Հավերժական պատարագ

Երկիրը պատող ցուրտ ու խավարի մեջ թույլ ներշնչանքները կամ իսպառ հանգչում են, կամ երբևէ կրկին ճառագելու աղոտ հույսով փակվում իրենց խեցիներում: Իսկ զորեղները կարողանում են երկրային հոգսերի խառնարանից վերանալ ոգու օթևանները, որտեղից նրանց լույսն ավելի պայծառ ու ավելի անհրաժեշտ է շողում: Այդ լույսն է, որ մեզ՝ ցածում տառապողներիս, սովորեցնում է ցավն ու կարիքն արհամարհելու, այսինքն՝ մարդ մնալու շքեղ արվեստը: Մեր վերջին այդ ուսուցիչը Համո Սահյանն էր: Նա էր, որ 1990-93 թթ. ծանր տարիներին ոչ միայն չհանձնվեց ներշնչանքների համատարած տեղատվությանը, այլև հանճարեղորեն ըմբոստացավ սեփական խոսքի դեմ, թե՝ «Մայրամուտի ժամանակ արևը թույլ է լինում, /Հողմերը ծույլ են լինում մայրամուտի ժամանակ…»:

Այո՛, այդ մռայլ տարիներին Սահյանը սեր ու բարությամբ առլեցուն երգերի նոր հորձանքով ապրեց ևս մեկ Բոլդինյան աշուն: Եվ ի՜նչ պայմաններում էին գրվում այդ գործերը: Դրանք տառապանքի քուրաներում թրծված զրնգուն խեցիներ էին, որ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այն ժամանակվա խմբագիր Այդին Մորիկյանը դեռ տաք-տաք մատուցում էր ոգու սովից տանջվող ժողովրդին:

Իսկ հետո բանաստեղծը հիվանդ էր: Ծանր, երկարատև հիվանդություն: Գորշ ձմեռ — սառնամանիքով, ագռավներով ու մառախուղով նվաճել էր քաղաքի փողոցներն ու այգիները և կամաց — կամաց թափանցում էր շենքերի պատերից ներս: Դժվար է կարեկցանք հուսալ մի ժամանակում, երբ համատարած բոլորն են զգում դրա կարիքը: Եվ որչափ կատարյալ պիտի լինի մարդու բարոյական կերտվածքը, որ ինքն ամեն ինչի կարոտ՝ իր չնչին հնարավորությունների զոհաբերումով փորձի փոքր — ինչ մեղմել ուրիշի տառապանքը: «Ուրիշը» մեր հիվանդ, սիրելի բանաստեղծ Համո Սահյանն էր: Իսկ նա, ով օպերայի շրջակա զբոսայգիներում ծառերից քամու հետ թափվող չորուկներ էր հավաքում, որպեսզի տանի, գոնե մի քանի րոպեով տաքացնի բանաստեղծի տան պաղ վառարանը, լրագրող և արվեստաբան Հովհաննես Այվազյանն էր: Նոր-նոր ձևավորվող, այսպես ասած, ազգային բուրժուազիան գուցե այնքան ժլատ չէր, որ չկամենար նեցուկ լինել մեծ բանաստեղծին, բայց դեռ այնքան չէր հասունացել, որ իմանար՝ ով է Համո Սահյանը, և ինչ է նրան հարկավոր:

Բանաստեղծին Հովհաննես Այվազյանի այցելության այդ դառն ու մռայլ օրերին էլ սկսվել է լուսավոր ու գեղեցիկ այս պատմությունը, որից կարող ես հուզվել կամ չհուզվել, բայց անպայման պիտի կարդաս, որպեսզի անիրավություններից տվայտող հոգիդ մի քիչ թեթևանա ու քեզ հայտնի լինի՝ մարդկությունը դեռ կա, հոգևոր արժեքի զորությունը դեռ բարձր է ու շքեղ, և շուրջդ վետվետող խամաճիկների ու փերեզակների տոնավաճառը մի օր իր տարածքը զիջելու է մեծն ազգային բարոյականության հին ու հզոր օրենքներին:

«Խնդրում, համոզում էինք, որ իր ձեռքով կազմի իր երկերի հատընտիրը:

-Հոգնել եմ,-ասում էր,-ուժ չունեմ:

-Կօգնենք:

-Ո՞վ պիտի էդքան ընտրի, մեքենագրի, սրբագրի, տանի-բերի… —

— Ես,-պատրաստակամություն հայտնեցի:-Ամեն ինչ կանեմ»:

Այս տողերը մեջբերված են Համո Սահյանի «Քարե պատարագ» հատընտիրի Ա հատորի առաջաբանից, որի հեղինակը գրքի խմբագիրն է ՝ Հովհաննես Այվազյանը: Նա, ով չի մոռացել 93 թվի վերոհիշյալ ձմեռը (բայց ո՞վ կարող է մոռանալ…), թող փորձի պատկերացնել, թե ինչ է եղել այնուհետև: Ես պարզ տեսնում եմ: Ահա, Հովհաննես Այվազյանն իր ցուրտ աշխատասենյակում կապտած մատներին փչելով մեքենագրում է տարբեր ժողովածուներից Սահյանի ընտրած բանաստեղծությունները: Միայն Ա հատորի համար պետք է մեքենագրի շուրջ երեք հարյուր բանաստեղծություն: Հետո պիտի տանի «Նաիրի» հրատարակչություն, որը ղեկավարող իր պես նվիրյալ տղերքի հետ նախաձեռնել են գործը: Հետո անընդհատ գնա ու գա՝ մինչև սրբագրվեն, մաքրվեն: Իսկ հետո՞, ի՞նչ միջոցներով էր տպագրվելու ծրագրած շքեղ գիրքը: Սկզբում մտածել էին, թե «սփյուռքահայ կամ տեղացի հովանավոր կգտնենք»: Բայց լավ գիտեին ու հետո էլ պիտի համոզվեին, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, որ գտնելու դեպքում էլ հրատարակչությունն անխուսափելիորեն պիտի ունենար ֆիզիկական չարչարանքների, նյութական զոհաբերությունների իր բաժինը: Թե ինչպե՞ս՝ տակավին հայտնի չէր, բայց հայտնի էր, որ «Նաիրին» անպայման հրատարակելու է բանաստեղծի ձեռքով կազմված նրա վերջին գիրքը: Որդիական սիրո և հարգանքի ազնվագույն մղումով: Դժվարին ժամանակում ազգային բարձր արժեքի հանդեպ երկյուղածությամբ:

Իսկ բանաստեղծի հիվանդությունն օրեցօր խորանում էր, վիճակը՝ ծանրանում: Տղերքը ցավով հասկացան, որ այլևս ոչ մի զոհաբերությամբ չեն հասցնի կենդանության օրոք նրան մատուցել հատընտիրի ազդօրինակը: Մահագույն մշուշից դեպի հինգերորդ հարկի նրա պատուհանն էր մղվում դաժան ու անզիջում այն պահը, որը կոչվում է վերջ: Եվ որի մասին, առանց նրանից երկնչելու, բանաստեղծը գրել էր տարիներ առաջ.

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ.-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ…

Բանաստեղծն ինքն էր ընտրել հատընտիրի բոլոր գործերը՝ երբեմն մեծավարի անփույթ, հաշվի չառնելով այլոց համար կարևոր ու կանոնիկ այնպիսի բաներ, ինչպիսին է, ասենք, բանաստեղծությունների ծննդյան ժամանակագրությունը կամ նրանց ծայրեծայր թվագրումը:

Ի դեպ «Քարե պատարագի» աշխարհ գալու պատմությանն անծանոթ ընթերցողին սրանք կարող են թվալ խմբագրական վրիպումներ կամ հրատարակչական թերացումներ: Բայց դա այդպես չէ, ուղղակի կամեցել են գիրքը հրատարակել ինչպես որ բանաստեղծն է փոխանցել իրենց՝ նրա վերջին մատնահետքերով:

Գիրքը պատրաստ էր, բայց վերնագիրը, որն անպայման բանաստեղծն էր ասելու, դեռևս չկար: «Բառացիորեն մահվան մահճում՝ իր վերջին օրը, հուշեց այս ժողովածուի անվանումը:

-«Քարե պատարագ» կդնես ,- ասաց»:

Սա Հովհաննես Այվազյանն է հիշում գրքի առաջաբանում:

Բանաստեղծը գնաց այս աշխարհից: Ոչ, սխալ եմ ասում: Բանաստեղծը պարզապես տարրալուծվեց իր այնքա՜ն սիրելի բնության մեջ՝ խառնվեց Որոտանի հավերժական խշշոցին ու քարափների մշուշին, ներծծվեց իր մանկության մատուռի մամռած քարերի մեջ, միացավ անդունդի պռնկին կայծկլտացող մասրենուն: Իսկ «Քարե պատարագը» դեռ չէր տպագրվել: Նա դարձյալ մի քանի տարի պիտի մնար դարակում, մինչև պետությունը միջոց հատկացներ ցրտի ու խավարի մեջ մահացած իր մեծ բանաստեղծի գիրքը տպագրելու համար: Եվ իմաստ ունե՞ր անվանաթերթիկի ճակատին ի լուր աշխարհի ազդարարել, թե «Հրատարակված է պետական պատվերով»: Նույնիսկ անհատ ձեռներեցները բարեգործություն անելիս երբեմն չեն ուզում, որ իրենց անունը հիշվի: Մեր պետությունը մի անհատ ձեռներեցի չափ է՞լ համեստություն չունի: Իսկ եթե նշելը պարտադիր էր, ապա թող նաև նշվեր, թե ինչու՞ է պետությունն իր դասականի հատընտիրը լույս ընծայում վեց տարի ուշացումով: Ինչ որ է, գուցե ճիշտ չեմ ասում, գուցե այդպես էր պետք:

Ես, համենայնդեպս, կուզենայի երախտագիտություն հայտնել նախ և առաջ գրքի հրատարակիչներին, որոնք պատկառելի համեստությամբ լռում են իրենց կրած չարչարանքի մասին: Որոնք գերագույն ճիգերով կարողացան բանաստեղծի հոբելյանի օրը ընթերցողին հասցնել գրքի առաջին խմբաքանակը:

Ժողովածուն ձևավորված է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի գործերով: Շապիկի առաջին էջին տեսնում ենք նրա «Պորտաքար» կտավը, որը ժամանակին ստեղծվել է Համո Սահյանի ներշնչած գաղափարով: Ուրի՞շ: Ուրիշ ոչինչ: Սահյանի պոեզիան մեր բնությունն է, մենք նրա մեջ ենք: Ամպը որոտաց՝ Սահյանն է, արևը մայր է մտնում՝ Սահյանն է, քարափից ժայռ է դղրդալով պոկվում՝ Սահյանն է: Ամեն ինչից նրա հոգու ձայնն է հնչում որպես հավերժական պատարագ: Բայց նաև տագնապ ունեմ, թե Սահյանը բնության մեր վերջին երգիչն է, և կուզենայի հնարավորին չափ շուտ տեսնել «Քարե պատարագի» հաջորդ հատորը: Ում պատվերով ուզում է լինի, միայն թե լինի:

©Իգնատ Մամյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ,20/04/1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.