Եռերգություն Երևանին

  1. Հավերժության բանաձև

Նիրհեք հանգիստ հողի տակ, օ՛ քաղաքներ կործանված
Արքաներով իմաստուն, տաճարներով լուսաշող,
Ձեզ տրվել էր ամեն ինչ՝ սեր ու պատիվ, փառք ու հաց,
Դուք ունեցաք ամեն ինչ՝ բացի… Ոգին հավերժող։

  1. Քաղաքը

Մասիսների բիբլիական շուքի տակ,
Մասիսների հավերժությամբ ներշնչված,
Ապրում է հի՜ն, նաիրական մի քաղաք՝
Ներսում արև ու լեգենդներ աստղամած։

Ներսում կարոտ և աղոթքներ տունդարձի
Գիր ու մատյան, մեղեդիներ հոգեթով,
Ու նաև ցավ, որ կրում են առնացի
Հնամենի զորությամբ ու հավատով…

Ու որպես նավ՝ Հավերժության օվկիանում,
Ճերմակ Մասիսն արած կայմ ու առագաստ,
Դեպի շքեղ հորիզոններ է տանում
Մեր սերերն ու երազները աստղավարս։

  1. Երևանյան գիշերերգ

Գիշերային կա մի պահ, երբ քնի մեջ քաղաքի
Սփռվում է ոսկեցոլ նաիրական աստղամութ,
Ու ելնում են մութից հին նաիրցիները կրկին՝
Երազներով շողշողուն, կարոտներով անհագուրդ։

…Ես տեսնում եմ բոլորին ու բոլորին ճանաչում-
Հանճարներին նաիրյան — ազնվական ու բարի,
Ո՞վ էր, անցավ՝ հոգու մեջ զարկված միրհավ էր ճչում,
Եվ տքնում էր մութի մեջ աքսորական Մահարին…

Հոգին՝ այրվող մի քուրա և շուրթերին՝ թեժ տողեր
Ահա պոետն է գնում՝ գուցե թեթև գինովցած-
Նա, որ երգեց աշխարհի լուսաբացը հրեղեն
Ու ճաշակեց հույսերի մայրամուտը արնամած…

Արևնկա աչքերում – կամարների արտացոլք
Ու մտքերի բավիղում՝ ապարանքներ հայաշունչ,
Ճարտարապետն է ահա հանդարտ իջնում փողոցով
Եվ աստղային գիշերից նրա տրտունջն է հնչում.

-Քշեցե՛ք այս քաղաքից գուշակներին ողբասաց,
Մաքրեցե՛ք այս պատերից մամուռները մորմոքի,
Ու սրբեցե՛ք մայթերից չարի նախանձ, թույն ու մաղձ,
Որ քաղաքը շողշողա շքեղությամբ իր փառքի։

…Ցնորվում է ոսկեցոլ աստղամութը ներշնչուն,
Հայացքիս դեմ, քաղաք իմ, դու ես՝ հին ու իրական,
Պոետի ձայնն է միայն կամարներից ղողանջում՝
«Ես եկել եմ դարերից և գնո՜ւմ եմ հաղթական…»։

©Իգնատ Մամյան
«Հայոց Աշխարհ», 22/09/2001

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.