Չլդրանի կռիվը

Հատված «Արծիվների օրենքը» փաստագրական վիպակից

Արծիվների առաջին գումարտակը կազմավորվեց ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Նախապատրաստության բոլոր հարցերում արարողապետը Գարիկ Շառոյանն էր: Զինյալ շարժմանը նա մասնակցում էր առաջին օրից, Նոյեմբերյանում ջոկատ էր ղեկավարել, Գորիսի ինքնապաշտպանական կռիվներում գումարտակ էր առաջնորդել՝ դառնալով իսկական կադրային հրամանատար, և պատահաբար չէ, որ նրան էր վստահված դեպի Ղարաբաղ ելնող «Արծիվ-1»-ի ամբողջ նախապատրաստությունը:

Եռագույն ժապավենը ճակատին՝ ինչպես Եռաբլուրի գիշերային երդման արարողության ժամանակ, նա անընդհատ շարժման մեջ էր: Զենքն ու զինամթերքն էր ստուգում, մյուս հրամանատարների հետ մի վերջին անգամ թաքուն հայացքով զննում այն տղաներին, ովքեր մի քանի ժամ հետո մեկնելու էին կենաց ու մահու կռվի: Բոլորը գիտեին, որ թունդ, հրեղեն կռիվ է լինելու՝ կռիվ, որը կարող էր տևել միչև հաղթանակ կամ միչև իրենց վերջին հերոսամարտիկի մահը: Բայց իսկապես հերոսական է այն մահը, որը պսակվում է հաղթանակով: Դա նշանակում է, որ բոլորը, մինչև վերջին մարդը, պատրաստ էին զոհվել միայն հաղթանակի համար և ոչ պարզապես հերոսանալու:

…Թուրքը մտնում էր Չլդրան, արդեն գրավել էր գյուղի մատույցները և դեմ առել ինքնապաշտպանական խմբերի ուժեղ դիմադրությանը, որը, եղած հնարավորություններից դատելով, չէր կարող երկար շարունակվել: Այնտեղ տղերքը կռվում էին զինամթերքի ծայրահեղ խնայողությամբ, թիկունքից գրեթե ոչ մի օգնություն չստանալով՝ ո՛չ կենդանի ուժ, ո՛չ զենք ու պարեն: Զոհեր շատ էին տվել, շատ էին նաև վիրավոր վիճակում, արյուն տալով կռվողները: Չորրորդ վաշտն ամբողջությամբ ուղևորվեց Չլդրան: Թշնամին ընկրկեց ճակատին հասցվող հուժկու հարվածներից: Սկսեց աշխատել հեռահար հրետանին՝ հող ու երկինք խառնելով իրար:

Վեցերորդ դասակը Գարիկ Շառոյանի հրամանատարությամբ պիտի դիրքեր փորեր ու ամրանար գյուղամերձ արևելյան լանջին, ուր տեղը շատ հարմար էր թշնամու թե՛ հետևակի, թե՛ տանկային գրոհներն ընդունելու համար: Թշնամին լավ էր հասկանում, որ այնտեղ հայերի դիրքավորվելուց հետո իր հետագա առաջխաղացումը ոչինչ չէր տա, բացի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի ծանր կորուստներից: Եվ «Գրադ» կայանքը հնարավորին չափ ճշգրիտ նշանառությամբ ականների տակ էր պահում արևելյան լանջը: Հասունացած եգիպտացորենի թանձրախիտ արտը բզկտվում էր հարյուրավոր ականների պայթյուններից, հողն անընդհատ երկինք էր շատրվանում՝ ամեն ինչ թաղելով փոշու ամպերի մեջ: Բայց վեցերորդ դասակը այդ դժոխքի մեջ շարունակում էր դիրքեր փորել: Յոթ օր անընդմեջ փորում էր: Մոտավոր հաշվարկներով՝ ամեն օր դասակի տղաներից յուրաքանչյուրին չորս ական էր հասնում: Սնունդ չկար,ջուր չկար, հանգստի մասին խոսելը անհեթեթ բան է՝ փորձիր հանգստանալ դղրդացող պայթյունների, ականների մահագույժ սուլոցի տակ, որոնցից ամեն մեկը կարող է քո վերջը լինել: Եվ դասակը շարունակում էր աշխատել: Տղերքը, ոտքից գլուխ փոշու մեջ կորած, հազիվ էին ճանաչում իրար: Քաղցն ու ծարավը անտանելի էին դառնում, բայց գիտեին, որ իրենց թիկունքի անտառում ուժեր են խմբավորվել, թշնամին պատրաստվում է մեծ գրոհի, և իրենք ի վերջո կշարժվեն տեղից, որն առավել ցանկալի է, քան խլուրդի նման անընդհատ փորելն ու արկերի պայթյուններին պարզապես դիմանալը: Յոթ օրվա ընթացքում դասակը երկու զոհ էր տվել, որը, մեղմ ասած, կարգազանցության արդյունք էր: Քաղցին այլևս չդիմանալով՝ դուրս էին եկել խրամատից, գնացել եգիպտացորենի կողրեր բերելու:

