ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ

Դարեր անցան, ու այդպես էլ չհասկացանք, որ հայրենիքի սեր կոչվածը կեղծ և սխալ արտահայտություն է: Սիրում են կնոջը, երեխային, մերձավորին: Հայրենիքը հեռու կամ մոտ որևէ մեկը չէ, որին սիրես կամ չսիրես: Մի՞թե հնարավոր է սիրել օդը, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, արևի տաք լույսը, որի ներքո հարատևում է մարդկային գոյությունը: Դրանք կենսական և բացարձակ անհրաժեշտություններ են, առանց այդ ամենի բացառվում է կյանքը՝ ոչ միայն տխուր կամ ուրախ, այլև ընդհանրապես: Եվ իր ազգի արյունն ու ճակատագիրը կրող մարդու համար ամենայն ինչ բացառվում է նախ և առաջ առանց հայրենիքի: Եղել են ու կան Սարոյանի պես վիթխարի անհատականություններ, ովքեր պարզապես ապրելուց բացի ազգային գեներով, հավատով ու նպատակներով դրսևորվել են նաև հայրենիքի աշխարհագրական տարածքից դուրս: Բայց դրանում գաղտնիք չկա. այդ մեծերը հայրենիքը կրում են իրենց մեջ…

Ու եթե ընդունում ենք, որ հայրենիքի սեր ասվածը իրո՛ք մտացածին (թեկուզ դարեր առաջ) հասկացություն է, ուրեմն նաև պիտի ընդունենք, որ այդ մասին ամեն մի հրապարակային երդում ու կոչ ավելորդ է ու կեղծ: Հայրենիքի և իր կապի մասին մարդը պիտի խոսի շշնջալով, աղոթքի նման, միայն իրեն և Աստծուն լսելի: Եվ այդպիսի՛ մարդկանց պե՛տք է հավատալ, ծանր ժամին նրա՛նք են կրում հայրենիքի խաչը: Որևէ մեկը չի կարող վկայել, որ նոյեմբերյանցի Աշոտ Ամիրաղյանին տեսել է հրապարակներում ճառաբանելիս, կամ նրանից լսել է որևէ երդում: Իր համեստ աշխատանքին խոնարհված, ընտանիքի հոգսը մի կերպ ծայրը ծայրին հասցնելով՝ ապրում էր մարդը կնոջ ու չորս երեխաների հետ և ակնկալիք չուներ, թե իր արած որևէ գործ կհամարվի ազգանվեր սխրագործություն: Նրապեսները միշտ ձգտում են հեռու մնալ բարոյական խոսքի նման զարդարանքներից, ինչ էլ արած լինեն, այդ բաները շատ են համարում իրենց համար:

… Մեր թաղում ապրում էր Աշոտ Ամիրաղյան անունով մի տղա: Նրանց ամբողջ տոհմը, պապից մինչև թոռ, պարզ աշխատանքի մարդիկ են, նրանց օջախի հացին միշտ քրտինք է եղել խառնված, և կարիքը միշտ ուղեկցել է տան կենսագրությանը: Մենք սերնդակիցներ չէինք, Աշոտը մեր թաղի իր տարեկիցների հետ էր ընկերություն անում՝ Հայկի, Արսենի, Էդիկի, Սամվելի, Ռաֆիկի: Բայց մի թաղում, մեծ աշխարհի նույն անկյունում էինք ապրում, և մեր միջև ընդհանուրն ավելի շատ էր, քան տարբերը: Ի սկզբանե մեր շռայլ բնության սիրահար եղավ, սարի ճամփորդ էր, աղբյուրի գուռ մաքրող, ծառի խշշոցի մեջ անձրևի տագնապ գուշակող, անտառային խուլ ու խոնավ կածանների կենսագիր և վկա: Եկավ 88 թիվը: Համաժողովրդական ալեկոծության հզոր ալիքը հասավ նաև սահմանային Նոյեմբերյան, որին ինչ-ինչ նորաբուս «քաղաքագետներ» մեղադրում էին ոչ ակտիվ ընդգրկման համար: Նրանք չէին հասկանում, որ միայն մի նեղ ճանապարհով Ալավերդուն կապված, մնացած բոլոր կողմերից թուրքերով շրջապատված մեր ոստանը չի կարող արագ ու վճռական գործողություններ ծավալել, որ նրա աշխարհագրական դիրքն ու հնարավորությունները փոքր – ինչ ավելի անապահով են, քան Ազատության հրապարակի…

Եկավ 88 թիվը, իրադարձություններ սկսվեցին նաև Նոյեմբերյանում, և հմուտ վարորդ, անտառային ուղիների գիտակ Աշոտ Ամիրաղյանը օրերով տուն չէր վերադառնում: Նրա համար <<դժվար է>> կամ <<փորձենք >> բառերը գոյություն չունեին: Եթե հարկավոր է, ուրեմն հարկավոր է, պետք է ամեն կերպ հաղթահարել անտառային գրեթե անանցանելի ուղիները: Անձրև, ցեխ, մառախուղ, գիշեր- ոչ մի վտանգ չէր կարող խանգարել: Ցերեկները երբեմն հանդիպել եմ նրան, չսափրված( մորուք չէր պահում, ուղղակի ժամանակ չուներ), հոգնած դեմք, անքնությունից կարմրած աչքեր, և դարձյալ՝ պատրաստ կատարելու քո ամեն խնդրանք: Եվ երբեք չէր ասում, թե ինչ-որ բան է արել, այսինքն՝ որտեղ է եղել և ինչից է այդչափ հոգնած:

1990–ի օգոստոսին Ոսկեպարը պաշարված էր թշնամու խիտ օղակով: Ներսում էր գյուղի բնակչության մեծ մասը, կային երկրապաշտպան և միլիցիայի տղաներ, իսկ Ոսկեպարում արդեն սպառվում էր սննդամթերք ու ամեն ինչ: Չկար Ոսկեպար թափանցելու ոչ մի հնար: Բայց Աշոտ Ամիրաղյանը գտավ հնարը. Գտավ նույնիսկ ռազմական քարտեզում չնշված մի վայրի ուղի ու իր ավտոմեքենայով հասավ Ոսկեպար: Այդ նույն ճանապարհով էլ 1991-ի մայիսի 6-ի գիշերը նա միլիցիայի կարգախմբին ուղեկցում էր կրկին պաշարված լեռնագյուղ: Եվ ի՞նչ իմանար, որ վերջին անգամ է անցնում այդ ճամփով, և այն տանում է դեպի գերություն ու մահ…

ՍԱՇԻԿԸ, ՄԵՐ ԱՆԱՆՅԱՆ ՍԱՇԻԿԸ

Նրանց տունը ուրիշ թաղում էր, մենք մանկության ընկերներ չեղանք: Դպրոցում էլ տարբեր դասարաններում էինք, բայց մեր արանքում մտերմություն կար՝ միջանցքի շփումից, բակի խաղերից և, որ ամենակարևորն է, մեր վիճակի նույնությունից: Երկուսս էլ դառը քրտինքով ապրող մարդկանց երեխաներ էինք. չարչարանքի գինն իմացող, երես չառած, մի քիչ խեղճ, մի քիչ վատ սովորող և ամբողջ ուսումնական տարին նույն էժանագին շորերի մեջ: Սաշիկը, Անանյան Սաշիկը… Վաղուց, շատ վաղուց էր մտքովս անցել մի բան գրել նրա մասին որպես միլիցիայի ազնիվ ու արդար աշխատակցի՝ ասելու համար, որ այդպիսիներն էլ են լինում: Բայց անընդհատ վաղվան թողեցի: Չմտածեցի, չհասկացա, որ մարդիկ չափազանց հեշտ են կորցնում իրար, և մեջդ եղած ջերմ խոսքի ուշացումը կարող է դառն ու ցավագին ափսոսանքի դատապարտել քեզ: Սաշիկը, Անանյան Սաշիկը… Դպրոցի տարիներից հետո մեր ճանապարհները բաժանվեցին: Մեկնեց զինվորական ծառայության: Այնուհետև իմացա, որ վերադարձել է, աշխատանքի անցել ներքին գործերի բաժնում:

Նրա պես մեծացած տղաների առջև ոչ ոք հեշտությամբ կանաչ լույս չի վառում: Նրա նմանները իրենք են բացում իրենց կյանքի ճանապարհը՝ առանց ծնողներից որևէ բան պահանջելու, իրենց խելոքությամբ, նպատակին հասնելու ուժով, և միաժամանակ, երբեք չընդունելով որևէ նվաստացում ու խղճահարություն: Այդպիսի տղաները, որպես օրենք, հաղթահարում են իրենց սոցիալական վիճակը և ինչի էլ որ հասնում են կյանքում, միշտ մնում են պարզ աշխատավոր մարդկանց կողքին, մնում են արդար ու ճիշտ և կարեկից: Ընդունվեց ու ավարտեց միլիցիայի դպրոցը, ստացավ սպայի կոչում: Ես օրգանի աշխատողի նրա գործունեությունն առավելապես հիշում եմ, երբ տեղամասային տեսուչ էր Դեբեդի հովտում: Հիշում եմ թղթապանակը թևի տակ ճամփեզրերին ավտոմեքենայի սպասելիս: Սաշիկը, Անանյան Սաշիկը… Մեր պատահական հանդիպումների ժամանակ կես –կատակ, կես- լուրջ քանի՜ անգամ եմ ասել.

