ԵՍ ՔԵԶՆԻՑ ՄԻ ԲՈՒՌ ԼՈՒՅՍ ԱՂԵՐՍԵՑԻ

Ես քեզնից մի բուռ լույս աղերսեցի
Աչքերիս մութը ցրելու համար.
Դու կուրացուցիչ ցոլքեր տվեցիր
Ու ես կուրացա հավիտենաբար։

Քեզնից ծիծաղի մի բույլ խնդրեցի
Իմ տրտմությունը ցրելու համար,
Դու խելագարի քրքիջ տվեցիր
Ու ես աշխարհում մնացի խելառ… Continue reading “ԵՍ ՔԵԶՆԻՑ ՄԻ ԲՈՒՌ ԼՈՒՅՍ ԱՂԵՐՍԵՑԻ”

Advertisements

ՁԻԱՎՈՐՆԵՐՍ

Ի՜նչ ձիեր էին, ի՜նչ ձիավորներ,
Ո՞վ ինձ անիծեց, հանցանքս ո՞րն էր..

Այն ե՞րբ էր, այն երբ. չդիմանալով
Վիրավորներիս վերքերի ցավին՝
Նրանք գնացին ինչ-որ աշխարհից
Բերելու ինչ-որ անմահական ջուր:
Որտե՞ղ մնացին,
Ինչո՞ւ ուշացան:

Հպում եմ հողին ականջս թաքուն՝
Լսելու հեռվից դոփյուն ու խրխինջ,
Բայց ցա՜վն է միայն աճում իմ հոգում,
Ես հեռուներից չեմ լսում ոչինչ: Continue reading “ՁԻԱՎՈՐՆԵՐՍ”

ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Սիրելի՛ Իգնատ, թվում էր՝ անչափ հեշտ պիտի լինի քո մասին փոքրիկ մի խոսք գրելը. երկար տարիների մտերիմ ընկերոջ ու գրչեղբոր, խորունկ բանաստեղծի ու կրակոտ հրապարակախոսի մասին, ում հետ կապված հիշել- ասելու այնքա՜ն շատ բան կա: Բայց արի ու տես, որ հենց դա էլ ինձ խանգարում է կարծես, ո՞րն ասել ու ո՞րը թողնել, ինչի՞ց սկսել: Գուցե մեր առաջին իսկ «հանդիպումից» «Ավանգարդ» թերթի գրական էջում՝ «Երիտասարդ գրողների ծաղկաձորյան խորհրդակցությանն ընդառաջ» խորագրի ներքո: Բանաստեղծություններդ այնտեղ իսկույն գրավել էին ինձ քնարական շնչով ու անկեղծությամբ, իսկ կատարման վարպետությունը, զարմանալի սահուն, բարեհունչ հանգավորումը, ճիշտն ասած, նույնիսկ կասկած էին հարուցում. իրո՞ք երիտասարդ կամ սկսնակ բանաստեղծ է էջի իմ հարևանը… Continue reading “ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ”

ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ծովի, երկնքի և լեռների մեջ
Ես մենա՜կ, մենա՜կ, մենա՜կ մնացի…

Տարերքի շաչուն լույսերի միջով
Հողմերը ոսկե ավազներ տարան,
Լցված հեռավոր ափերի տենչով՝
Լեռները ճամփորդ նժույգներ դառան,
Եվ չնվաճած բարձրության կանչով
Հավքերը ձյունոտ գագաթներ թռան։

Փուլ եկավ հեռվում ոսկեղեն մի ամպ —
Կաթիլներ ընկան փափուկ շառաչով,
Եվ խոտերն ինչ-որ անուշ տխրությամբ
Ինձ տանում էին անձրևի միջով։ Continue reading “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ”

ԵՐԳ ԱՆՁՆԱԿԱՆ

Իմ մահվան օրը կիջնի տխրություն…
ՉԱՐԵՆՑ

Խնջույք կլինի կամ ինչ-որ հանդես,
Կամ սովորական մի հավաքույթում
Անունս կտան, և դու կլսես
Ծովի հեռավոր ալեբախություն։

Այդ գիշեր երկար քունդ չի տանի,
Կհիշես դեպքեր — մոռացված արդեն,
Խուլ դարակներից հին պահարանի
Կհանես դեղնած հանդեսներ, թերթեր,

Եվ իմ երգերը կկարդաս նորից,
Եվ կշշնջաս մորմոքով անսուտ.
— Այս ջահել ու խենթ բանաստեղծներին
Ինչո՞ւ է այսքան մեռնելը սազում…

Անցլալ թախիծը կպաշարի քեզ՝
Առնչելով իմ մոռացվող հուշին,
Եվ լաց կլինես, և լուռ կմաքրես
Վաղուց չբացված գրքերիս փոշին։

Հետո կթրջի անձրևն ապակին
Եվ, ուշքի գալով ամպրոպի ձայնից,
Թերթեր, հանդեսներ — կամփոփես կրկին
Խուլ դարակներում հին պահարանի,