Հարյուրավոր պայթյուններից նրանց ականջները խլացել էին, ոչ ոք ոչ ոքի չէր լսում, հրամանատարը ձեռքի շարժումներով էր նրանց հասկացնում իր ասելիքը: Շատերի նյարդերը այլևս չէին դիմանում դժոխային այդ վիճակին: Ուզում էին շարժվել, կռվել, թեկուզ՝ զոհվել, միայն թե ազատվեին փոշու և դղրդյունների այդ գեհենից:

Յոթերորդ օրվա վերջում Չլդրանը արևելյան կողմից պաշտպանված էր հուսալի դիրքերով: Թշնամին, որ գյուղի մատույցներից հետ էր նահանջել, հետախուզության տվյալների համաձայն պատրաստվում էր ուժեղ գրոհի: Վերջապես վեցերորդ դասակը կարողացավ, գոնե մինչև այդ գրոհը, շունչ քաշել, սնվել ու փոքր- ինչ հանգստանալ: Թիկունքի անտառներում կուտակվել էին Ստեփանակերտից եկած մի քանի զինախումբեր: Մարտակերտի Կիրոն մի քսան հոգանոց խմբով միացավ Գարիկի դասակին: Կիրոն խոսում էր, և Գարիկը տեսնում էր միայն նրա շուրթերի շարժումը: Դասակի հրամանատարի ականջներում յոթօրյա պայթյունների զարհուրելի փոթորիկն էր, և մարտակերտցի ֆիդայու շուրթերից ոչ մի բառ չլսելով հանդերձ՝ հասկացավ նրա ցանկությունը՝ քսան հոգով միանալ դասակին:

Չանսալով շտաբից եկած հաղորդմանը, թե վեցերորդ դասակը, իր դիրքերը թողնելով Ստեփանակերտից եկած զինախմբին, կարող է հետ քաշվել կարճատև հանգստի, դասակի հրամանատարը պատասխանեց չոր ու վիրավորված.

-Ես իմ դիրքերը ոչ ոքի չեմ տա, նույնիսկ՝ յուրայիններին: Իմ փորած դիրքերում իմ դասակը պիտի կռվի:

Դասակի հոգնած ու խլացած տղերքը հպարտությամբ ընդունեցին հրամանատարի՝ դիպուկ կրակոցի պես ճշգրիտ պատասխանը:

-Հետ չենք քաշվի ,- ասաց գյումրեցի Երվանդը:

-Խլացել ենք, բայց չենք կուրացել, տեսնում ենք թշնամուն,-հատեց բաղրամյանցի Մկրտիչը:

-Եթե մեր հանգստի մասին են մտածում, թող զինամթերք ու սնունդ ապահովեն, ու մենք հանգիստ կլինենք,- հայտարարեց երևանցի Մարտինը:

-Դիրքերը մենք պատրաստենք, թշնամուն ուրիշնե՞րը դիմավորեն,- ըմբոստացավ 19-ամյա գնդացրորդ Մհերը:

— Այստեղ ուրիշներ չկան, այստեղ բոլորը մենք ենք, միայն թե ամեն մարդ ի՛ր տեղում պետք է կռվի,- ինքն իր մեջ թե բարձրաձայն դասակի կարծիքն ամփոփեց Գարիկը:

