ԽՈՍՔ ՑԱՎԻ ԵՎ ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Մեր շուրթերից հնչող ամեն բառ ցավի ճիչ է, ներսում զսպված ամեն զգացում՝ ինքնատանջ տվայտանք, և արդեն ուշ է հավատ- աղերսանքով նայել երկինք, թե՝«Տե՛ր, մի՛ տար զմեզ ի փորձություն»: Ես, որ հավատացել եմ Աստծու գթությանը, հիմա պարտադրված եմ խոստովանել. մեր երկնքում ո՛չ արդար ուժ կա, ո՛չ լուսավոր խիղճ, մեր երկինքը դատա՜րկ, դատարկ է, հարազատներս: Բիբլիական այս մի բուռ հողի վրա մենք ենք ու մեր անընդհատ նորոգվող տառապանքը: Ու երկրաշարժ կոչվող այս զարհուրելի պատիժը՝ բազմաքանակ մահերով ու վիրավորներով, զանգվածային փլուզումներով: Նա հասավ մեր ամենադժվարին պահին, երբ հոգու վիրավորանքից տնքալով մտածում էինք, թե ինչպե՞ս, որտե՞ղ տեղավորենք իրենց բնակավայրերը թողած տասնյակ հազարավոր մեր հարազատներին: Վրա հասավ ահավոր դաժանությամբ՝ մեզ ազգովի դարձնելով սգո տառապալի թափոր…

Այս ծանր, չափազանց ծանր ու ողբերգական ժամին մեզ օգնության շատ ձեռքեր են պարզված, բայց մենք ենք մեր ցավի տերը: Պիտի գթանք ու մխիթարենք, սիրենք ու ապավինենք իրար, օգնենք միմյանց՝ պահպանելու ազգային մեր հպարտ ոգու առնականությունը: Ֆիդայական –ազատագրական շարժման հերոսական օրերին կար սրի հարվածի պես շառաչուն մի կարգախոս. «Ով զարկվի, դավաճան է»: Մեր այս դժվար ճակատագրական պահին թույլ տվեք այն փոքր- ինչ վերափոխել. «Ով հուսահատվի, դավաճան է»: Այո՛, տվյալ ժամանակում մեզնից ամեն մեկի հուսահատությունը հոգեկան ինքնասպանություն է: Պարտավոր ենք ատամներս սեղմած, վշտի ծանրությունից գլխահակ, արցունքներով հուղարկավորել զոհերին և ձեռնամուխ լինել վիրավորների օգնությանը, փլուզված տների վերակառուցմանը, բազմահազար գաղթականների ճակատագրին: Պարտավոր ենք չփշրվելով, արժանապատվորեն գոյատևել, իրավունք չունենք մոռանալու, որ ազգի ուժը բոլոր առանձին հայերիս ֆիզիկական ու բարոյական բարձր հատկանիշների միասնացումն է: Համարենք, թե մեր ճակատագիրը մեզնից յուրաքանչյուրի մեջ մի Հոբ է բնակեցրել ու դիմանանք: Մենք տեսնում ենք արյուն հանձնողների անզիջում հերթեր, և մեր արցունքոտ աչքերում ազգային հպարտության լույս է ցոլում: Վստահ եմ, որ պետական – կառավարական ձեռնարկումներից բացի, ժողովուրդն իրեն հատուկ սրտացավ կազմակերպվածությամբ ոտքի կկանգնի՝ ամեն ինչով օգնելու տուժյալ մարդկանց ու բնակավայրերին: Այո՛, պատիվ է այսպիսի ժողովրդի զավակ լինելը:

Հայոց մեծ երկինքը դատա՜րկ է, դատարկ է՝ առանց արդար ուժի և լուսավոր խղճի: Բայց փոխարենը մենք ենք լցված զորեղ վճռականությամբ: Երեկոյան ինձ պիտի զանգեր Բաքվից մի կերպ Երևան հասած ծանոթս՝ տեղեկանալու, թե գրողների միությունը ի՞նչ է մտածում գաղթականի իրենց վիճակի մասին: Չզանգեց: Երևի ամաչեց. չհամարձակվեց ինքն էլ ի՛ր հոգսով ներկայանալ: Եթե զանգեր, պիտի ասեի՝ բազում աղետներ տեսած մեր ժողովուրդն այս մեծ ցավի մեջ էլ չի կորցնի գլուխը, չի մոռանա նաև իր հազարավոր արյունակիցների ողբերգական վիճակը: Մենք, հավանաբար, նրանց տեղավորելու համար պիտի զանգվածային բնակարանաշինություն սկսեինք՝ կառուցողների կամավորական ջոկատներով, ամբողջ բանվորական ուժը, տեխնիկան և նյութերը տրամադրելով բնակարանների կառուցմանը, հասնելով նրան, որ մեր ուսանողական շինջոկատները սևահողային կամ ոչ սևահողային ինչ- որ գոտիներ մեկնելու փոխարեն աշխատանքային քննություն հանձնեն Հայաստանում: Բայց եղավ մեծ աղետը, և հիմա երկու ծանր հոգս միաժամանակ ենք սկսելու փարատել: Կանենք, ես վստահ եմ: Մեր փլուզված շենքերը կրկին կբարձրանան, ինչպես Ամարասի վանքը, որն ավերել էին, որմնաքարերը լցրել Արաքսը, բայց հաջորդ լուսաբացին դարձյալ հառնեց իր ամբողջ առնական շքեղությամբ: Հուսահատվող չպիտի լինի: Տիգրան Մանսուրյանը պիտի շարունակի ստեղծագործել իր սքանչելի մեղեդիները: Հրանտ Մաթևոսյանը չի կարող թողնել համաշխարհային արժեքների հետ չափվող իր գրականությունը: Գրիգոր Գուրզադյանն առաջվա պես պիտի քննի տիեզերքի առեղծվածային գաղտնիքները: Իհարկե, խորացված ցավով, բայց պիտի շարունակվի Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ կյանքը: Այս ճակատագրական օրերը մենք պիտի հիշենք ու ժամանակ անց երեխաներին պատմենք, թե ինչն ինչպես եղավ: Պարտավոր ենք հիմա այնպես անել, որ հետագայի մեր այդ պատմության մեջ ազգային ոգու առասպելական ուժը ղողանջի՝ ինչպես եղել է մեզնից դարեր առաջ, ինչպես լինելու է մեզնից դարեր հետո:

Մեր պատմությամբ, աշխարհին մեր տվածով մենք վաղուց նվաճել ենք հավերժ գոյատևելու իրավունքը և այն մեզնից չի կարող խլել ոչ մի բարբարոս, ոչ մի ահավոր պատիժ: Շարունակենք ապրել և վերստին ապացուցենք, որ հայ ժողովրդի ոգու մեջ փյունիկյան թռչուն է բնավորված: Ապրենք ու արարենք հավիտյանս հավիտենից: Ամեն:

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Գրական թերթ», 09/12/1988

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.