ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ

IgnatMamyanՀարցազրույց բանաստեղծ և հրապարակախոս Իգնատ Մամյանի հետ

-Երկու ամսից տեղի կունենա Գրողների միության հերթական համագումարը: Հասարակության այն մասը, որին հետաքրքրում է մեր գրական կյանքը, ուշադիր հետևում է մերթընդմերթ բորբոքվող «կռիվներին»:

-Գրողների միությունը թատրոն չէ, որի ներկայացումները ձեր ասած հասարակությունը ընդունի կամ չընդունի: Նա կարող է գնահատել իրեն մատուցվող գրական արժեքը՝ ինչպես կարողանում է կամ ինչպես ուզում է: Բայց գրողի հետ հասարակությունը գործ չունի, ինչպես, ասենք, վերջին երկու տասնամյակում գործ չի ունեցել նրա հոգսի ու ցավի, տագնապի ու տառապանքի հետ: Մենք ի վիճակի ենք ինքներս քննելու և գնահատելու մեր ընտանիքում կատարվող երևույթները:

— Այսինքն՝ եթե բանաստեղծներից մեկը քննադատում է ընդունված հեղինակություններին, դա նու՞յնպես գրողների «ներքին գործն է»:

-…Այսօրվա գրողը նույն ինքը՝ բոլոր ժամանակների գրողն է, և գրականությունը մնում է նույն տաճարը: Ասված է՝ գրականություն եկող ամեն ոք տաճար մտնողի զգացողություն պիտի ունենա: Այո, գրականության մեջ մենք մեզ պիտի զգանք ինչպես տաճարում, ուր բացառված են ատելությունն ու թշնամանքը: Եվ պիտի, և պարտավոր ենք այնպես անել, որ մեր տաճարը չդառնա Բաբելոնյան աշտարակ:

-Վերջին տարիներին Դուք ավելի շատ տուրք եք տալիս արձակին: Այս օրերին էլ հանրապետության թերթերից մեկը շարունակաբար տպագրում է ձեր վեպը Ոսկեպար գյուղի ինքնապաշտպանության մասին: Դա այն հին ու հայտնի երևույթն է, երբ բանաստեղծները պոեզիայի մի քանի գրքեր տպագրելուց հետո ընդմիշտ ու հիմնավորապես հանձնվում են արձակին:

-Չէի ասի: Գրական ժանրերի մեջ բետոնե պատնեշներ չկան, և արձակ ստեղծագործություններ են հրատարակում նաև իմ մյուս բանաստեղծ ընկերները՝ Արմեն Մարտիրոսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արմեն Շեկոյանը, գրեթե բոլորը: Եվ կա բանաստեղծի արձակ հասկացություն, որը խոստանում է չափազանց զգայուն, հոգեկան ու հոգեբանական նրբին կերտվածքներով գրական գործեր: Դրա ամենաթարմ վկայությունը Էդվարդ Միլիտոնյանի՝ վերջերս «Գարուն» ամսագրում տպագրած «Աներևույթ տրամվայը» դրամատիկ գործն է:

-Հաճախ ժամանակի հետ փոխվում է վերաբերմունքը գրողի և նրա ստեղծագործության նկատմամբ:

-Ինձ համար դա անընդունելի է: Ի՞նչ ժամանակներ պիտի գան, որ Չարենցը դադարի մեծություն լինելուց կամ նսեմանա Թումանյանի հանճարը:

-Մեր ժամանակի ամենամեծ հայ գրողը…

-Պարզ է՝ Հրանտ Մաթևոսյանը: Մենք բոլորս պիտի երջանիկ լինենք. նրա հետ ապրեցինք նույն ժամանակում, նույն երկնքի տակ:

-Հրանտ Մաթևոսյանից հետո գրողների միության նախագահ դարձավ Լևոն Անանյանը: Առջևում ընտրություններ են, Ձեր կարծիքով ո՞վ կլինի հաջորդը:

-Դարձյալ Լևոն Անանյանը:

-Դու՞ք եք այդպես ուզում: Հայտնի է, որ ժամանակին ձեր համատեղ աշխատանքը չստացվեց:

-Նա կլինի՝ թեկուզ ես դա չուզենամ: Նա կլինի, որովհետև նրան հաջողվեց իրականացնել Գրողների միության վաղեմի երազանքը՝ ունենալ սեփական հրատարակչություն, որը տարեկան չորս տասնյակ գիրք է հրատարակում: Նա կարողացավ ետ բերել օլիգարխների կողմից խլված մեր պոլիկլինիկան: Կարողացավ ավերված բանկի փոշիներից փրկել գրական ֆոնդի 40000 դոլարը: Կարգի բերեց գրական մամուլը, հիմնեց նոր պարբերականներ: Չորս տարում մեծ ջանքերի գնով հրավիրեց գրողների համահայկական երկու համաժողով: Կազմակերպեց հեռուստամարաթոն և միության համար ստեղծեց հիմնադրամ՝ փոքրիշատե ապահովելով տարեց և հիվանդ գրողների նյութական վիճակը: Այժմ, հենց այս օրերին, երբ լրատվական միջոցները ԳՄ նախագահի մոտալուտ ընտրության հետ կապված գուշակումներ են անում, նա զբաղված է Սևանի մեր ստեղծագործական տան խլված լողափի վերադարձման խնդրով: Լևոն Անանյանը գրքերի հեղինակ է, ճանաչված հրապարակախոս և թարգմանիչ: Բայց ԳՄ նախագահի պաշտոնում նա կարծես թե մոռացել է սեփական ստեղծագործության մասին, զբաղված է զուտ կազմակերպչական գործերով: Այստեղ զոհաբերություն կա, որ պարտավոր ենք տեսնել:

Ինչ վերաբերում է մեր անձնական փոխհարաբերություններին, ապա մենք հին, շատ հին ընկերներ ենք և որևէ հարցում տարակարծությունը բնավ չի ենթադրում հակակրանք ու թշնամություն: Այժմ էլ մենք միասին ենք աշխատում և անպայման վերականգնելու ենք Սևանի ստեղծագործական տան երբեմնի բարի անունն ու ավանդույթները:

-Ի՞նչն է Ձեզ հատկապես ցավ պատճառում ներկա գրական կյանքի իրողության մեջ:

-Գրողին չճանաչելն ու չգնահատելը: Անընդհատ, տեղի- անտեղի կրկնում են, թե գրողը կտրված է մեր կյանքի ալեկոծումներից: Բայց հենց այս մեղադրանքը մոգոնելու օրերին տաղանդավոր գրող Լևոն Խեչոյանը կռվում էր Արցախի լեռներում: Հովիկ Վարդումյանը կռվում էր: Մեզնից շատ-շատերն ընդգրկված էին անկախության գործընթացի տարբեր ոլորտներում: Բայց գրող լինելը, որ աստվածային օրհնություն է, երբեմն նաև անեծք է դառնում, որը պիտի կրենք ու դիմանանք:

ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Առավոտ», 23/03/2005

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.