը`այստեղ շարունակելու երկրաշարժից տուժածների օգնությունը: Իսկ ամռանը, շուրջ 40 օր, Սպիտակում էր:

Վիրահատություններ ու հիվանդների ընթացիկ բուժում: Այս ծանրաբեռնվածությունը գուցե թե մասնագիտական առումով անհրաժեշտ էր վիրաբույժին, որը Երևան վերադառնալուց ի վեր զրկված էր պրակտիկ աշխատանքից (ընդունարանի բժիշկ էր),  սակայն մարմինը պիտի որ նվվար ուժերի գերլարումից, բազում օրեր ընտանիքից կտրված` պիտի որ կարոտեր երեխաներին: Ո՛չ: Կա՛ն բաներ, որոնք առավել կարևոր են մարդու համար: Վիրաբույժ Գևորգ Գրիգորյանն այդ բանը հետո էլ բազմիցս պիտի ապացուցեր իր օրինակով:

-Մարդու մեջ ապրում է զսպանակը, որն անհրաժեշտ պահին պիտի նրան մղի գործողության: Եվ ես դեմ եմ, որ այդ գործողությունը  ու նրա հետևանքները ձևակերպվեն ճռճռան արտահայտություններով` քաջություն, խիզախություն և այլն: Հայրենիքի ու  սեփական ժողովրդի ծանր պահին մարդն անում է այն, ինչ պարտավոր է և ինչի ընդունակ է: Ինչի համար ծնված է…

Գևորգ Գրիգորյանն իր այս մտածումն ինձ պիտի հաղորդեր երկրաշարժից երկուսուկես տարի անց, իսկ մինչ այդ ազգային շարժման տագնապալի թոհուբոհում ես դարձյալ կորցրի նրան: 1989-ի աշնանը, իմանալով, որ աշխատում է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում, փորձեցի գտնել: Ասացին արձակուրդ է մեկնել:

… Նա վերցրել էր հերթական արձակուրդն ու մեկնել Արցախ` Հադրութի շրջան, ուր ծավալվում էին աղետալի իրադարձությունները: Մեկնել էր որպես բժիշկ և որպես հայ երիտասարդ, որը պարտավոր է պաշտպանել իր ազգը վայրենաբարո բաշիբոզուկներից: Սարերում կռիվներ էին գնում, սարերում վիրավորներ կային, և վիրաբույժ Գևորգ Գրիգորյանը քարանձավում, կաղնիների տակ, լեռնային դիրքերում մաքրում էր նրանց վերքերը, վիրակապում, դեղ տալիս, հույս ներշնչում: Եղավ այնպես, որ մի ծանր վիրավորի սարից պիտի տեղափոխեին շրջկենտրոն: Բժիշկն իր խնամքի տակ գտնվող վիրավորի հետ գերի ընկավ թուրքերի ձեռքը, տարան Ջաբրայիլ: Նա բողոքեց` վկայակոչելով բժշկի համաշխարհային իրավունքները:

-Այստեղ քեզնից լավ բժիշկներ կան, կվիրահատեն վիրավորին,- ասաց թուրք միլպետը: Հետո երբ մարզի պարետի միջնորդությամբ նրանց բաց թողեցին Ջաբրայիլից, պարզվեց, թե ինչպես են «վիրահատել»:  Մի բուռ թել էին խցկել վերքի մեջ ու կարել…

Գևորգը Հադրութի սարերից վերադարձավ ձմեռնամուտին:  1990 թիվն սկսվեց Կամո և Ազատ գյուղերի ողբերգությամբ: Վիրաբույժը, որն արդեն «Սպիտակ» փրկարար ջոկատի անդամ էր, մեկնեց Ազատ: 12 օր հակված էր վիրահատասեղանին: Նա ռուս-թուրքական զենքի հարկադրանով գյուղը լքող վերջին մոհիկաններից մեկն էր…

1990 թիվ, ամառ: Որտե՞ղ ես, վիրաբույժ Գևորգ Գրիգորյան: Իրանում, երկրաշարժի  վայրում, գնացել է մասնակցելու փրկարար աշխատանքների: Առաջիններից մեկը «Սպիտակ» ջոկատն էր հասել այնտեղ:

