Հայ դասական քերթության ոգեկիրը

«Միջակին միջակ թե չկոչեմ,
Քանքարին ի՞նչ անունով կանչեմ»:
Այրում, 1997

Մեր շատ սիրելի հայրենակիցը, նվիրյալ հայորդին, նշանավոր հրապարակախոսն և  ակնարկագիրը (հիշենք` գեղարվեստական ակնարկներ ժողովածուն), վաստակաշատ  լրագրողն ու խմբագրապետը (վկա` իր բազմամյա և բեղուն գործունեությունը «Ծիածան», «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Ձայն օրինաց», «Իրավաբանական թերթ», «Առավոտ» և այլ լրագրերում ու պարբերականներում), գրքից  գիրք առնականացող վիպասանն  ու վավերագրողը (ապացույց` «Հիշողության կղզիներ» վիպակը, «Մեթերհեմ բանտի կալանավորը» վեպը և վավերագրական վիպակների շարքը) բոլորում է կյանքի 5-րդ տասնամյակը:

Ես քնարերգակ  կամ բանաստեղծ բառերը չարտաբերեցի  այն պարզ պատճառով,  որ թվարկածս  մասնագիտությունները ձեռքբերովի են, համառ, նպատակասլաց  ու տքնաջան  աշխատանքի արդյունք, մինչդեռ  կոչումով ու աստվածատուր շնորհով Իգնատը բանաստեղծ է, հայ և հայաբույր քնարերգու, քանզի իր չափածոն` հոգեբանական, խոհական, ազգային և համազգային բովանդակությամբ, բարոյական ըմբռնումներով ու խտացված ընդհանրություններով, աղերսվում է մեր հին, միջնադարյան նոր ու նորագույն քերթությանը: Այս չափանիշներով և այս իմաստով Մամյանը  հայ դասական պոեզիայի ոգեկիր ասպետներից մեկն է:

Բանաստեղծական  երեք  ժողովածուների հեղինակ է Իգնատը: Դրանք թվով քիչ, ծավալով փոքր են թեև, բայց ավելի  քան տարողունակ  են, ընդգրկուն, առաձգական և կենսունակ:

«Հանդի հացը», օրինակ, կենսունակ է կյանքի, հայրենիքի, բնության և մարդու վեհագույն  զգացմունքի` սիրո դրսևորումների գովքով:

Այս գրքի ընդհանուր շղթայում ոսկե օղակն, անշուշտ ,«Ի՜նչ ձիեր էին, ի՜նչ ձիավորներ….» սքանչելի բանաստեղծությունն է: Եթե կա առարկող, ապա թող  հիշի և  հուշի մոռացկոտիս, թե  վերջին  երկու-երեք տասնամյակում բանաստեղծի կոչում կրող տասնյակ տառապյալներից որևէ մեկը երկնե՞լ է այսչափ սրտահույզ քերթվածք:

Երկրորդ ժողովածուն կենսունակ է խոհականությամբ, քաղաքացիականությամբ, մարդկության ապագայի նկատմամբ մտահոգությամբ ու  տագնապներով:

Որակական նոր աստիճան, կենսափորձի և իմաստության բարձրագույն արտահայտություն է «Ոգեկանչը», որին համագրական  և հանրային լայն ճանաչում  է սպասվում: Այն փիլիսոփայական  մտորումների շարք  է տիեզերական առեղծվածների` ծննդի  և մահվան, ներդաշնակության և խառնակության, մարմնի և հոգու, չարի և բարու, սիրո և փորձության, առաքինության ու անառակության փոխկապվածության մասին: Բանաստեղծը անտեսանելին դարձնում է տեսանելի, անասելին` լսելի,  անզգալին` զգալի: Վստահ եմ, որ ժամանակը կնպաստի այս գրքի խորքերի բացահայտմանն ու  ըստ արժանվույն  գնահատելուն:

Խնդրո առարկա  ժողովածուների թեմաներն ու մոտիվները  ձեզ քաջ ծանոթ են թեև, բայց մեկ-երկու խոսք սիրո քնարի մասին:

