Ոսկեպարյան ողբերգության իրապատումը

«20-րդ դարավերջն է, համաշխարհային քաղաքակրթության արծաթե կարգերը ղողանջելով անցնում են մարդկային բանականության պողոտաներով, իսկ ես կրկնում եմ միջնադարի իմ ցավեղբոր հառաչանքը.

-Արցունքոտ է գիրս ու գրիչս դողդոջ, զի նորեն եկավ աղետ և թափվեց արյուն… Ցավ են սփռում զանգերը, և մութից արյան հոտ է փչում… Երկրի հողը տնքում է չարի ոտքերի տակ, երկիրը լցվում է նահատակների հառաչանքով: Ահավասիկ դարձյալ եկել է արյունարբուն` բերելով արցունք ու ավեր, ու նորեն պիտի գա, զի կարեկից է ամենայն ոք, բայց` ոչ օգնական… »: 

Մութից արյան հոտ է փչում…

Բայց այս անգամ մահվան հոտ փչեց, երբ փարատվում էր մութը, երբ լույսի ցնցուղներն ավետում էին լուսաբացը, որ դառնալու էր եղերական…

Եվ եղերական եղավ այդ լուսաբացը. 1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի ոսկեպարյան ողբերգությունը մեր նորօրյա պատմության արյունոտ էջերից մեկը դարձավ. Նոյեմբերյանի միլիցիայի 20 հոգանոց կարգախումբը և չորս ուղեկից քաղաքացիական անձինք ի՞նչ իմանային, որ ռուս դեսանտայիններն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը մահվան ծուղակ էին  պատրաստել և անհանգստանում էին իրենց ուշացման համար. («Ինչո՞ւ ուշացաք, երեք ժամ ձեզ էինք սպասում…»):

Ահա այս դեպքերի մասին է Իգնատ Մամյանի «Եղերական լուսաբաց» գիրքը, որ ընթերցողի լայն շրջանակներին է ներկայացրել «Նարեկացի» հրատարակչությունը:

Հեղինակը ծնունդով լինելով նույն շրջանից ու անձամբ ճանաչելով դավադրությանը զոհ գնացած հայրենի հողի պաշտպաններից շատերին, սրտի ցավով, տառապանքով է գրում նրանցից յուրաքանչյուրի մասին, ինքն էլ չկարողանալով հաշտվել անմեղ զոհերի եղերական մահվան փաստի հետ. «Եվ թող ների ընթերցողը, եթե նրանում նկատի որևէ վրիպում, քանզի գիրքը գրում եմ շտապ, տաք է ցավս և գրիչս` դողդոջ… »:

Թերթում ես գիրքը, և հայացքիդ առաջ հառնում են լուսեղեն կերպարները 20-25 տարեկան նվիրյալների, որոնք փակեցին աչքերը` «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»:

Բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, լրագրող. այս ամեն շնորհների գերազանց օգտագործմամբ ու համադրումով Իգնատ Մամյանն առավել ինքնատիպ, առավել ընթերցվող է դարձրել պատումների իր գիրքը.

Անձրևի տակ, գիշերվա մեջ ու տոթին
Փողհա՜ր, փչի՛ր կորուստների մեղեդին,
Փողհա՜ր, ցա՛վն է ահագնացել որպես հողմ…

Այս բանաստեղծությունը` «Ազատության հրապարակ, 1988», այն բոլոր կորուստների, ցավերի խտացումն է ասես, որ իր ժողովրդի բանաստեղծ որդին կանխազգացել և թղթին է հանձնել դեռևս մեր համազգային արթնացումի առաջին օրերին:

Իսկ ինչպե՞ս է ծնվել, լույս աշխարհ եկել գիրքը. իր անձնական ծանոթություններից, տպավորություններից զատ, հեղինակը առինքնող կերպարներ է կերտել` մերթ զրուցելով անմեղ զոհերի հարազատների, արյունակիցների հետ, մերթ երջանիկ պատահականությամբ դավադիր ծուղակից մազապուրծների պատմածները վերաշարադրելով, մերթ դիմելով հանրապետական մամուլում ոսկեպարյան ողբերգության անդրադարձումներին:

«Եղերական լուսաբացի» հրատարակման ընթացքը, մի շարք հանգամանքների բերումով, եղել  է չարչարանաց ճանապարհ, և նրա խմբագիր Լևոն Անանյանի, հրատարակիչների սրտացավ դրսևորումներով հանդերձ, հեղինակն այն ընթերցողներին է հասցրել ուղղակի տառապանքով: Գիրքն ամբողջությամբ փաստավավերագրական ակնարկների մի մատյան է, որ գալիք ժամանակներին է տանելու մաքառումներով լի մեր ապրած օրերի մղձավանջային դրվագներ: Իսկ թե սրանից զատ ինչ առաքելություն ունի` ասենք իր` հեղինակի տողերով. «Այս գրքույկը գրվում է բարձրացող սերնդի հիշողության համար, որ երբեք չմոռացվի անմեղ արյունը, և վրեժի զգացումը չունենա վաղեմության ժամկետ… »:

«Եղերական լուսաբացի»  «Գերեվարություն» բաժինը, որ տեսաժապավենի հանգույն ընթերցողին է ներկայացնում դավադիր ոճրագործության ողջ իսկությունը, բացում է նաև այն վարագույրը, թե ինչպե՞ս և ո՞ւր գերեվարվեցին այդ գիշերվա արշալույսից հետո ողջ մնացած  վիրավորները, ի՞նչ տառապանքների, կտտանքների ենթարկվեցին նրանք Ղազախում,  այնուհետև` Գյանջայի դժոխային բանտում… Սահմռկեցնող են հիշողությունները այդ խիզախ մարդկանց, ովքեր անգամ մահվան երախում գտնվելու երկարաձիգ օրերին չեն դավաճանել իրենց ազնվականական էությունը, վիրավոր ընկերների հանդեպ ունեցած պարտքի, պատասխանատվության զգացումին` ցուցաբերելով աներևակայելի անձնուրացություն, որն ապշեցրել է անգամ թուրքական բանտի հսկիչներին…

Ամփոփելով մեր խոսքը մեկ շնչով կարդացվող այս իրապատում մատյանի մասին՝ վերջին մեջբերումն եմ ուզում անել. «Այս գրքույկն, իմ կարծիքով, պետք է գրվեր: Նա իմ ծնրադիր աղոթքն է մեր զոհված տղաների շիրիմների առջև, իմ համբույրն է նրանց մայրերի` կորստյան ցավից դողացող ձեռքերին… »:

Այո՛, տաք ցավով է գրված «Եղերական լուսաբացը»: Հուզմունքից  դողացող ձեռքերով է գրված: Արցունքով է գրված:

…Ու ցավն այսպես պիտի մնա հավետ խոր,
Մեր հոգիներն արյունոտի ու տանջի,
Մինչև նրանց ճակատներին մեղավոր
Ճշմարտության խարազանը շառաչի…

Իսկ թե ստույգ ում` ցույց կտա ժամանակը:

Հակոբ Սրապյան
«Հայաստան», 16.12.1992

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.