Մինչև որ կրկին լինի մի հանդես
Կամ սովորական մի հավաքույթում
Իմ անունը տան, և նորից լսես
Ծովի հեռավոր ալեբախություն։

© Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», 1999

 

Ձիերը եղեգնուտում

Տխուր ու գեղեցիկ պատմվածք, որի հերոսն իրական մարդ է եղել

«Միայնակ մարդիկ» շարքից

Առաջին անգամ Հարութ Օհանյանն այդ երազը տեսել էր մորդովական անտառի մի լքված խրճիթում: Քնել էր կրակի մոտ, գլուխը եղևնու ճյուղերից պատրաստած փափկոցին: Լճափի խաղաղ, մայրամուտի վերջին ցոլքերով արբած եղեգնուտ էր, և երեք ձիեր՝ սև, սպիտակ ու կարմիր, իջել էին եղեգնուտ ջուր խմելու: Սևը գեղեցիկ գլուխը վեր բարձրացրած երգեցիկ եղեգնուտի միջով, նիրհող լճի վրայով նայում էր նարնջագույն մթնշաղին խառնվող հեռավոր սարերին, սպիտակը դեռ ջուր էր խմում, իսկ կարմիրը ջուր խմելն ընդհատած՝ տագնապով նայում էր աջ՝ դեպի եղեգնուտի մթնող խորքը: Եղեգնուտի խորքից, թեև դեռ ոչինչ տեսանելի չէր, ուր որ է պիտի շողային դարանակալ մոտեցող հովազի դեղին, մահափայլ աչքերը: Ու հենց այդ ճակատագրական պահին մորդովական անտառի լքված խրճիթում Հարութ Օհանյանը վեր թռավ թիկունքին իջած խզակոթի սոսկալի հարվածից: Նրան վերադարձրին ճամբար, ու երկար ժամանակ այլևս ոչ մի երազ չէր տեսնում: Continue reading “Ձիերը եղեգնուտում”

ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ներսը թախի՜ծ,
Դուրսը թախի՜ծ,
Հատակը պաղ, պատերը թաց,
Սարդը կախվել առաստաղից
Կամաց-կամաց իջնում է ցած։

Ներսը մշո՜ւշ,
Դուրսը մշո՜ւշ,
Ի՜նչ աղոտ է փայլն ապակու…
Կատվի ձագը՝ կորած մի հուշ,
Մլավում է ձեղնահարկում։
Սերը գնա՜ց,
Սերը չկա,
Եվ հողմահար, և մարմրուն
Նրա ձայնը հնչում է դեռ
Մոռացության քարայրներում։ Continue reading “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ”

Զորավարին

andranikozanianԶենքերի զնգոց, հոգնած ձիերի խրխինջ ու դոփյուն-
Ոգեղեն լույսը հրավառել է գիշերը խավար,
Ռազմադաշտերի փոշին ոտքերիդ դու գալիս ես տուն
Եվ փառքի շունչ է բարձունքներն ի վեր, հովիտներն ի վար:

Եվ Առաքելոց որբացած վանքի զանգն է ղողանջում,
Եվ արևային խշշոց են հագնում անտառները մերկ,
Եվ անդունդներից ահա ելնում են հուժկու շառաչով
Մեր հին լեռների, մեր հպարտության արծիվները շեկ:

…Եկար, Զորավար: Արդյոք ուշացա՞ծ, թե ժամանակին,
Երկիրը դարձյալ նավ է՝ ալեկոծ հողմերին տրված,
Տառապյալ ազգը ահա կծկվել ցավ ու զրկանքից
Ու գաղթական է դառնում վերստին քամուց հալածված: Continue reading “Զորավարին”

Լ. Անանյան. «Մամյանը շարունակեց պահել Թումանյանի, Չարենցի, մեր մյուս մեծերի բացած հունը»

Շատ դժվար է անցյալ ժամանակով խոսել Իգնատ Մամյանի մասին, ընկերոջ մասին, գրողի մասին, հայրենասեր մարդու մասին:

Իգնատ Մամյանը իսկական տաղանդ էր, ով ուներ մի քանի շերտեր: Էդ տաղանդի յուրաքանչյուր առանձնահատկությունը կարող էր մի մարդ ապրել 60, 70, 80 տարի և համարեր, որ ապրել է լիակատար կյանքով:

Որպես բանաստեղծ Մամյանը թողեց շատ կարևոր, շատ մնայուն, մեր հայ քնարերգության էն ամենազուլալ, ամենավճիտ ակունքներից եկող մի ժառանգություն. երբեք չտրվեց գրական և ոչ գրական փորձարարություններին, երբեք չենթարկվեց էդ մոդեռնիստական փորձարկումներին և էն հունը շարունակեց պահել, ինչ-որ մեր դասական քնարերգության մեջ Թումանյանը, Չարենցը, մեր մյուս մեծերն են բացել: Continue reading “Լ. Անանյան. «Մամյանը շարունակեց պահել Թումանյանի, Չարենցի, մեր մյուս մեծերի բացած հունը»”