«Հարգում եմ աչքերի մեջ ուղի՛ղ նայող տղամարդկանց»

Հ Ե Տ Ք Ե Ր

«Հիշում եմ սարսուռով: 85-ի գարնանը իմ հայրենիքում կռունկների երամը կործանվեց ջրամբարում: Նրանք չվել էին աշնանը, երբ ջրամբարը դատարկ էր…Ցավալի է, իմ սերնդակից գրողների երամը ևս կործանվեց…»:

Սրանք գրող Իգնատ Մամյանի խոսքերն են,որ նա ցանկացավ տեսնել մեր հարցազրույցի առաջաբանում: Իգնատ Մամյանը Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի պետն էր, իսկ հարցազրույցը վերաբերում է Վանո Սիրադեղյանին:

-Պրն Մամյան, Վանո Սիրադեղյանն անմեղ չէ, ինչպես անմեղ չեն իր ընկերները, որոնք այսօր իշխանության բուրգում են:

-Իմ համոզմամբ, մեղավոր և անմեղ բառերը շատ ծանր հասկացություններ են: Ո՛չ ես , ո՛չ դու, ո՛չ էլ մեր գրական աշխարհը, ո՛չ էլ «Երկիրը» իրավունք չունեն ոչ միայն Վանոյին, այլև ցանկացած մեկին մեղավոր կամ անմեղ անվանել: Դրա համար կա դատարան: Միայն դատարանը կարող է ասել՝ այս մարդը հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ:

-Հարցս կոնկրետացնեմ: Ինչու՞ հենց Վանո Սիրադեղյանը: Ամեն ինչ կպարզի դատարանը: Ինչու՞ հենց Վանոն, ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը:

-Ուզում եք ասել՝ ինչու՞ է այս ամենը միտված Վանոյի անձի դեմ:

-Ինչու՞ են Վանո Սիրադեղյանին «քավության նոխազ» դարձնում…

-Ովքե՞ր են դարձնում քավության նոխազ:

-Երևի դատական մարմինները:

-Դատական մարմինը վերջնականապես իր խոսքը չի ասել: Ընդհանուր տրամադրությունը ես կասեմ: Վանոյի ՆԳ նախարար եղած ժամանակ՝ 1994 թ. դեկտեմբերի 28-ին, ՀՅԴ-ի հետ կապված դեպքերը եղան: Ես լինեի նախարար, դու լինեիր նախարար, մենք կլինեինք կիզակետում: Ուրիշ ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել:

-Իսկ Վանո Սիրադեղյանը կարո՞ղ է լինել մեղավոր, թե՞ չի կարող:

-Ես դատավոր չեմ, քննիչ չեմ, դատախազ չեմ, ես առաջնորդվում եմ իմ ճանաչողությամբ , Վանոյի պատմվածքներով: Քիչ է պատահում, որ զգայուն մի պոետ հանկարծ մարդ սպանի:

-Ուրեմն այս ամենը ֆա՞րս է…

-Չգիտեմ… Իմ ճանաչած Վանոն չի կարող մարդ սպանել, պատվիրել: Եթե պարզվի, որ նա մեղավոր է, ուրեմն իմ ճանաչած Վանոն չէ:

-Համաձայն չեմ, թե «Երկիրը» միտված է Վանո Սիրադեղյանին մեղավոր ճանաչել: Շատ թերթեր ու կուսակցություններ կան, որոնք ոչ միայն նրան մեղադրում են, այլև անվանում մարդակեր:

-Ես ինչ իմանամ, թե՝ օրինակ, Արտաշես Գեղամյանը, թե մեկ ուրիշը պիտի նման խոսք ասի, կամ իր կուսակիցները…

-Պրն Մամյան, մեր զրույցը չի ստացվում: Այնուամենայնիվ, պիտի հարցնեմ՝ Վանո Սիրադեղյանի գործը քրեակա՞ն է, թե՞ քաղաքական:

-Ո՛չ քաղաքագետ եմ, ո՛չ դատավոր: Եթե ասենք՝ ոչ քաղաքական, ապա ինչու՞ այդ ամենը եղավ իշխանափոխությունից հետո: Սա ինքնին ենթադրում է, որ գործը քաղաքական է: Ինչու՞ էն ժամանակ ձայն չէին հանում:

-Չէ, բայց Վանոն ամենազոր էր, ինչպես ամենազոր է այսօր մեր վարչապետը: Էսօր Պինոչետին են մեղադրում ՝ այդ զառամյալ ծերունուն:

-Իսկ ինչու՞ չի խոսվում Վանոյի կատարած գործերի մասին:

-Խոսում են: Օրինակ, Աղասի Արշակյանը Վանո Սիրադեղյանին անվանում է մարդակեր, միաժամանակ նշում, որ շատ լավ գործեր էլ է արել: Բայց չեմ կարծում, որ որևէ մեկը չպիտի պատասխան տա, անկախ իր կատարած լավ գործերից:

-Ես էդպիսի բան չեմ ասում: Իմ ասածն այն է՝ ինչու՞ են բևեռվում Վանոյի վրա: Վանոն երկնքից չի իջել, մերն է եղել, ինչու՞ չենք հանդուրժում մինչև դատարանի վճիռը: Առաջին անիծողը ես կլինեմ, թեև իմ ճանաչողությամբ, իմ ներքին զգացումով վստահ եմ՝ Վանոն չի կարող այնպիսի մեղքեր գործել, ինչն այսօր վերագրվում է նրան: Աշխարհում ոչ մի բանի չեմ հավատա, եթե պարզվի, որ Վանոն մեղավոր է: Բայց ես չեմ սպասում դրա հավանականությանը…

-Պրն Մամյան, իսկ ինչու՞ չեք պաշտպանում Վանո Սիրադեղյանին, չեք միանում մտավորականների այն խմբին, որոնք պաշտպանում են նրան…

-Որքան գիտեմ, Հրանտ Մաթևոսյանն է ելույթ ունեցել, ուրիշին չգիտեմ: Ես նույն կարծիքին եմ, ինչ-որ Հրանտ Մաթևոսյանը:

-Իսկ ինչ կարծիքի եք այն մարդկանց մասին, որոնք Վանո Սիրադեղյանին պաշտպանելով՝ փորձում են «գրանտներ» ստանալ, հանդես են գալիս որպես մարդու իրավունքի պաշտպաններ և այլն , և այլն:

-Նման մարդկանց չեմ հարգում: Ես հարգում եմ աչքերի մեջ ուղիղ նայող տղամարդկանց:

— Դուք ասում եք, թե Ձեր զգացողությամբ Վանոն մեղավոր չէ: Ձեր զգացողությամբ նա դատվելու՞ է, թե՞ոչ:

-Եթե գործը մտել է դատարան, ուրեմն՝ դատվելու է: Այլ բան՝ դատվելուց հետո մեղավո՞ր է ճանաչվելու, թե անմեղ: Նույն բանն եմ ասելու՝ Վանոյի նման գրողը չի կարող այնպիսի հանցանքներ գործել, ինչն իրեն վերագրում են:

-Պրն Մամյան, Վանո Սիրադեղյանն անարգել գնաց Հայաստանից, իմ կարծիքով՝ իր հին ընկերների օգնությամբ, ապա կրկին վերադարձավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ազնվորեն ասում եմ՝ տեղյակ չեմ: Ինչպե՞ս է գնացել, ինչու՞ է գնացել, տեղյակ չեմ: Ես նրա հետ սկսել եմ կրկին շփվել , երբ զգացի, որ պետք եմ նրան:

-Այնուամենայնիվ, Դուք չե՞ք կարծում, որ Վանո Սիրադեղյանի հին ընկերները չեն դավաճանի: Չեն դավաճանի, ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը…

-ՀՅԴ-ի նշանաբաններից է, չէ: «Առավոտ» թերթն էլ իմ առնչությամբ էր գրել, երբ գնացի Վանոյի շտաբի պետ: Լավ կլիներ, որ հին ընկերները երբեք չդավաճանեին…

Զրուցեց Թաթուլ Հակոբյանը
«ԵՐԿԻՐ» 15/09/1999թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.