Բարեհունչ, սրտառուչ, բազմալար ու բազմաձայն, լուսավոր թախիծով պարուրված այդ քնարը սրբազան հույզերի ու ապրումների հիանալի կառույց է` հոգեբանորեն խոր, մարդկայնորեն` անմիջական:

Տառապանք ու վայելք, կորուստ ու կարոտ, բարձունք ու անդունդ, ժպիտ ու արցունք, խանդ ու կսկիծ, լուսավոր երազ ու խորտակված պատրանք, հույսի նշույլ ու լույսի շող: Սիրո հանճարեղ երգիչը` Սայաթ-Նովան,  կասեր` Իգնա՛տ, «Աստված վըկա, մարթ չըքաշե` դըժար է էշխի կըրակըն…»: Բայց դե Իգնատը կարո՞ղ է  չընդդիմանալ, չառարկել թեկուզև  եռամեծ հանճարին: Եվ ճիշտ կլինի յուրովի, քանզի ուրիշ է սիրո իր հավատամքը.

Սերն` արարչական վեհ ճշմարտություն,
Թող որ զարդարի քո բախտն ու հոգին,
Նա է պարգևել տառապյալ մարդուն
Ապրելու տենչն ու ճախրանքի ոգին:

Թե չկա սիրո շշուկը քո մեջ,
Թե չես տրվել դու նրա տաք ցավին,
Թեկուզ հանճարեղ` անճար ես մի խեղճ,
Ու թեկուզ արքա` ճորտ ես տակավին:

Ինչպես տեսնում ենք` համապարփակ մտահորիզոնի տեր` ներանձնական խոհերը, հույզերն ու ապրումները բանաստեղծը դարձնում է անանձնական, խտացնում ու ներկայացնում այնպես, որ ընթերցողը համակվում է հեղինակի տրամադրությամբ, նրան ընդունում որպես սեփական հոգու թարգման:

Մեր հոբելյարը դեռևս «Հանդի հացով» է հասել դրան, որովհետև, ինչպես ասացի, շնորհը երկնատուր է, երևակայությունը` անսպառ, ոճը` անհատական, ձայնը` ուրույն: Հարուստ է քնարերգուի զինանոցը, ուստի գրում է պարզ, ապրումով, կարոտով, ջերմությամբ, սիրով, նաև  ցավով ու տառապանքով: Եվ սա շնորհիվ այն իրողության, որ երբեք չի կտրվում հարազատ արմատներից, չի անտեսում հայրենի գրականության ավանդույթները, տուրք չի տալիս մոդեռն կոչվող  ու ժամանակավրեպ «արվեստին», չի խարխափում օտար ափերում: Ընդհակառակը` ամուր կանգնած ազգային հողի վրա` սնունդ է առնում իր ժողովրդի  հոգևոր ակունքներից, թրծում իր էության բովում, բեկում սեփական աշխարհընկալման պրիզմայով  և արարում իմաստալից ու ինքնատիպ աշխարհ, որ առանց վարանելու կարող ենք կոչել` մ ա մ յ ա ն ա կ ա ն: Ահա թե ինչու ինքն առանձնանում է ոչ միայն հատկանշական ներկապնակով, վաստակի չափ ու կշռով, համեստությամբ, այլև քերթողական բարձրաթռիչ հասակով:

Ավագ ու կրտսեր  բանաստեղծներից  շատերը, օրինակ, որպեսզի հասնեն Իգնատ Մամյան  պոետի  անութներին, լավագույն դեպքում, ուսերին, երկնամուխ բարդիների կատարները պիտի ելնեն, թե  չէ «ավանակի վարգին համահունչ ներշնչանք ունենալով` փորձում են փառաբանել ազատ  ձիու հրաշալի սլացքը» (իր խոսքերն են) և գրեթե միշտ  ձախողվելով` թերասացությունը, անճարակությունը, մտքի աղքատությունը  ներկայացնում են  իբրև  ստեղծագործական  հնարք, նույնիսկ ձեռքբերում:

