ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ծովի, երկնքի և լեռների մեջ
Ես մենա՜կ, մենա՜կ, մենա՜կ մնացի…

Տարերքի շաչուն լույսերի միջով
Հողմերը ոսկե ավազներ տարան,
Լցված հեռավոր ափերի տենչով՝
Լեռները ճամփորդ նժույգներ դառան,
Եվ չնվաճած բարձրության կանչով
Հավքերը ձյունոտ գագաթներ թռան։

Փուլ եկավ հեռվում ոսկեղեն մի ամպ —
Կաթիլներ ընկան փափուկ շառաչով,
Եվ խոտերն ինչ-որ անուշ տխրությամբ
Ինձ տանում էին անձրևի միջով։ Continue reading “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ”

Advertisements

Մեղմ ջահերի լույսերի տակ

Գծանկարը՝ Գ. Մարիկյանի
Գծանկարը՝ Գ. Մարիկյանի

Մեղմ ջահերի լույսերի տակ,
Փայփայելով իմ հույսն անքուն,
Դեռ ապրում եմ ես միայնակ
Սիրո կապույտ ապարանքում։

Ու տենչալով անցյալն ու քեզ,
Հառաչելով անունը քո,
Մարմրում եմ շշուկի պես
Մեղմ ջահերի լույսի ներքո։

Քո կարոտին չկա՜ հագուրդ,-
Ճռնչում են դռները փակ…
Քամիների նվագ է ցուրտ
Ապարանքի պատերի տակ։ Continue reading “Մեղմ ջահերի լույսերի տակ”

Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ

Ա-ին

Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ,
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ։

Ես քեզ օրհնել եմ, որ դու միշտ կյանքում
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
Ու հիմա, որպես քո մի տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից։

Մտահոգվել եմ ես միշտ քեզ համար,
Որ հանկարծ ոտքդ չկպչի՜ քարի,
Ու հիմա, որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից…

Քեզ բարի ճամփա, գնա՜, սիրելիս,
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ի՜նձ գտնելու…

© Իգնատ Մամյան
«Վայրի մեղր»,  «Նաիրի» հրատարակչություն, 1999։
«Հանդի հաց», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978: