ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ

Չնայած մամուլով և հեռուստատեսությամբ անընդհատ լսում ենք, թե դարավերջի ազատամարտին գրողները չեն անդրադառնում, սակայն անընդհատ նորանոր գրքեր են հայտնվում ընթերցողների սեղաններին:Հատկապես ՝ վավերագրություններ: Ճիշտ է, որ  դրանցից եզակիներն են գրված հավաստի տվյալների հենքի վրա և բավարար գրագիտությամբ:

Այդ եզակիներից է Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը: Այն կարդացվում է հաճույքով և մեկ շնչով, լեզուն անպաճույճ է, ոճը՝ գայթակղիչ: Հեղինակը հենց առաջին էջերից ընթերցողի համար թակարդներ է պատրաստում, խոսում ակնարկներով: Վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների և գործողության մութ էջերի բացահայտման մասին է: Հեղինակը, դիմանկարների շարքի, վավերագրությունների, նամակների, հարցազրույցների և հեղինակային միջամտությունների վարպետ համադրումով, աստիճան առ աստիճան կառուցում է վեպի սյուժեն: Առաջին տպավորությամբ թվում է , թե խճճվելով իրադարձությունների թնջուկի մեջ, նա կիսատ է թողնելու տրամաբանական կապը: Ինչպես, օրինակ, Անդրանիկ Քոչարյանի հեռախոսազանգի պատմությունը, դարանակալ դեսանտային զորախմբի հրամանատարի խոսակցությունը Ոսկեպար եկող հայ ոստիկանների խմբից լեյտենանտ Հրանտ Հարությունյանի հետ, դեպքերից առաջ Ալիկ Պետրոսյանի հանկարծակի Երևան կանչվելը և այլն: Նման դրվագները բազմաթիվ են: Այս բոլորի համար ընթերցողն անհամբերությամբ հանգուցալուծման սպասելով, շունչը պահած, արագորեն անցնում է էջերի վրայով: Սակայն հեղինակը չի շտապում. ընթերցողին ստիպում է ուշադրությամբ ընթերցել մինչև վերջ և միայն վերջին էջերում է տալիս բազմաթիվ հարցերից շատերի պատասխանները: «Եզրահանգումներ» վերնագրի տակ Իգնատ Մամյանը, հայտնի փաստերն ու վկայությունները համեմատելով, տրամաբանական վերլուծության ենթարկելով, փորձում է պատասխանել իր իսկ կողմից արված կարևոր հարցադրումներին, ինչը նրան հիմնականում հաջողվում է: Այդպիսով հեղինակը կարողանում է հետաքրքրությամբ ընթերցվող այս գործի վերջում բավարարել ընթերցողի հետաքրքրասիրությունը:

Վեպը վավերագրական է, ունի պատմական արժեք և աոաքելություն:

Գրքի զգալի մասը նվիրված է այն ոստիկաններին, ովքեր վիրավոր ու ողջ գերեվարվելով տեղափոխվեցին Ադրբեջանի հանրապետության բանտերը: Մեծ երևակայություն պետք չէ՝ պատկերացնելու համար, թե թաթար ելուզակներն ինչպիսի կտտանքների էին ենթարկում նրանց: Հայ մարդու սրտում հպարտություն և հիացմունք է առաջացնում բանտ ընկած խիզախ հայորդիների տղամարդկային վարքը: Հեղինակը կարողացել է ընթերցողին փոխանցել Ղազախի ու Կիրովաբադի բանտերում տիրող անմարդկային վերաբերմունքը հայերի նկատմամբ և վիրավոր, մեթոդիկ ծեծուջարդի ենթարկվող հայ ոստիկանների տղամարդկային արժանապատիվ կեցվածքը: Նրանք կարողանում են ոչ միայն դիմանալ տևական սովահարությանը, մեկուսացմանը, ամենօրյա կտտանքներին, ստորացմանը և չկորցնել մարդկային նկարագիրը, այլև ներքին ուժով կազմակերպվել և դիմակայել բոլոր դժվարություններին: Զարմանք ու հիացմունք է առաջացնում ուժեղների վարքը, ովքեր պատիժ էին ընդունում թույլերի փոխարեն. «Ուժեղները գնում էին ծեծվելու թույլերի ու տկարների փոխարեն»(էջ146) : Անհույս վիճակում հայտնված հայ տղամարդիկ չեն կորցնում մի օր բանտից դուրս գալու հույսը, վիրակապում, խնամում էին վիրավոր, հիվանդ ընկերներին: Նույնիսկ կատակում են՝ թույլերի, ընկճվողների տրամադրությունը բարձրացնելու համար:

Հիանալի էր նաև այն հարազատների, ընկերների, ի պաշտոնե պատասխանատուների կերպարները, ովքեր ոչինչ չեն խնայում թուրքի ճիրաններում հայտնված անմեղ զոհերին բանտերից հանելու, տուն վերադարձնելու համար: Հեղինակը կարողացել է թեթև վրձնահարվածներով կենդանի, խոսուն, շնչող կերպարներ և բնապատկերներ ստեղծել: Այնպիսի տպավորություն ես ստանում, կարծես արյունալի ողբերգությանն ականատես լեռը մինչև օրս տնքում է և յուրաքանչյուր տարի գարնան զարթոնքի հետ արցունք է թափում իր որդիների կորստյան համար:

Հիանալի և տեղին են օգտագործված նաև ռուս զինվոր Դիմա Ռյազանովի նամակը, հարցազրույցը  ռուսական պետական Դումայի պատգամավորի հետ և այլ նյութեր, որոնք, ինչպես մեծ կտավի շտրիխներ կամ վրձնահարվածներ, միաձուլվում են ընդհանուր գույնին՝ ավելի տպավորիչ ու գեղեցիկ դարձնելով կտավը:

Լիասիրտ կարելի է ասել՝ ընթերցողի սեղանին է դրվել մի վեպ , որն արժանիորեն իր տեղն է զբաղեցնելու դարավերջի ազատամարտի պատմությունը շիտակ ու ճշմարիտ լուսաբանող եզակի գրքերի շարքում: Այն անառարկելիորեն առանձնանում է վերջին շրջանում հրապարակում հայտնված բազմաթիվ գրություններից և գալիս է հարստացնելու մեր սուրբ կռվին նվիրված գրքերի անվանացանկը:

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

«Գրական թերթ», 07/04/2006թ.

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.