Թշնամու ականապատ լռությունն ամեն րոպե կարող էր պայթել: Չլդրանի շրջակայքում դիրքավորված ուժերը, որոնց մեջ էր, դառը կատակով ասած, խլացածների դասակը, շատ լավ գիտեր դա և ըստ ամենայնի պատրաստ էր դիմագրավելու: Աշնանամուտի հրեղեն գույներով վառվում էին ըմբոստ երկրի անտառները: Հաճարենու բնին թիկնած՝ նկարիչ Գարիկ Շառոյանը գունագեղ անտառաշխարհի պատկերները տեղավորում էր երևակայության շրջանակների մեջ, և ի՜նչ հրաշալի կտավներ էին դրանք, վանգոգյան արևի ի՜նչ շքեղությամբ էին նայում դարերին: Չէր հիշում , թե վերջին անգամ երբ էր վրձին վերցրել: Ու այսուհետև կվերցնի՞ արդյոք, թե՞ ճակատագրով այլևս դատապարտված է զենքին ու երկրի պաշտպաությանը: Այո՛, իր նմանը պիտի երկիրը պաշտպանի, որպեսզի ուրիշ նկարիչներ կարողանան նկարել: Տեսակի հարց է: Հիշեց, թե ինչպես էին Երևանից մի խումբ քանդակագործներ հասել Կիրանց և պահանջում էին զենք տալ իրենց, առաջնորդել դիրքերը:

-Պատերազմի ժամանակ նույնիսկ ջութակահարը պիտի զինվոր դառնա, ինչ մնաց կոշտացած ձեռքերով քանդակագործը,-ասում էր Բենիկ Պետրոսյանը:

Նա ճիշտ էր ասում, բայց իր ձևակերպումը, թերևս, առավել ընդգրկուն է՝ այո՛, երկրի ծանր պահին չպարտադրված զինվորությունը տեսակի խնդիր է, բռունցքների հզորությունը ոչ մի կապ չունի ոգու ուժի հետ: Քի՞չ բռնցքամարտիկներ կան, որ պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չեն լքել տաք ու ապահով Երևանը: Եվ վանաձորցի Սամսոն Խաչատրյանն էլ է բռնցքամարտիկ՝ նա, ով իր ջոկատով 1991 թվի մայիսին վերջինը հեռացավ ռուսական տանկերով շրջափակված Ոսկեպարից:

…<<Գրադի>> արկը խփեց անտառափեշին՝ վիթխարի հողասյունի հետ երկինք հանելով պտղավոր մամխենու մեծ թուփը: Թշնամու դիրքերից օդ արձակվեցին մի քանի հրթիռներ: Գրոհը սկսված էր: Պարզ երևում էին անտառակից դուրս սողացող տանկերը, որոնց հաջորդում էր խաժամուժ հետևակը: Նրանց թիկունքից աշխատում էր ծանր հրետանին՝ ցաքուցիր արկեր շաղ տալով հայկական դիրքերից հեռու, անտառոտ բարձունքներին: Կարճատև հանգստի ընթացքում դասակի տղաներից մի քանիսին, ովքեր այլևս չէին կարող մնալ դիրքերում, Գարիկն ուղարկել էր թիկունք: Նրանց տեղը զբաղեցրել էին Մարտակերտի Կիրոյի տղերքը: Անտառում տեղակայված մեր հրետանին դեռևս չէր աշխատում, երևի սպասում էր տանկերն ավելի մոտենան , որպեսզի կրակն անվրեպ լինի: Գարիկը չորս տանկ էր տեսնում: Էլ չունե՞ն ինչ է, թե՞ այդքանն էլ բավական են համարում հայերի պատնեշը քանդելու համար: Պատանի գնդացրորդ Մհեր Խեչոյանը, զենքին ձուլված, մերթ հրամանատարին էր նայում, մերթ մոտեցող թշնամուն: Հաջորդ պահին նրանց թիկունքից որոտաց հրետանին և, գրեթե հրամանը չնկատելով, պատանի գնդացրորդը տրվեց իր հրեղեն տարերքին: Գարիկը տեսավ, թե ինչպես առջևից եկող տանկը վայրի սև ցուլի պես ծառս եղավ արկի հարվածից ու սկսեց տեղում կատաղի պտտվել՝ գնդացրից կրակ մաղելով թե հակառակորդի, թե յուրայինների վրա: Առաջին տանկի կորուստն ակնհայտ շփոթության մատնեց գրոհող թշնամուն: Եթե նույնիսկ չլիներ թիկունքի անտառից երկինք թռած հրթիռները, թշնամու այդ ճակատագրական շփոթմունքի պահին ինքնապաշտպան հայ զինախմբերը ելնելու էին հակագրոհի: Ահավոր թոհուբոհի մեջ այլևս հասանելի չէր ոչ մի հրաման ու հրահանգ: Նրանք տեսնում էին միայն թշնամուն և մղվում դեպի նա: Վեցերորդ դասակի դիրքերի ուղղությամբ, գնդացրային կարկուտ տեղալով, մոտենում էր մի զրահամեքենա:

