ԴԵՐՎԻՇԸ

Մաշված լաթերի պես նետած ավազներին
Մեր երազները խեղճ ու կարոտներն անտուն,
Հոգնած հայացքներս մթնող հորիզոնին՝
Մենք սպասում էինք Անապատի Մարդուն։

Իմաստունի, մոգի շքեղ պատմուճանով
Նա գալու էր սիրո գավազանը ձեռքին,
Կախարդելու էր մեզ աստեղային ձայնով՝
Փոխարկելով մեր մեջ հառաչանքը երգի։

Ու երբ բլուրներին իջավ լուսնի թախիծ,
Երբ հեծկլտաց Ոգին ավազներում հեռվի,
Խավար անապատի ահեղ լռությունից
Չարչարանքով ելավ մի աղետյալ դերվիշ…

Քամիներից կքած, դեմքին արյան բծեր,
Անտես խարազանի շառաչները մեջքին,
Մերկ մարմընի վրա ողորմելի քրձեր՝
Նա գալիս էր ասես տառապանքի խորքից։

Նա, որ պիտի ցավոտ մեր վերքերը բուժեր
Ու բորբոքեր հույսի կրակները մարող,
Բոբիկ ոտքերի մեջ անապատի փշեր՝
Օրորվում էր մեր դեմ այդ ամենի կարոտ…

Եվ լոկ հայացքն էր, որ — անհունորեն վճիտ,
Մարմնի ավերակից երանելի շողաց…
Հավաքեցինք ջրի կաթիլները վերջին
Ու տվեցինք հացի փշրանքները եղած…

Երբ չարաչար խաբված՝ շրջվում էինք դարձյալ
Դեպի մորմոքը հին – դեպի ծառերը չոր,
Մեր պաղ հոգիներով մի ղողանջյուն անցավ
Ու մեզ լցրեց շքեղ գաղտնիքների շնչով…

– Ո՞վ էիր դու, եղբա՜յր…- տնքում էինք լռին,
Եվ պատասխան չկա՜ր մեր կանչերին տրտում,
Տխրալույս էր միայն թափվում բլուրներին,
Եվ խո՜ւլ ոռնում էին հողմերն անապատում։

© Իգնատ Մամյան
«Վայրի Մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
«Ոգեկանչ»-Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1996

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.