-Ախր քեզնից ի՞նչ միլիցիայի աշխատող, ա՛յ Սաշիկ, ախր դու չես կարող մարդ պատժել:Կես- կատակ էր , կես- լուրջ, բայց դա իմ իսկական համոզմունքն էր. ռանչպարի խաղաղ ու բարի հոգի ունեցող այդ տղան ի վիճակի չէր դրսևորելու ոչ ուժային ճնշում, ոչ էլ դիմացինի համար հույժ վտանգավոր պաշտոնական թղթարարություն: Դա՝ իմ կարծիքով: Իսկ ինքն ասում էր.

-Եթե մի տականք մտել է աշխատավոր մարդու տուն և թալանել տարիներ շարունակ նրա կոպեկ- կոպեկ հավաքածը, եթե մի փողոցային հարբեցող դանակ է խրել գլուխը կախ իր գործն անողի սիրտը, չես կարող ներողամիտ լինել: Իրավունք չունես, դա դավաճանություն է ժողովրդի հանդեպ…

Եթե արխիվներից հանենք ու զննենք Սաշիկ Անանյանի ձեռքով դատարան ուղարկված գործերը, կհամոզվենք, որ ա՛յս ճշմարիտ սկզբունքով է նա գործել միլիցիայում աշխատած շուրջ երկու տասնամյակների ընթացքում: Սաշիկը, միլիցիայի կապիտան մեր Անանյան Սաշիկը… Դեբեդի հովտի բնակավայրերում, կարող եմ երդվել, որ մարդիկ նրան հիշելու են երկար, շա՜տ երկար տարիներ: Հիշելու են չմեղմացող ցավով ու անդարձ կորստի դառն ափսոսանքով: Հիշելու են, երբ իրիկուն իջնի, և նրա փոքրիկ աշխատասենյակում չվառվի լույսը: Երբ հղփացած մեկը ճնշի իր խեղճ հարևանին, և վերջինս օգնության կարիք ունենա: Երբ չնչին զանցանքի համար ուզենան սև բիծ դնել անփորձ պատանու ճակատին: Հիշելու են ու ասեն. << Ափսոս , շա՜տ ափսոս մեր Անանյան Սաշիկը…»:

Միլիցիայի աշխատողի գնահատանքը նախ ժողովուրդն է տալիս, ուստի ես նրա մասին խոսում եմ որպես ժողովրդի ներկայացուցիչ՝ չհիշատակելով պաշտոնական գովասանքներն ու պարգևները: Դեբեդի հովիտն էլի կունենա՞ միլիցիայի նրա պես աշխատող: Չգիտեմ, տա՛ Աստված, որ ունենա: Տա՛ Աստված, որ Նոյեմբերյանում այդպիսի շատ ու շատ տղերք ծնվեն ու մեծանան: Ինքը երկու երեխա ուներ, և պիտի որ ամեն մեկի մեջ հոր էությունը շարունակվի: Դրանով էլ կարելի է մի քիչ մխիթարվել:

Զարհուրելի այն գիշերը, երբ միլիցիայի կարգախումբը երկու «ծերուկների»՝ Սպարտակ Ամիրաղյանի և Սաշիկ Անանյանի հետ շարժվեց դեպի մահ ու գերեվարություն, երևի թե աստղերի մի բույլ թափվեց մեր մանկության թխպոտ սարերի վրա: Եվ նրանցից մեկը Սաշիկն էր, մարդկանց հոգսերից վաղաժամ ճերմակած մազերով մեր Անանյան Սաշիկը…

ՊԻՏԻ ԼՍԵՆ ԱՐՅԱՆ ՁԱՅՆԸ

Արտաշը՝ ծափուծիծաղ, քեֆերի զարդ, կյանքով ափեափ լիքը, մատների ծայրից էլ հումոր էր կաթում, ո՞վ կմտածեր, որ Արտաշը կարող է լինել նաև շուրջը ցավ ու ափսոսանք սփռող ողբերգական մարմնացում: Եթե Արտաշն է՝ ուրախություն պիտի հասկացվի, էլ ի՞նչ լացուկոծ, ի՞նչ երկինք կարկառվող հուսահատ ձեռքեր, ի՛նչ դագաղ…

Ողբերգությունից երկու օր առաջ Բեգլարյան Սամվելի և Ռևազի Հարութի հետ Հարսնաքարով անցանք Ոսկեպար:

-Եկել ես իմ մասին բան գրե՞ս,- ձեռքն ուսիս գցելով՝ ասաց Արտաշը:

-Գրելու ժամանակ չի, ախպերիկ, եկել եմ տեսնեմ ի՞նչ ուժով եք կանգնած զորքի ու խուժան դեմ: Բայց այս ամենի մասին, այո՛, մի օր պիտի գրվի…

Ես ի՞նչ իմանայի, որ այդ օրը ցավալիորեն շուտ է գալու, և գիրս լինելու է արցունքոտ ու ողբաձայն: Տե՜ր Աստված , մարդուն կանխագուշակի հատկություն չես տալիս, գոնե վերջին հանդիպման զգացողությունը պարգևիր: Լուսանկարիչ Ամիրաղյան Գեորգին նստած էր ռացիայի առաջ, Կիրովականի ավտոտոսչության պետ Կորյուն Մարգարյանը փորձում էր հեռախոսով տուն կապվել, երկնքից լսվում էր թշնամական ուղղաթիռի դղրդոցը, և Աստծո ձեռք չկար, որ պարզվեր Ոսկեպարի վրա, փրկեր մեր ջահել ու խիզախ տղերքին երկու օր հետո գալիք զարհուրելի աղետից…

Թուրքերի՝ վայրենաբարո ցեղին հատուկ գետնաքարշ խոսքեր էին հնչում ռացիայից, ասում էին՝ Արտաշին ենք ուզում, Արտաշին, Արտաշին: Թշնամական բոլոր ռացիաներից: Եվ նրանց դիրքերում հնչում էր Արտաշի ձայնը, որ բնավ էլ թուրքին արժանի հայհոյանք չէր, այլ խոհեմ խոսք էր, որը, ցավոք, ի վիճակի չէին ընկալելու:

Մի քանի օր առաջ Արտաշի երկրորդ տղան էր ծնվել ու որդուն կարգին չէր էլ տեսել: Համեստը, որի նման սիրող ու նվիրյալ կին բնությունն այնքան էլ հաճախ չի ստեղծում, շատ էր ուզում, որ այդ օրերին Արտաշը տանը լիներ, միասին ըմբոշխնեին նորածին որդու պարգևած երջանկությունը: Ոսկեպարից վերադարձել էր գոնե երկու օր հանգստանալու, բայց գիշերը կանչեցին միլբաժին՝ նորից պիտի վերադառնաս: Ծառայական պարտքը բարձր դասեց կնոջ ու մոր աղաչանքից:

Արտաշը՝ կյանքով լիքը, ուրախություն ու ծիծաղի սափոր, ո՞վ կմտածեր, որ այդ գիշեր ընկերների հետ գնում է նահատակվելու: Գուցե կինը և մա՞յրը: Գուցե մարդուն ամենաշատ սիրողները կանխազգու՞մ են նրա ճակատագիրը: Եվ դրա՞ համար էին այդ գիշեր նրանք ծվատում իրենց… Ինձ ասացին, թե նրա պապ Արտաշ Մամյանն էլ, ում անունը կրում է, գրեթե նույնպիսի վախճան է ունեցել՝ նոր ծնված որդու գոյությունը չճաշակած: Մի՞թե գոյության շրջապտույտում մարդկային ողբերգություններն անվերջ կրկնվում են…

Ինստիտուտը ավարտելուց, կոմերիտմիության շրջկոմում աշխատելուց հետո Արտաշ Մամյանը սպայի կոչումով նոր էր մտել միլիցիա: Մտել էր, որովհետև այսօրվա միլիցիան երեկվանը չէ, այսօրվա միլիցիան ազգի պաշտպանության դիրքերում կանգնած՝ արյամբ ու խիզախությամբ մաքրում է իր նախորդների բարոյական մեղքերը: Վկան՝ Հանրապետության սահմաններին անձնազոհաբար նահատակված ՆԳ համակարգի քաջարի տղերքը: Եվ Արտաշ Մամյանն իր սերնդի մի խումբ ներկայացուցիչների հետ նույնպես հաստատելու էր այդ ճշմարտությունը:

… Հարազատները կհոգան, որ նրա երկու տղաները մեծանան առանց նյութական կարիքների: Գուցե ջերմ սիրով կարողանան փոքր- ինչ փարատել նաև նրանց որբության զգացումը: Բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ նրանք միշտ հիշեն, թե ո՛վ է եղել իրենց հայրը, որտեղ և ինչու է զոհվել, և մեծանան՝ տենչալով արդար վրիժառության օրը: Մենք այդ գիտակցությունը պիտի հաղորդենք այս ժամանակի բոլոր որբացողներին: Նրանք միշտ և ամենուր պիտի լսեն նահատակված հայրերի արյան ձայնը:

©Իգնատ Մամյան
«Ձայն օրինաց», 26/07/1991
«Ծիածան», 03/08/1991

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.