-Իմն է,-գոռաց արվեստագետ Գրիգորը,-առաջինը ես եմ տեսել,-և նռնականետը ձեռքին՝ շեղակի փորված խրամատով նետվեց դեպի զրահամեքենան: Պատերազմում ամեն ինչ կատարվում է հաշվված վայրկյանների ընթացքում: Այդպես եղավ և հիմա: Նույն ակնթարթին զրահամեքենայի վրա որոտացին մի քանի նռնականետեր: Հետո նա կողքի շրջված ծխում էր, և քիչ անց բռնկվեց:

Ինքնապաշտպաններն ամբողջ ճակատով անցել էին հակահարձակման: Չլդրանի տակ՝ կաղամբի բոստանի մեջ, դարձյալ վառվում էր մի տանկ: Իսկ երրորդ տանկը գոմերի մոտ՝ հասցնելով վերջին կրակոցով օդ հանել գյուղի տանիքներից մեկը: Խփվեց նաև էլի մեկ զրահամեքենա, և թշնամին, այլևս չդիմանալով հայկական զինախմբերի հուժկու հարվածներին, երեք տանկ, երկու զրահամեքենա և հարյուրավոր դիակներ թողնելով՝ սկսեց խուճապով նահանջել: Ռազմադաշտը ծխում էր: Ռազմադաշտը ողողված էր դիակներով, վիրավորների հառաչանքներով ու օգնության կանչերով: Աշնան թանձրացող գիշերը փորձում էր ամեն ինչ ծածկել խավարով ու չէր կարողանում: Երկնքում հայտնվել էին առաջին ագռավները, որ մահաշունչ կռկռոցներով, սառն ու դեղին բիբերը շողացնելով պտտվում էին դեռ տաք դիակների վրա: Հայ զինախմբերն էլ էին զոհեր տվել: Թանկ ու անփոխարինելի կորուստներ:

Գարիկ Շառոյանը ծնկի էր եկել արվեստագետ Գրիգորի մարմնի առաջ ու քարացել: Ե՞րբ, ո՞ր պահին զարկվեց Գրիգորը: Ինքը չգիտեր, ինքը չէր տեսել: Ընդհանրապես ոչ ոք չի տեսնում մոտեցող գնդակը կամ արկի բեկորը : Պատերազմը նաև դրանով է սարսափելի: Կիսաբաց կոպերի տակից Գրիգորը նայում էր պաղ ու պարզ երկնքին, և նրա աչքերի մեջ թույլ ցոլում էին մոտակա բարձունքին վառվող տանկի բոցերը: Ուսին ձեռքի հպում զգալով՝ Գարիկը դանդաղ վեր շրջեց դեմքը: Ալիկ Պետրոսյանն էր: Խոսում էր, ու ինքը ոչինչ չէր լսում: Հետո, շատ հետո Ալիկը՝ այժմ պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը, պատմելու էր.

-Դասակի գրեթե բոլոր տղաները կոնտուզիայի վիճակում էին: Դա առավել ուժեղ էր արտահայտված Գարիկի մոտ: Ականջներից արյուն էր գալիս, ոչինչ չէր լսում: Խնդրում էի դիրքից դուրս գալ ՝ չէր ենթարկվում: Չենթարկվեց նաև սանիտարներին: Հետո դարձավ դեպի ինձ ու սկսեց գոռգոռալ, դժգոհել ինչ-որ բանից: Մենք ընկերներ էինք, միասին շատ փորձությունների միջով էինք անցել, բայց ես Գարիկին երբեք չէի տեսել այդ վիճակում…

…Գրիգորին ես պիտի տանեմ Հայաստան, մասնակցեմ հուղակավորությանն ու վերադառնամ,-հրամանատարներ,- ասաց Գարիկ Շառոյանը: Եվ հավաստեց՝ երեք օր կտևի: Երեք օր հետո ժամը 11-ին կներկայանամ: Երեք օր հետո՝ ժամը 11-ին, Գարիկը ներկայացավ շտաբ:

Իգնատ Մամյան
«Հայաստանի Հանրապետություն» 31/03/1999թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s