Այս խոսքերը ներկա հանդիսությամբ պայմանավորված «շուտանցիկ ոգևորություն» չեն: Բացե՛ք իր գրքերից  որևէ մեկը և դուք կհամոզվեք, որ արծիվ, նժույգ, կաղնի, ժայռ երգողի երևակայությունը արծվի ճախրանք ունի, նժույգի սլացք, որ իր բունն ու արմատները նույնքան  հաստաբեստ  ու  խորասփյուռ են, որքան անտառ արքայի բունն ու արմատները, որ իր անձն ու հավատամքը անսասան են ժայռի նման: Վերջերս գրում է նաև օձերի մասին. սա էլ աներկբա ապացույց է` իմաստության բարձունք թևակոխելու:

Բարեկամնե՛ր, ես, իհարկե, շատ հեռու եմ այն մտքից, թե հիշյալ ժողովածուներում թույլ բանաստեղծություններ չկան, բայց այստեղ էլ ես եմ ուզում ընդդիմանալ և հիշեցնել, կարծեմ թե, Հայնեի այն խոսքը, որ իսկական բանաստեղծը թույլ երգեր կարող է ունենալ, բայց ավելորդ` երբեք: Հավելեմ, որ Մամյանի քերթվածքներից յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի ոչ միայն հեղինակի, այլև պոեզիայի սիրահար ամեն մի ընթերցողի հոգում, որովհետև ընդհանուրը և գերակայողն այդ ոչ ավելորդների մեջ դարձյալ կենսասիրությունն է, բարությունն ու հավատը…

.   .   .

1970-80-ական թվականներին Իգնատ Մամյան բանաստեղծի ունկը հայրենի հողին էր` լսելու համար հեռվից եկող դոփյուն ու խրխինջ, մատը` երկրի զարկերակին` անհամաչափ տրոփյունը (առիթմիա) շուտափույթ կարգավորելու որդիական անհանգստությամբ: Ինքն այդ ժամանակ ապրում ու շնչում էր (այժմ էլ նույնն է) օրվա հոգսերով ու տագնապներով, պահանջներով ու նպատակներով: Եվ եթե իր հարցադրումներին ու ահազանգերին ունկնդիր լինեին վերին ատյաններում, ապա, համոզված եմ, Հայաստանում` հատկապես գյուղական շրջաններում, կենսակերպն այսքան ողբալի չէր լինի:

Բնապահպանական և արցախյան շարժման առաջին իսկ օրերին Մամյանն առանց վարանելու նետվեց պայքարի թոհուբոհի մեջ` հանուն Նոր Հայաստանի, հանուն Արցախի: Քանի՞ գրող հետևեց հայրենիքի սահմաններն  ու անկախությունը զենքը ձեռքին պաշտպանելու իր իսկ կարգախոսին: Երևի թե` եզակի, և այդ եզակիներից մեկը մեր հայրենակիցն էր: Ի՞նչը խոսեց իր մեջ` գրո՞ղը, մա՞րդը, քաղաքացի՞ն:

Առաջին հերթին` հայը և հայրը, հետո` բոլորը միասին: Սա բառախաղ չէ: Քչերս գիտենք, շատերը` չգիտեն, որ Իգնատն այլ կերպ վարվել չէր կարող. գաղափարագիր ու գաղափարախոս էր, դարձավ դրոշակակիր, քանզի կրկնում եմ, իր մտահոգությունն ու նպատակը հայրենիքն էր և է` հայրենիքը:

Խոնարհվում եմ գրող մարտիկի առաջ և փառք տալիս Աստծուն, որ իր սիրասուն զավակի հետ վերադարձավ. վերադարձավ ընտանիքին, մեզ` իր ընկերներին ու մտերիմներին, հասարակությանը, գրականությանը, իր կոչմանը… Այժմ էլ հարազատների, բարեկամների, ընկերների, հայրենակիցների ու իր պոեզիայի երկրպագուների հետ ներկա է իր երեկոյին, լսում է գնահատանքի անկեղծ, անաչառ ու սրտաբուխ խոսքեր: Ահա թե ինչու, բանաստեղծի հոբելյանի նշումը նաև այս առումով է անհրաժեշտ. հանրությունը պետք է իմանա իր արժանավոր զավակի կյանքի ու գործունեության մասին, գնահատի  պատշաճորեն և, եթե քիմք ունի, համեստորեն ու անաղմուկ իր գործն անող նվիրյալին զատի հավակնոտ միջակություններից ու կեցվածքամոլ վայ-հայրենասերներից:

.   .   .

Իգնատ Մամյանը ցայտուն գծերով օժտված, պրպտող, անհանգիստ, ձեռք բերածով երբեք չբավարարվող անհատ է: Իբրև մարդ և ընկեր` մեղմ է, բարի, արժանապատիվ, առաքինի, շիտակ, անդավ, անկաշառ… Հրաշալի ընտանիքի հայր է կամ ընտանիքի հրաշալի հայր (բառն իրենք կտեղադրեն, որտեղ որ նպատակահարմար գտնեն), ոչ այնքան բազմանդամ գերդաստանի անբեղ, անմորուս նահապետ: Կարևորագույն մի հատկանիշ ևս. հումորն իր կենսակերպն է, որովհետև «հումորից զուրկ մարդը անապատի չոր փշաթուփ է» (սրանք էլ իր խոսքերն են), որովհետև «հումորը կյանքի աղն է»:

Այսուհանդերձ, որպեսզի դիմանկարի ուրվագծերը թերի չմնան, հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում պարոն Մամյանը ոստիկանապետ էլ դարձավ: Ցավոք, չեմ կարող ասել` ինչպիսի, որովհետև հետը չեմ ծառայել, ոչ էլ բերման եմ ենթարկվել իր կողմից, որի համար պիտի շնորհակալ լինեմ, քանզի չար լեզուներն ասում են, թե, իբր, այնքան քիչ էր կալանավորում, որ երբ անհրաժեշտ էր լինում թվային որոշակի կազմ ցուցահանել (պլան պիտի կատարի, չէ՞), վանդակաճաղերի հետևում, հորդորով թե սպառնալիքով, իր մտերիմներն էին հայտնվում…

Եվ դարձյալ դառնամ ու փառաբանեմ գրող մարտիկին. այսուհանդերձ` ինքը բանաստեղծի ու բանաստեղծության  մարմնացում է` ամենուր և ամեն պահ` առօրյայում, աշխատանքում, ընկերական հարաբերություններում, գրիչ կա ձեռքում, թե ավտոմատ, մեքենայի ղեկ, թե ոստիկանական դագանակ, մի գավաթ սուրճ, թե մի թաս գինի, տանն է, թե դրսում, մեկ է` բանաստեղծ է ամեն ինչում, ամեն ինչով  և անպայման` շաղախված ընկերական  շարժ  ու հումորով…

Դե՛, ես էլ խոսքս  ուզում եմ վերջացնել իր լուրջ ու խորունկ տողերով.

Քո խաչը ծանր է, ճանապարհը` ձիգ,
Բայց մի՛ անիծիր բախտն ու արարչին.
Քեզ չէ՞ որ ինքդ դատապարտեցիր
Այս ճամփորդությանն ու ծանր խաչին:

Ուրեմն զսպի՛ր ճիչդ կերկերուն.
Եվ ՍԵՐ անվանիր ցավը քեզ տանջող,
Խաչը կրում  են կամ էլ չեն կրում,
Այն քարշ  չեն  տալիս փշերի միջոցով:

Նման  ճամփորդությունն ու ծանր խաչը, կամա թե ակամա, Աստված իր ընտրյալներին է բաժին հանում:

Հրաչիկ Բայրամյան
Երևան-Այրում
8 նոյեմբերի 1997 թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.