Նույն թվի նոյեմբերին հեռուստատեսությամբ հայտարարություն եղավ, որ Գետաշենին վիրաբույժ է հարկավոր: Հաջորդ առավոտյան Գևորգ Գրիգորյանը  առողջապահության նախարարությունում էր: Այնուհետև աշխատում էր Գետաշենի 25 մահճակալանոց հիվանդանոցում` գիշեր ու ցերեկ: Ասում եմ` նաև գիշեր, քանզի հենց այնտեղ էլ ապրում էր: Նոյեմբերի 30-ին օմոնականները հարձակվեցին Մարտունաշենի վրա: Ջարդ կերան ու մի վիրավոր թողնելով` հետ քաշվեցին: Վիրավոր թուրքը, անասունի սարսափահար հայացքով, նայում էր վիրադանակով իրեն մոտեցող բժկին ու բառաչում: Հետո, երբ տեսավ, որ հայ բժիշկն ընդունակ չէ վիրավորի վերքի մեջ թել խցկելու, ուզում էր համբուրել ոտքերը, խոստանում էր երբևէ նրա հետ հանդիպել որպես մարդ:

Գևորգ Գրիգորյանը Գետաշեն էր գործուղվել երկու ամսով: Բայց վերադարձավ չորս ամիս անց, քանի որ հիվանդանոցի գլխավոր բժիշկը եկել էր Երևան, զարգացող դեպքերի հարկադրանքով մնացել այստեղ  (օդային երթուղին փակ էր): Վիրահատությունները Գևորգն էր անում, բանիմաց բուժքույր Էլմիրա Հակոբյանի հետ, և այդ ծանր վիճակը պիտի շարունակվեր մինչև 1991-ի մարտի 19-ը: Վերջապես վերադարձավ Երևան իր հինգ  երեխաների մոտ, ընդունարանի բժշկի իր համեստ գործին: Սակայն շուտով դարձյալ պիտի դուրս գար ճանապարհ: Ո՞ւր ես գնում, բժի՛շկ: «Սպիտակ» ջոկատի հետ՝ Վրաստան՝ երկրաշարժից տուժածներին օգնության:

… Մայիսի 1: Ազատության հրապարակն ալեկոծվում է Գետաշենից ու Մարտունաշենից ստացվող դառնաղետ լուրերից: Ռուսական զորքն ու օմոնը հայաթափում են հայոց պատմական բնակավայրերը: Կան զոհվածներ ու վիրավորներ: Բժիշկներ են հարկավոր: Գևորգ Գրիգորյանը ժամանակ չուներ նախարարություն դիմելու: Օդանավակայան: Ուղղաթիռը վայրէջք է կատարում Շահումյանում: Ոչինչ, կարելի է Գետաշեն հասնել նաև ձիով: Մի խումբ տղաների հետ ամբողջ գիշեր գնում էին լեռնային անտառներով: Լուսադեմին հասան արդեն դատարկված Մարտունաշեն: Հաջորդ օրվա վաղ առավոտյան թուրքե՞րը, թե ռուսները գնդակոծեցին ձիավորների խումբը: Կորուստներ եղան: Հասան Գետաշեն և իմացան, որ արդեն ուշ է, չափազանց ուշ: Բանակցություններ էին գնում գյուղը հանձնելու վերաբերյալ: Բայց վիրավորներ կային, և բժիշկներ Գևորգ Գրիգորյանը, Վալերի Խաչատրյանը և Սարգիս Հակոբկոխյանը պիտի գյուղից ելնեին նրանց ուղարկելուց հետո: Մայիսի 7-ի առավոտյան Գևորգը մի վերջին հայացք ձգեց իրեն հարազատ դարձած ողբերգական գյուղից և շարժվեց դեպի ուղղաթիռ:

… Նրանց ձերբակալեցին և փակ մեքենայով տարան Գյանջայի բանտ: Արժե՞ նկարագրել այն բոլոր խոշտանգումները, որ Գևորգ Գրիգորյանն ու նրա ընկերները 16 օր կրեցին թուրքական բանտում: Ռետինե մահակն ու անասնական աքացին իրենց ամբողջ մոլեգնությամբ չկարողացան չնչին իսկ վնասել նրանց ազգային արժանապատվությունը: Այդ ուժեղ մարդկանց, նրանց հետ` իմ ընկեր Գևորգ Գրիգորյանին, մենք չենք պատրաստվում ներկայացնել մեծ պատիվների: Դա նրանց հարկավոր էլ չէ: Միայն երբ Գևորգն ինձ հրաժեշտ էր տվել ու հեռանում էր, ձեռքս դրեցի մոտովս անցնող 10-12 տարեկան տղեկի ուսին և ասացի.

-Նայիր այն մարդուն, ճանաչո՞ւմ ես:
-Իսկ ո՞վ է…
-Հայ է,- ասացի,- իսկական հայ: Դու նրան էլի կտեսնես, նրա մասին էլի կլսես: Հիմա լավ նայիր, որ հիշես: Քո սերունդը պարտավոր է ապրել և պարտավոր է հիշել ամեն ինչ, որ կատարվում է այսօր: Ապրիր և հիշիր:

©Իգնատ Մամյան
«Ձայն օրինաց» 24-31 հուլիսի 1991թ. N20 (31)

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s