Իգնատ Մամյան. «Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ»

Լոռվա երկնքում դեռ կենդանի են այն արծիվները , որոնց ճախրանքով հիացել է Թումանյանը: Դեռ խշշում են այն կաղնիները, որ հազարավոր ձեռքերով հեռվից կանչում էին հիվանդ բանաստեղծին: Ի վերջո այսօր աշխարհում կան 135-ը բոլորած երկարակյացներ: Բայց ժամանակի ստուգաբանությունը չի վերաբերում հանճարներին, որոնց համար «Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ….»:

Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ՝ հավերժություն, որ նրանք զգում ու վայելում են դեռևս մահվանից առաջ՝ «Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր»….

Եվ ավելին. հանճարները ոչ միայն չեն վախենում մահից, այլև իրական աշխարհի մութ ու նենգավոր բարդույթներից խռոված հոգով իրենք են մղվում դեպի մահը՝ այնպես, ինչպես գետերն են մղվում դեպի ծով: Եվ որքան մեծ է հանճարը, այնքան զորեղ է այդ մղումը: Իսկ Թումանյանի մոտ այն պարզապես հասնում էր անհամբերության.

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՛նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի. . .
Ա՛խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՛ղ, դեպի տու՛ն…

Գտավ ճամփան ու գնաց, ու ժամանակի ապրողներն իրենց թեթև ու չնչին օրերի միջից զուր հառաչեցին ողբաձայն, որովհետև մեծերը չեն մեռնում, նրանք մի գոյությունից տեղափոխվում են մեկ այլ գոյության՝ մեծ, աստղային խաղաղության ոլորտները, որտեղից երկրային ամեն ինչ թվում է անիմաստ ու ծիծաղելի: Այսինքն մենք պիտի ոչ թե ողբանք, այլ երանի տանք մեզնից հեռացող մեծերին:

Եվ ուրեմն հազար երանի Հրանտ Մաթևոսյանին, որ հիմա երկնքում Թումանյանի հետ է և մի՞թե մենք կարող ենք ենթադրել, թե հավերժության աստղացոլքերի մեջ ինչի՞ մասին են խորհում մեծերը…

Ժամանակիս ստեղծագործական մտավորականությունը տագնապներ ունի, թե հոգևոր արժեքներն ավերվում են շուկայական կոչվող բիրտ ու կոպիտ բախումների մեջ, թե ռոք երաժշտության համաշխարհային դեմքերի կենսագրությունն իմացող ուսանողը չգիտե, թե ով է Կոմիտասը կամ ինչ բան է Տերյանի պոեզիայի թախիծը: Բայց, թերևս, կարիք չկա անհանգստանալու, որովհետև եթե նույնիսկ մի ամբողջ սերունդ հեռանա իր ազգային հոգևոր արժեքներից, դրանից այդ արժեքները չեն տուժի: Որովհետև դրանք հավերժական են, և հենց հաջորդ սերունդը իր հոգևոր կերպը վերագտնելու գենետիկ անհրաժեշտությամբ պիտի անդրադառնա դրանց:

Եվ Գիքորը միշտ պիտի մնա մեր ամենատխուր երեխան… «Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն», ու մենք էլ կանցնենք՝ երանի տալով արդեն ոչ թե Թումանյանի հավերժությանը, այլ նրանց, ովքեր մեզնից հետո պիտի գան ու հիանան այդ հավերժությամբ:

Նրա մանկությունը տեսած արծիվները դեռ երկար կճախրեն Լոռվա երկնքում, կաղնիները կտնքան ու կշառաչեն ամպրոպների տակ, հետո արծիվներն ու կաղնիներն էլ չեն լինի, բայց Թումանյանը նույն հավերժը կմնա:

Եվ տա Աստված, որ ներկա ու գալիք ժամանակների հոգեխռով բարդույթների մեջ մենք չկորցնենք մեր մեծերի հավերժությամբ հպարտանալու կարողությունը:

Դրանից այն կողմ ամայություն կլինի…

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
Դսեղ, 2004թ.

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.